Պետք է հասարակական ճնշմամբ՝ Փաշինյանին հրաժարականի վերջնագիր ներկայացնել

Պետք է հասարակական ճնշմամբ՝ Փաշինյանին հրաժարականի վերջնագիր ներկայացնել

«Հրապարակի» զրուցակիցն է ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր եւ հրատարակիչ, գրող Հարութ Սասունյանը:

- Պարոն Սասունյան, Ձեր կարծիքը Հայաստանի իշխանության վարած քաղաքականության, այս օրերին Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպիսի՞ն է:

- Այս իշխանություններն ամեն ինչ անում են հայի եւ Հայաստանի շահերի դեմ: Նրանք ապազգային դիրքորոշում ունեն: Ամեն օր կորցնում ենք հայրենիքից մի մաս: Մաս առ մաս տալիս է մեր հողերը թշնամուն եւ անում է ամենատարօրինակ ու անիմաստ հայտարարություններ: Եթե այսպես շարունակվի, մենք շուտով հայրենիքը կկորցնենք:
 
- Ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից դուրս գալու:
 
- Կա լավ լուր եւ վատ լուր. լավ այն է, որ Փաշինյանի վարկանիշը ընկել է ութսունից հասել է ութի: Վատ լուրն այն է, որ Փաշինյանի ընդդիմությունը անջատ-անջատ է գործում, եւ յուրաքանչյուրն ունեն մեկ տոկոս վարկանիշ: Եթե այդ մեկ տոկոսները չմիանան, իրենք երբեք հաջողության չեն հասնելու: Եթե միանան, կդառնան 30 տոկոս՝ շատ ավելի, քան Փաշինյանի վարկանիշն է: Բոլորը գործեն միասնաբար, ոչ թե անջատ-անջատ, կոչ հղեն ժողովրդին, որ այս ինչ օրը այս ինչ ժամին լինեն հրապարակում՝ ոչ թե բողոքելու կամ ցույց անելու, այլ՝ կոնկրետ քայլեր անելու. Փաշինյանից պահանջեն աթոռից դուրս գա եւ գնա տուն: Եթե ոչ, ժողովուրդը պետք է մտնի վարչապետի գրասնյակը եւ իրեն դուրս են շպրտի այնտեղից, որովհետեւ այս մարդը չի ուզում հրաժարվել: Նա մնալու է իր աթոռին, մինչեւ ամեն ինչ կործանվի: Իմ կոչը՝ բոլորը միանան, որ ավելի մեծ միավոր դառնան, ոչ թե մեկ տոկոսներով անջատ-անջատ գործեն: Ուրիշ ձեւ չկա: Ես հիշում եմ մի բան. մի տարի առաջ մոտ հինգ հազար հոգի մարդ կար ցուցարար: Լրագրողը Փաշինյանին հիշեցրեց, որ 2018-ին խոստանում էր, որ եթե մարդիկ դուրս գան իր հրաժարականը պահանջեն, ինքը հրաժարական կտա: Փաշինյանն ասաց՝ այդ մարդիկ ժողովուրդ չեն: Նա միայն իր կողմնակիցներին է համարում ժողովուրդ:
 
- Դուք ասացիք, որ ընդդիմությունն անջատ- անջատ է գործում: Դուք տեսնու՞մ եք անվճռականություն ընդդիմության շարքերում: Օրինակ՝ այս օրերին, Տավուշի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին, նախկին նախագահների ռեսուրսները չեն հանվում, նրանք կարող են մեծ մասսաներ հանել փողոց, բայց ոչինչ չեն ձեռնարկում:
 
- Այո, վերջին տարիներին այդպես է, բայց շատ լավ է, որ այս օրերին ժողովուրդն է զարթնում, պետք է մեծ քանակությամբ ժողովուրդ լինի, որը տեր կանգնի երկրին: Փաշինյանը խորամանկ է, կարողանում է սուտ խոստումներով սիրաշահել ժողովրդին: Ժողովուրդը հավատացել է նրան: Շարժիչ ուժը պետք է լինի ժողովուրդը:
 
- Հավատու՞մ եք, որ նա կամովին կհեռանա իշխանությնունից:
 
- Փաշինյանը կամովին երբեք չի հեռանա: Եթե շատ լինի ժողովուրդը, ոստիկանները չեն կարող կասեցնել շարժումը: Մեծ մասսան կարող է վերջնագիր ներկայացնել, որ կմտնի կառավարության շենք:
 
- Փաշինյանն ասում էր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Ասել է թե՝ Հայաստան չի լինի: Նա կգնա՞ Ալիեւի հետ պայմանավորված ռազմական էսկալացիայի՝ իշխանությունը պահելու համար:
 
- Փաշինյանը միշտ վախեցնում է պատերազմով: Նա ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեծ աջակցությունը: Ապրիլի 24-ին, երբ Վաշինգտոնում հայերը թուրքական դեսպանատան առաջ ցույց էին անում, թուրքերը ցույց էին անում՝ ի ջակացություն եւ սատարում Փաշինյանին, գոռում էին՝ Փաշինյա՜ն, Փաշինյա՜ն: Էրդողանը եւ Ալիեւն են թելադրում Փաշինյանն: Հայատանը ներսից չի ղեկավարվում, այլ՝ Բաքվից եւ Թուրքիայից:
 
- Սփյուռքը կարո՞ղ է ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:
 
- Փաշինյանի ընդդիմությունը պետք է լինի հենց Հայաստանում: Սփյուռքի հայերը, որոնցից շատերը շատ ազգայնական ու հայրենասեր են, շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Սահմանադրությամբ նրանց հնարավորությունները սահմանափակ են: Նրանք կարող են միայն հանդես գալ կոչով, հայտարարությամբ, որ դեմ են Փաշինյանի քաղաքականաությանը, որ նոր ու ազգային իշխանություն է պետք: Բուն շարժումը, ընդդիմությունը պետք է լինի Հայաստանի հողի վրա: Մյուս տարբեր հարցերում, գիտեք, որ սփյուռքը միշտ Հայաստանի կողքին է: