«Հրապարակ». Ովքեր են փոխարինել հին ու փորձառու դատավորներին
Դատական համակարգում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ձեռամբ «սերնդափոխություն» է սկսվել, որը շատ դժվար է բարեփոխում անվանելը։ ԲԴԽ-ն մի կողմից ազատվում է բազմավաստակ եւ մասնագիտական ուղի անցած, գրագետ դատավորներից, մյուս կողմից դատական համակարգը համալրում է երիտասարդ, բավարար մասնագիտական կրթություն չստացած կասկածելի կադրերով։ Վերջերս ԲԴԽ-ն դադարեցրեց վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները։ Փոխարենը նույն ԲԴԽ-ն 14 երիտասարդ դատավորով համալրում է վարչական դատարանը։
Այս 14 հոգու տարիքը 1987-1996 թվականների միջակայքում է, այսինքն` 30-35 տարեկաններ են, նրանցից մի քանիսն ունեն իրավաբանի բազային կրթություն, այսինքն՝ ավարտել են իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան, մեծ մասը բազային այլ կրթություն ունի՝ միջազգայնագետ, մանկավարժ, պատմաբան եւ այլն, իրավաբանի որակավորում ստացել են որպես երկրորդ մասնագիտություն` մասնավոր բուհերում. Հյուսիսային համալսարան, Մաշտոցի անվան համալսարան, Մենեջմենթի համալսարան, Կառավարման ակադեմիա՝ 1-2 տարի ուսումնառությունից հետո։
Ինչ վերաբերում է աշխատանքային գործունեությանը, ապա այն ավելի աղքատիկ է։ Թեկնածուների մի մասն աշխատել է որպես դատավորի օգնական, 2-3 հոգի փաստաբանական գործունեություն են ծավալել, համենայնդեպս, ունեցել են արտոնագիր, կամ մասնավոր կազմակերպությունում իրավական խորհրդատու, մեկ հոգի աշխատել է վարչապետի աշխատակազմում, մեկ հոգի՝ ԲԴԽ աշխատակազմում եւ այլն։
Այժմ անդրադառնանք համակարգից հեռացված երկու դատավորներից մեկի` Սուրեն Անտոնյանի կենսագրությանը։ Անտոնյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 1994-ին` աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության գործառնությունների եւ փաստաթղթերի տեսչության բաժնում՝ որպես մասնագետ, ապա՝ բաժնի պետ, 1995-1996 թթ․ աշխատել է ԿԲ իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման եւ մեթոդաբանության բաժնի պետ:
1996-ին՝ ԿԲ-ի վերահսկողության, կարգավորման եւ արտոնագրման վարչության բանկային մեթոդաբանության բաժնում՝ որպես մասնագետ-իրավաբան: 1996-1997 թթ. աշխատել է արդարադատության նախարարության օրենսդրության վարչության գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման բաժնի պետ, 1997- 1998 թթ.` նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ: 1998-1999 թթ.՝ նախարարության կադրերի եւ հատուկ աշխատանքների վարչության պետ: 1999-2004 թթ․` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր: 2004-ին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: 2008-2009 թթ․ եղել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ, 2009-ի հունվարի 15-ից՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ փորձառու դատավորներին փոխարինելու են հիմնականում թերի կրթություն ստացած, աշխատանքային չնչին փորձ ունեցող կադրեր, ինչը քիչ թե շատ կայացած դատական համակարգը կազմաքանդելու վտանգ ունի։
Կարծիքներ