Փաշինյանը խաղաղության օրակարգ քարոզելով՝ Հայաստանը վերածում է ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի նոր թատերաբեմի

Փաշինյանը խաղաղության օրակարգ քարոզելով՝ Հայաստանը վերածում է ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի նոր թատերաբեմի

Որքա՜ն պետք է երկրի իշխանության ղեկին գտնվողը զուրկ լինի ինքնուրույնությունից ու թքած ունենա իր երկրի անվտանգության վրա, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը դեռ չլուծած, երկիրը ներքաշի ավելի մեծ ու անհամեմատ վտանգավոր՝ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության մեջ: Բայց նաեւ կեղծելու ի՜նչ ունակություն պետք է ունենաս, որ անվերջ խոսես խաղաղության օրակարգի մասին, իսկ երկիրը վերածես գերտերությունների միջեւ ընթացող պայքարի գործիքի:
Փաշինյանն ու իր իշխանությունը Եվրամիության դիտորդներ են բերում Հայաստան՝ հանրությանը խաբելով, թե դրանով կամրանա Հայաստանի անվտանգությունը, իբրեւ թե դիտորդները պետք է զսպող դեր կատարեն` թույլ չտալով Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ, մինչդեռ պարզ է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք պատերազմի նոր թատերաբեմի վերածելու համար:

Որեւէ մեկն այլեւս չի թաքցնում, որ գոյություն չունի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, որ այն վաղուց վերածվել է Ռուսաստան-Արեւմուտք պատերազմի, որն առայժմ ընթանում է Ուկրաինայի տարածքում, բայց կարող է մեծացնել աշխարհագրությունը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարեց, որ Արեւմուտքի պատերազմը Ռուսաստանի դեմ այլեւս չի կարելի համարել հիբրիդային, այն վերածվել է բացահայտ ռազմականի:

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն էլ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարեց. «Մենք պետք է միասնական լինենք, քանի որ մենք պատերազմում ենք Ռուսաստանի դեմ»: «Մենք» ասելով՝ նկատի ուներ արեւմտյան երկրներին: Եթե նույնիսկ այս պաշտոնական հայտարարություններն էլ չլինեին, պարզ է, որ Արեւմուտքն ամբողջովին ներգրավված է Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմական գործողություններում. Ուկրաինայի տարածքում կռվում են արեւմտյան երկրների հազարավոր քաղաքացիներ, ուկրաինական բանակի ռազմական մատակարարումները` զենք, զինամթերք, վառելիք եւ հանդերձանք, կատարվում են ՆԱՏՕ-ի երկրների կողմից, հազարավոր ուկրաինացի զինվորականներ ռազմական պատրաստություն են անցնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում, ուկրաինական բանակը հետախուզական տվյալներ է ստանում արեւմտյան երկրներից, դժվար է նույնիսկ ասել, թե առանց ՆԱՏՕ-ի օժանդակության ուկրաինական բանակը որքան կկարողանար ինքնուրույն կռվել:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ հաղթանակն ավելի մոտեցնելու համար անում է ամեն ինչ՝ Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում նորանոր երկրների ներգրավելու համար: Բայց աշխարհի բազմաթիվ երկրներ գերադասում են չեզոքություն պահպանել՝ հասկանալով, որ դա իրենց պատերազմը չէ, եւ չեն ուզում իրենց երկիրն ու երկրի անվտանգությունը զոհել այլոց աշխարհաքաղաքական շահերին եւ ամբիցիաներին: Թեկուզ նայեք մեր տարածաշրջանը: Մեր հարեւան Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենասերտ դաշնակիցն է, երկար տարիներ Վրաստանի բանակը զինվում եւ հանդերձավորվում է ՆԱՏՕ-ի զենքով եւ չափանիշներով: Մինչդեռ Վրաստանի իշխանություններն այնքան խելամիտ են, որ, չնայած ճնշումներին, կարողանում են չեզոքություն պահպանել եւ չդառնալ հակամարտության կողմ: Ուկրաինան պահանջում է, որ Վրաստանն իրեն տրամադրի ԲՈՒԿ հակաօդային պաշտպանության միջոցները, որոնք, ի դեպ, ժամանակին հենց Ուկրաինան է մատակարարել վրացական բանակին: Վրաստանի իշխանությունները մերժում են` պատճառաբանելով, որ իրենց ունեցած զենքն ու զինամթերքն ուկրաինական բանակին տալով, կթուլացնեն իրենց հակաօդային պաշտպանության համակարգը, բանակը՝ ընդհանրապես, բայց իրականում չեն ցանկանում ավելորդ անգամ գրգռել հարեւան Ռուսաստանին, որը գրավել է Վրաստանի տարածքի մի մասը եւ հեշտությամբ կգրավի մնացածը, եթե Վրաստանը պատեհ առիթ տա: Արեւմուտքն անընդմեջ մեղադրում է մեր մյուս հարեւան Իրանին` Ռուսաստանին «Շահեդ 136» տիպի անօդաչուներ մատակարարելու համար, իսկ Իրանը համառորեն հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ինքը չեզոքություն է պահպանում եւ կողմ է խնդրի դիվանագիտական կարգավորմանը: Սա՝ այն դեպքում, երբ Իրանն արդեն մի քանի տասնամյակ գտնվում է արեւմտյան դաժան պատժամիջոցների տակ եւ հանգիստ կարող էր ասել, որ Ռուսաստանին զենք վաճառելն իր սուվերեն իրավունքն է: Ադրբեջանը եւ Թուրքիան ընդհանրապես կլասիկ կոմպլեմենտարիզմ են խաղում. մի կողմից, հումանիտար եւ ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, մյուս կողմից, բազմամիլիարդանոց առեւտրային գործարքների մեջ են Ռուսաստանի հետ. օգնում են նավթ ու գազ վաճառել, արտարժույթ վաստակել միջազգային առեւտրի վրա, որը Ռուսաստանն օգտագործում է երկրում սոցիալական կայունություն ապահովելու եւ բանակի համար զենք ու զինամթերք արտադրելու համար: Իրենք էլ իրենց շահն ունեն այդ գործարքից՝ տասնյակ ու հարյուրավոր միլիոն դոլարների շահույթի տեսքով:

Հայաստանն ամենամեծ հնարավորությունն ուներ՝ չներքաշվելու Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ, ասելով, որ ՀԱՊԿ անդամակցությունը եւ ռուսական զորքերի առկայությունը Հայաստանում թույլ չեն տա իրեն որեւէ կերպ խառնվել այդ հակամարտությանը, ինչն անմիջական սպառնալիք կստեղծի Հայաստանի ինքնիշխանությանը եւ գոյությանը: Մինչդեռ Փաշինյանը, Արեւմուտքի հետ համաձայնեցված, Հայաստան է հրավիրում ԵՄ դիտորդների, այն էլ՝ երկարաժամկետ առաքելություն իրականացնելու համար: Հայաստանի իշխանությունների այս քայլն անմիջապես առաջացնում է դյուրագրգիռ դարձած Ռուսաստանի իշխանությունների հակազդեցությունը: Ռուսաստանի արտգործնախարարությունը բացահայտ սպառնում է ԵՄ դիտորդներին՝ բառացիորեն ասելով, որ ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների վարքին` հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը: Պետք է հաշվի առնել, որ ռուս սահմանապահներ տեղակայված են ոչ միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին, այլեւ հայ-ադրբեջանական, որտեղ էլ, ենթադրաբար, նրանք պետք է մոնիտորինգ իրականացնեն։ Այնպես որ՝ ռուս սահմանապահների եւ ԵՄ դիտորդների միջեւ բախում կարելի է «կազմակերպել» ցանկացած պահի, երբ դրա անհրաժեշտությունը լինի: 

Մի՞թե Փաշինյանը չի հասկանում, թե ինչ արկածախնդրության մեջ է ներքաշում Հայաստանը, որ հնարավոր չէ՝ մի երկրում միաժամանակ լինեն իրար դեմ պատերազմող երկու հակադիր կողմերի ներկայացուցիչներ: Ճիշտ է` ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, բայց Ռուսաստանի ԱԳ նախարարությունն իր հայտարարության մեջ նշում է, որ իրենք եվրոպացի դիտորդական առաքելությունն այնքան էլ քաղաքացիական չեն համարում՝ նկատի ունենալով, որ առաքելությունը «ձեւավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակներում, դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Իհարկե, հասկանում է, բայց ինքը վաղուց որեւէ պատասխանատվություն չունի Հայաստանի եւ նրա քաղաքացիների ճակատագրի համար, իրեն հետաքրքրում է բացառապես իր եւ իր իշխանության ճակատագիրը: Զրկված լինելով ներքին որեւէ հենարանից՝ Փաշինյանը գիտի, որ իր իշխանության միակ հուսալի հենարանը եղել եւ շարունակում է մնալ արտաքին աջակցությունը, եւ այդ հենարանը չկորցնելու համար ինքը պարտավոր է կատարել ցանկացած հրահանգ, հույս ունենալով, որ երբ այլեւս Հայաստանի տարածքը կվերածվի Արեւմուտք-Ռուսաստան պատերազմի հերթական թատերաբեմի, ինչպիսին ներկայում Ուկրաինան է, առնվազն իր անձնական անվտանգությունն ապահովված կլինի:

Ավետիս Բաբաջանյան