Պոպուլիստը պոպուլիստից նեղացավ, Աստված տեսավ՝ զարմացավ

Պոպուլիստը պոպուլիստից նեղացավ, Աստված տեսավ՝ զարմացավ

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նեղացել է արմատական ընդդիմադիր Էդմոն Մարուքյանից: Պատճառը «թույն» ընդդիմադիր գործչի, այսպես ասած՝ պոպուլիստական հայտարարությունն է, որով վերջինս փորձ էր արել «փոփ»-ին, այն է՝ ժողովրդին, իրենով անել: Էդմոն Մարուքյանը, ոչ դես, ոչ դեն, առաջարկել էր կրկնապատկել թոշակառուների թոշակն ու ավելացնել սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող գումարները՝ այդպիսի ամեն ընտանիքի բաժանելով 100 հազարական դրամ: Ավելին, Մարուքյանը նաեւ ասել էր, որ փողը կա, դա ժողովրդի փողն է, եւ պետությունը պարտավոր է այս ծանր պահին վերադարձնել ժողովրդին:

Ես մի քիչ կասկածում եմ, որ մի քանի իրավաբանական գիրք կարդացած Էդմոն Մարուքյանը հասցրել է հաշվել այն գումարները, որոնց մասին այդպես ջոմարդ-ջոմարդ խոսում է, բայց, ամեն դեպքում, հայտարարությունն ուշադրության էր արժանի, եւ «Իմ քայլում» այն իսկապես նկատեցին: Այո, Էդմոն Մարուքյանն իշխանությունների սրբության սրբոց մենաշնորհին մարտահրավեր էր նետել եւ պոպուլիզմի դաշտը կիսելու հավակնություն դրսեւորել: Սա նույնն էր, թե Լֆիկին մեկն ասեր՝ մի քիչ դենը, ես էլ շաքար ներմուծեմ:

«Իմ քայլում», կարելի է ասել, պայթեցին զայրույթից: Նկատենք, որ Էդմոն Մարուքյանի հայտարարության մեջ ռեալիզմը բավականին շոշափելի էր, ինչը չես ասի պոպուլիզմի արքա Նիկոլ Փաշինյանի ու նրա հարազատ «Իմ քայլի» հայտարարությունների մասին: Այսպես՝ եթե Մարուքյանի հայտարարության համաձայն, փողի տեղը հայտնի է, եւ այն տնօրինում է պետությունը, ապա ըստ Փաշինյանի բազմաթիվ նմանատիպ հայտարարությունների՝ ժողովրդին վերադարձվելիք փողն ինչ-որ տեղում է, եւ այն տնօրինում են ինչ-որ մարդիկ, որոնց դեռ պետք է հայտնաբերել: Իսկ ժողովրդական առածն ի՞նչ է ասում՝ լավ է փետրահան հավը ձեռքումդ, քան յուղոտ սագը՝ երկնքում: Ասել կուզե՝ Էդմոն Մարուքյանի նշած գումարները, որ պետության ձեռքում են, ավելի ռեալ են, քան Փաշինյանի խոստացած փողերը, որոնք, եթե խլվում էլ են հարուստներից, ապա հանգրվանում են Աստված գիտի որտեղ:

Այս համեմատության մեջ, հասկանալի է, Էդմոն Մարուքյանի վարկանիշը կտրուկ աճում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին, բայց դրանից, պետք է ասել, ժողովրդի բերանը չի կարող քաղցրանալ, որովհետեւ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը եւս պոպուլիստական է, իսկ պոպուլիզմը մի ինքնաբավ երեւույթ է, որ բաղկացած է գեղեցիկ ֆրազներից, որոնք երբեք իրականանալ չեն կարող իրականությունից կտրվածության պատճառով: Այսինքն՝ երբ պոպուլիստները, Էդմոն Մարուքյանը կլինի թե Նիկոլ Փաշինյանը, խոսում են փողն ինչ-որ տեղից վերցնելու եւ ժողովրդին բաժանելու մասին, շղթան հենց այդտեղ էլ փակվում է: Մնացածը կախված է ժողովրդի համբերությունից եւ երազելու ունակությունից:

Եվ, ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, երբ Էդմոն Մարուքյանը հաջողակ պոպուլիստի հայտ ներկայացրեց՝ հավակնելով Փաշինյանի դափնեպսակին: «Իմ քայլի» պատասխանը չուշացավ՝ առավոտ կանուխ Նիկոլը լայվ մտավ կոմունալները վճարելու պահանջով, իսկ կեսօրին մոտ՝ Ալենը լրագրողներին հավաքեց գլխին եւ առանց ավելորդ ձեւականությունների հայտարարեց, որ Էդմոն Մարուքյանը պոպուլիստ է եւ չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր փողը վերադարձնել ժողովրդին: Այդկերպ Նիկոլն ու Ալենը, փաստորեն, ուզում էին ասել, որ պետության մոտ փող չկա, որ պահուստներին չի կարելի դիպչել եւ այլն, եւ այլն: Անկրկնելի էր մանավանդ Փաշինյանը: Նա պատրաստ էր ասֆալտին փռել բոլորին, ովքեր էլեկտրականության ու գազի համար չէին վճարել՝ սխալմամբ կարծելով, որ անջատումներ չեն լինելու: «Երկիրը կկորչի խավարի մեջ, կմնանք առանց գազի»,- ահ էր տալիս Փաշինյանը, որ ավելի վաղ անձամբ էր պոպուլիստորեն հայտարարել անջատումներ թույլ չտալու մասին:

Առաջին տպավորությունս այն էր, որ Փաշինյանն իջել է երկիր եւ խոսում է որպես վարչապետ, համոզում մարդկանց՝ որ մենք հոսանք ու գազ ունենք, որովհետեւ վճարում ենք դրանց համար: Նրա ռեալիզմն այդ պահին ուղղակի սպանում էր: Բայց հետո նա, իր սովորության համաձայն, անցավ թվային մանիպուլյացիաների ու ամեն ինչ փչացրեց: Նա հայտարարեց, որ արտակարգ իրավիճակի պայմաններում էլեկտրաէներգիայի ավելի քան 700 հազար եւ գազի ավելի քան 600 հազար բաժանորդների կեսին աջակցություն է ցուցաբերվել, ինչը, մեղմ ասած, հավատալու չէր: Եվ, որպեսզի լայվին հետեւողները չսկսեին ավելորդ հաշվարկներ անել, Փաշինյանն անցավ կորոնավիրուսի թեմային՝ մարդկանց վերադարձնելով անորոշություն: Այսուհանդերձ պետք է ասել, որ պոպուլիստ Փաշինյանի լայվի «ռեալիստական» մասը նորահայտ պոպուլիստ Էդմոն Մարուքյանի հայտարարության պատասխանն էր, որ հանրությանը, ասես, սթափեցրեց եւ մոռացնել տվեց ընդդիմադիր գործչի «բացահայտումները» հարուստ, բայց ժողովրդի մասին չմտածող պետության մասին:

Եվ երկու բառ այն մասին, թե ինչն է այս ամենի մեջ զարմանալին: Մինչ այժմ մենք չգիտեինք, թե ինչ կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ պոպուլիստները միմյանց պոպուլիստ անվանեն: Այսօր մենք գիտենք այդ հարցի պատասխանը: Ես այսպես կձեւակերպեի՝ դուք երկուստեք ճիշտ եք, պարոնայք, եւ քանի դեռ ձեր տրամադրության տակ են կառավարությունն ու խորհրդարանը, իսկ փողը, որի շուրջ «բազար» եք անում, ձեր քանդած տնտեսության պայմաններում պարզապես գոյություն չունի, երբեք չի հասնելու ժողովրդին: