Փողը պահեք բյուջեում՝ մեզ աշխատանք տվեք

Փողը պահեք բյուջեում՝ մեզ աշխատանք տվեք

Այս անիծյալ կորոնավիրուսը խփում է հասարակության անպաշտպան խավի գրպանին: Պետությունը փորձում է աջակցություն ցուցաբերել՝ տարատեսակ աջակցման ծրագրերով, բայց, ինչպես միշտ, ինչ-որ բան այն չէ: Համոզված եմ, որ ազգաբնակչության մեծ մասը հիասթափվել է այդ ծրագրերից: Նախ այն պատճառով, որ ծրագրային մշակումները թերի են, պահանջները՝ առավելագույնս հարմարեցված այն չափորոշիչներին, որ հնարավորինս քիչ շահառու ներգրավեն, եւ վերջապես՝ գումարային աջակցությունը քիչ է: Իսկ եթե այս ամենին հավելենք «Գազպրոմի» եւ ՀԷՑ-ի բացահայտ հակահայ եւ թալանչի դիրքորոշումը …Մի խոսքով, մեր քաղաքացիները հայտնվել են սոցիալական ծանր վիճակում:

Չկա աշխատանք, իսկ պետական աջակցությունը հազիվ է բավարարում կոմունալ վճարների համար: Ի՞նչ անել: Սպասե՞լ․ այն հույսով, որ համաճարակը կանցնի, եւ բնականոն կյանքը կվերադառնա: Բայց հարկավոր էլ չէ տնտեսական գիտելիքներ ունենալ, որպեսզի հասկանալ այն, ինչը պարզից էլ պարզ է՝ մասնավոր հատվածը տուժել է, եւ ամիսներ են անհրաժեշտ, որպեսզի մանր եւ միջին բիզնեսն ուշքի գա: Իսկ շարքային քաղաքացին ոչ թե ամիսների, այլ օրվա հաշվարկով է ապրում: Հանապազօրյա հացի հարցն ավելի քան արդիական է դարձել մեր օրերում:
Բնակչության մի ստվար մասը հայտնվել է իրապես շատ դժվար իրավիճակում, մանավանդ նրանք, ովքեր, այսպես կոչված, չգրանցված եւ օրավարձով աշխատողներ են: Ինձ չի զարմացնում, ինձ զայրացնում է պետական կառավարման համակարգի չինովնիկների փարիսեցիությունը: Գերզարգացած ուղեղ եւ վերլուծական մտավոր հատուկ կարողություններ անհրաժեշտ չեն հասկանալու համար, որ.

- նախքան համաճարակն էլ ՀՀ-ում գործատու-աշխատող հարաբերությունները գտնվում էին ամենացածր մակարդակում՝ շատ թերի իրավական պարտավորություններով եւ կարգավորումներով
- գործատուների մեծ մասը իրավական պայմանագրերը կնքում է հարկային պարտավորությունները նվազագույնին հասցնելու համար, աշխատակիցների շահերի կոպիտ ոտնահարմամբ, վարձատրության չափի 2-3 անգամ միտումնավոր նվազ արձանագրմամբ
- ՀՀ-ում իբրեւ թե գործող արհմիությունները կատարել են ձեւական բնույթի գործառույթներ: Միություններում գրանցված սակավաթիվ աշխատակիցների շահերը չեն պաշտպանվել
- սոցապնախարարությունը եւ տարաբնույթ բիզնես ոլորտի գործառույթները կարգավորող նախարարությունները թերացել են իրենց աշխատանքներում, չեն կառավարել ռիսկերը, չեն կարգավորել ոլորտը:

Պատկան պետական մարմիններն այս ամենի մասին լավ տեղեկացված լինելով՝ ոչինչ չեն արել եւ չեն անում իրավիճակը շտկելու համար: Չեն արել համաճարակից առաջ, հետո էլ հազիվ թե անեն այնքան արագ, որ կարճ ժամանակում կայուն համակարգ ձեւավորվի:
Ու այսքանից հետո, այս աշխատանքային պայմաններն ունենալով՝ կարանտինային վիճակ է հայտարարվում, որի արդյունքում շեշտակիորեն աճում է գործազուրկների թիվը: Ավելին՝ ով նախքան կարանտինն աղքատ էր, դարձավ չքավոր, ով չքավոր էր… մաղվեց գնաց:
Իսկ պատմությունը մեզ հիշեցնում է, որ դժվար ժամանակներ միշտ էլ եղել են, որոնք պայմանավորված են եղել պատերազմներով, սովով, բնական աղետներով եւ համաճարակներով: Տուժել են թե՛ զարգացած եւ թե՛ նոր ոտքի կանգնող պետությունները: Բայց այդ նույն պատմությունը փաստում է նաեւ, որ այդ դժվար ժամանակաշրջանում պետությունները ստեղծել են աշխատատեղեր՝ պետական աշխատատեղեր: Բնակչությանն ապահովել են կանոնավոր աշխատանքով, թեկուզեւ ցածր վարձատրությամբ ու վատ պայմաններում, բայց կանոնավոր աշխատանքով:

Այնպես որ, վերեւներում նստած տիկնայք եւ պարոնայք, իջեք ցած, թափ տվեք ձեր ոտքերի ամպի փաթիլները, զոռ տվեք ձեր ուղեղի բջիջներին եւ հասկացեք, որ միայն անհատ ձեռներեցների, մանր կամ խոշոր բիզնեսի գործունեության վրա հույս դնելը ճիշտ չէ: Մի կողմից հորդորում եք մնալ տանը, մյուս կողմից հանում եք աշխատանքային սահմանափակումները, հաջորդ պահին՝ տուգանում, հետո՝ հորդորում աշխատել տնից, հիշեցնում, որ եռօրյա ժամկետում անհրաժեշտ է վճարել կոմունալները: Լավ, էլի, դուք ծիծաղելի եք, լրջացեք վերջապես, հո այնպես իզուր տեղը չե՞ք պարգեւավճարներ ստանում:

Հիմնեք վերջապես պետական հիմնարկ-ձեռնարկություններ՝ ամբողջությամբ պետական պատկանելության, գոնե յուրաքանչյուր մարզում՝ մեկ հատ: Ստեղծեք նոր աշխատատեղեր՝ կատարված աշխատանքի դիմաց արժանապատիվ վարձատրությամբ: Դուք ստեղծեք, մենք էլ աշխատենք, իրավապահ համակարգն էլ կվերահսկի, որ չարաշահումներ չլինեն ղեկավարության կողմից, արհմիություններն էլ կհսկեն, որ թերացումներ չլինեն աշխատակիցների կողմից: Մի՞թե հնարավոր չէ: Մասնավոր հատվածի նմանատիպ գործունեություն ծավալող տնտեսվարողն էլ ստիպված կլինի իր արտադրանքի որակն ապահովել եւ նորմալ վարձատրել իր աշխատակցին, որպեսզի մրցունակ լինի ոլորտում: Մրցակցությունը կլինի առողջ, վարձատրությունը՝ բարձր, որակը՝ լավ: Կշահեն բոլոր:

Թե չէ նստել եք վերեւներում, պետական բյուջեից մեզ երկու կոպեկ եք տալիս, այն էլ՝ ուշացումով, ու մտածում եք, թե մեծ բան արեցիք: Փողը պահեք բյուջեում, մեզ աշխատանք տվեք՝ աշխատանք: Մենք աշխատող մարդիկ ենք:

Կարեն ՄԵԼՅԱՆ