Բոլորը ստորագրեցին, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից․ իսկ գիտե՞ք՝ ինչու չստորագրեց

 Բոլորը ստորագրեցին, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից․ իսկ գիտե՞ք՝ ինչու չստորագրեց

«Փաշինյանի պատկերացման մեջ միջազգային իրավունքի սուբյեկտ անկախ պետություն նշանակում է, որ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29800քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86600 քառակուսի կմ  և այլն։ Նման արտահայտությունը տարրական գիտելիքների բացակայության մասին է խոսում: Փաշինյանը ճիշտ չէ, երբ ասում է , որ դեռ 1991 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի Ադրբեջանի հետ այն պարզ պատճառով, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ հռչակագիրը ստորագրվում էր, դրան նախորդել էր մեկ այլ՝ իրավաբանական ավելի բարձր արժեք ունեցող փաստաթուղթ, որը պետք է վավերացվեր ԱՊՀ անդամ պետությունների կողմից, որոնք ստորագրել էին 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ԱՊՀ-ին կից  արձանագրությունը, որով խորհրդային նախկին 8 հանրապետությունները միանում էին Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրին»։ Այս մասին քիչ առաջ «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Հանդիպումը, նշենք, կազմակերպել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Երբ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը ստորագրեց այդ հռչակագիրը և արձանագրությունը, նախորդ օրը Ադրբեջանի Մեջլիսը իրեն արգելել էր մտնել ԱՊՀ կազմ, լիազորել էր  բանակցել Ադրբեջանի տարածքից խորհրդային զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Մութալիբովի ստորագրածը իրավաբանական ուժ չստացավ, քանի որ արձանագրությունը չի վավերացվել մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը: 1991 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը Ադրբեջանը չի եղել ԱՊՀ անդամ, հետևաբար ինչ հռչակագիր էլ այնտեղ ստորագրված լինի, չէր վերաբերվի Ադրբեջանին, ուստի Հայաստանը չէր կարող այն ժամանակ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Սահմանների ճանաչումը տեղի է ունեցել 1993 թվականի հունվարին, երբ ԱՊՀ կանոնադրությունն է ընդունվել, որի հետ կրկին Ադրբեջանը կապ չունի: 1994 թվականի ապրիլի 15-ին, երբ ԱՊՀ պետությունները ընդունեցին հռչակագիր տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ, բոլորը ստորագրեցին, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից , որը չստորագրեց։ Իսկ գիտե՞ք՝ ինչու չստորագրեց։ Չստորագրեց, քանի որ այն արգելում էր 1990 թվականի Անկախության հռչակագիրը և ԳԽ 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը»,- հավելեց նա։