ՄԻՊ-ը Հանրապետական հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ կուզի

ՄԻՊ-ը Հանրապետական հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ կուզի

Երեկ Հանրապետական հիվանդանոցում կատարված դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գերատեսչություններից պարզաբանումներ է ուզելու։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Թաթոյանը։

Հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք, որ Գավառում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Հանրապետական հիվանդանոցում հոսպիտալացված 2 քաղաքացիների նկատմամբ նորատուսցիները կրկին փորձել են հաշվեհարդար տեսնել։ Հիվանդանոցի մեր աղբյուրն ասաց, որ ցերեկվա ժամերին է տեղի ունեցել դեպքը, փորձել են մտնել հիվանդանոցի հետնամուտքից և բարձրանալ վերակենդանացման բաժին, հարձակվել են բժիշկներից մեկի վրա, սակայն ոստիկանությունը կանխել է հարձակումը․

«Մենք հիվանդանոց չենք գնացել, մամուլից ենք տեղեկացել, երբ մամուլից տեղեկացանք, դա արդեն ավարտվել էր։ Մենք հիվանդանոց չենք կապվել, մենք հիմա նոր աշխատում ենք, ոստիկանությունից ունենք այդ հերքումը, մնացածը ընթացքի մեջ է, մենք հիմա գրավոր  փաստաթղթեր ենք պատրաստում, Գավառի դեպքերի հետ կապված բազմաթիվ գործողություններ ենք արել, պետք է տարբեր տեղերից գրավոր պարզաբանումներ ուզենք՝ այդ թվում նաև այդ հարցի հետ կապված։ Այսինքն՝ խնդիրն արձանագրվել է, այժմ մենք սահմանված կարգով բոլոր հարցերի վերաբերյալ, այդ թվում այդ հարցի վերաբերյալ գրավոր պարզաբանումներ և տեղեկություններ պետք է ուզենք»,- ասաց Թաթոյանը։

Հիշեցնենք, որ մենք երեկ այցելել էինք հիվանդանոց, որտեղ ամեն քայլափոխի 4-5 ոստիկան կար, այդ թվում՝ քրեական ոստիկանության աշխատակիցներ, նրանք հաստատեցին, որ Գավառում տուժածները հենց Հանրապետական հիվանդանոցում են բուժում ստանում, հաստատեցին նաև, որ տարածքում քրեական ոստիկանության աշխատողներ կան, սակայն ամեն կերպ փորձում էին հերքել, որ նման միջադեպ է տեղի ունեցել։ Հետագայում ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի վերաբերյալ իրենք ահազանգ չեն ստացել։