Եվգենի Մագդան՝ ուկրաինական պատերազմի, Մայիսի 9-ի խորհրդի և Մոսկվա մեկնած ԱՊՀ ղեկավարների մասին

Եվգենի Մագդան՝ ուկրաինական պատերազմի, Մայիսի 9-ի խորհրդի և Մոսկվա մեկնած ԱՊՀ ղեկավարների մասին

Վերջին օրերին ռուս-ուկրաինական պատերազմն ուղեկցվեց մի քանի ուշագրավ իրադարձություններով։ Ռուսաստանում հայտարարեցին, թե Կիևը մահափորձ է կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ ԱԹՍ-ով հարձակվելով նրա նստավայրի՝ Կրեմլի վրա։ Ուկրաինայում (և ոչ միայն) հերքեցին այդ վարկածը, եղան նաև պնդումներ, թե Մոսկվան ծրագրել էր նույնպիսի հարձակում իրականացնել Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն Ռադայի վրա։ Այնուհետ ռուսական զորքերն աննախադեպ ինտենսիվությամբ գրոհեցին Կիևի վրա։ Միաժամանակ շարունակվում են թեժ ու անզիջում մարտերը Բախմուտում։

Այս և այլ թեմաների շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդայի հետ։ 

- Կրեմլում պնդում են, թե Ուկրաինան մահափորձ է կատարել ՌԴ նախագահի վրա՝ վկայակոչելով Կրեմլի վրա ԱԹՍ-ի միջոցով հարձակումը։ Մամուլում տեղեկություններ կան, որ դա Մոսկվայի բեմադրած տեսարանն է, ավելին՝ վարկած կա, թե Ռուսաստանը ծրագրել էր նման գործողություն իրականացնել Գերագույն Ռադայի շենքի վրա։ Ո՞րն է ձեր տեսակետն այս ամենի առնչությամբ և ի՞նչ մարտավարական խնդիր է դրել այս փուլում ՌԴ-ն իր առջև։

Ե․Մ․ - Միայն շատ միամիտ մարդն է հավատում, որ Պուտինին կարելի էր այդկերպ սպանել։ Նա պատկանում է լավ պաշտպանված անձանց կատեգորիային, և դա միանգամայն ակնհայտ է։ 

Կարծում եմ, որ Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը երկու իրատեսական բացատրություն ունի. Առաջինը մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անօդաչու թռչող սարքի հնարավոր հարձակման դեմ ռուս հասարակությանը տեղեկատվական պատվաստում անելու ցանկությունն էր։ Երկրորդը Պուտինին հնարավորինս խորը բունկեր քշելու ցանկությունն էր։

- Օրերս Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարեց, թե ռուսները պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային օդային հարձակումն են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Այդ դեպքում, ինչու՞ է ուշանում Կիևի՝ այդքան քննարկվող հակահարձակումը։

Ե․Մ․ - Ռուս-ուկրաինական պատերազմը 21-րդ դարի ամենամեծ ռազմական հակամարտությունն է, զարմանալի չէ, որ այն մեծ ուշադրություն է գրավում: Ուկրաինական ուժերի հակահարվածի ու հակահարձակման մասին շատ երկար ժամանակ է խոսվում, սա շատերի համար անսովոր իրավիճակ է, անհրաժեշտ է դա խոստովանել։

Բայց Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման քննարկումը նաև խուճապի տրամադրություններ է հարուցում ռուս հասարակության մեջ, եւ գոնե այդ պատճառով իմաստ ունի: 

Հասկանալի է, որ ուկրաինական հասարակության մեջ կա բավականին հստակ տեղեկացվածություն, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից զավթված Ղրիմի տարածքային ամբողջականության վերականգնումը նախապայման է Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի համար: Պարտադիր պայման, բայց ոչ միակը:

- Բախմուտում թեժ մարտերը շարունակվում են․ կողմերից ոչ մեկը մտադիր չէ զիջել դիրքերը։ «Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության հիմնադիր, ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ով իր զինյալներով ձգտում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքի նկատմամբ, պարբերաբար քննադատում է ՌԴ ղեկարությանը և անընդհատ բողոքում զինամթերքի պակասից։ Ըստ ձեզ, ինչպիսի՞ն է հիմա ուժերի հարաբերակցությունը Բախմուտում։

Ե․Մ․ - Բախմուտում թեժ մարտերը շարունակվում են, ես բացառիկ տեղեկություն չունեմ։ Մի բան կասեմ՝ ավելի քան վեց ամիս է, ինչ ռուս զինվորականները և «Վագներ» մասնավոր ռազմաքրեական կազմակերպությունը գրոհում են քաղաքը, որտեղ մինչև լայնածավալ ներխուժումը մոտ 20 հազար բնակիչ էր ապրում։ 
Ռուսաստանն արդեն դադարել է խոսել Ուկրաինայի «ապառազմականացման» ու «ապազգայնացման» մասին, նրանք փորձում են «իրատեսական նպատակ» դնել՝ գրավել ողջ Դոնեցկի շրջանը։ 

Ինչ վերաբերում է Պրիգոժինին, ապա նա փորձում է միաժամանակ խաղալ մարշալ Ժուկովին և կոլումբիացի նարկոբարոնին, միայն թե դա վատ է ստացվում նրա մոտ։ Նրա բարձրացումը նոմենկլատուրայի շարքերով վկայում է Ռուսաստանում պետական իշխանության թուլության մասին, որը հենվում է նախկին հանցագործի մասնավոր բանակի վրա, որը հիմնականում կազմված է բանտարկյալներից։ 
Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունը պատժիչ գումարտակային պետություն է, ինչն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում ողջ աշխարհի համար։

- Զելենսկու հրամանով՝ Ուկրաինայում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր սահմանվեց ոչ թե Մայիսի 9-ը, այլ Մայիսի 8-ը, փոխարենը՝ Մայիսի 9-ը հռչակվեց և նշվեց իբրև Եվրոպայի օր։ Ուկրաինայում ինչպե՞ս ընդունեցին այդ որոշումը, չէ՞ որ խոսքը միայն ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հետ ասոցացվող տոնի մասին չէ միայն, այլև մի ամբողջ պատմական իրողության։

Ե․Մ․ - Ինչպես գիտեք, Իոսիֆ Ստալինը մտահղացավ նացիզմի դեմ հաղթանակի օրը նշել արևմտյան դաշնակիցներից առանձին, բայց ընդհանուր առմամբ Խորհրդային Միությունում Մայիսի 9-ը սկսեցին լայնամասշտաբ տոնել Հաղթանակի 20-ամյակից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի շատ վետերաններ մահացել էին իրենց վերքերից և վնասվածքներից: Այսօրվա Ռուսաստանի համար Մայիսի 9-ը քաղաքական օրացույցի գլխավոր տոնն է, և դրա մասին է վկայում «հաղթանակատենդի» պաշտամունքը։ Կրեմլը ձգտում է սեփականաշնորհել Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների ձեռքբերումները, ովքեր նպաստել են նացիզմի դեմ հաղթանակին։

Արդյո՞ք Ուկրաինայում նսեմացվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի նշանակությունը։ Ո՛չ։ Եթե այդ մասին խոսում են քամահրանքով, ապա միայն պատմությունը լավ չտիրապետող մարդիկ։ Միայն մայիսի 8-ին զոհվածներին հիշելն ու հարգելը լիովին եվրոպական պրակտիկա է։ Եվ, ինչու՞ թաքցնել մեղքը, Ուկրաինայի համար այսօր ավելի կարևոր է ապագա Հաղթանակի օրը՝ հաղթանակը ռուս ագրեսորի նկատմամբ։

Հիշեցնեմ, որ մայիսի 9-ին մեր մայրցամաքի երկրների մեծ մասում նշվում է Եվրոպայի օրը, իսկ Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածու է, ուստի ես դատապարտելի ոչինչ չեմ տեսնում նման տոնակատարության մեջ։

- Ի դեպ, Մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Մոսկվա եկան ԱՊՀ երկրների (մեծ մասը՝ Կենտրոնական Ասիան ներկայացնող պետությունների) մի քանի ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի առաջնորդները։ Պաշտոնական Կիևն այդ քայլը ոչ բարեկամական ու ոչ բարոյական համարեց։ Ո՞րն է ձեր գնահատականը։ Արդյո՞ք ընդհանուր պատմական անցյալն ու նախնիների սխրանքի ոգեկոչումն ավելի ծանրակշիռ չէ, քան ՌԴ այսօրվա իշխանությունների նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքը՝ պայմանավորված ուկրաինական պատերազմով։

Ե․Մ․ - Կարմիր հրապարակում շքերթի համար Մոսկվա մեկնած հետխորհրդային երկրների ղեկավարներն իրենց ընտրությունը կատարել են հասկանալի պատճառներով։ Ուկրաինայի ԱԳՆ-ն արտահայտել է իր հավասարակշռված դիրքորոշումը։ 
Ինչ վերաբերում է համատեղ պատմական անցյալին, ապա այն հեշտ չէր. Միգուցե Հայաստանում դա այնքան էլ ուժեղ չի զգացվում, բայց ուկրաինական պատմության և ռեսուրսների մի զգալի մասը ժամանակին դարձավ Մոսկվայի մեծության գրավականներից մեկը։ Դա այլեւս չի կրկնվի: Նա, ով գիտի, որ հարյուրավոր մարդիկ են սպանվել, հազարավոր ուկրաինացի երեխաների են առևանգել, կարծում եմ, չի խոսի Ռուսաստանի հետ միասին որևէ բան պահպանելու հնարավորության մասին։

Զրուցեց՝ Արա Ալոյանը