Խոսքից գործի անցնելու քաղաքական կամքի դրսևորմանը սպասելիս…

Խոսքից գործի անցնելու քաղաքական կամքի դրսևորմանը սպասելիս…

 Նախորդ հոդվածում ներակայացրել էի ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձնավորության՝ «գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու և գնադակարվելու» ցանկությունը: Այս հոդվածով ցանկանում եմ «Հրապարակի» ընթերցողներին ներկայացնել երբեմնի «դուխով» և «ժողովրդի փրկիչ» Նիկոլի՝ միակ իրական հայրենասիրական այդ ցանկությունը կյանքի կոչելու մեխանիզմը: Բայց մինչ այդ նկատեմ, որ վերջինս այս ցանկությունը բարձրաձայնում է միայն այն դեպքերում, երբ նույն այդ ժողովրդի միջից ժամանակ առ ժամանակ նրան ուղղվում է 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության մեղադրանքը: Թեև պետք է արձանագրեմ նաև, որ այդ ցանկությունը բարձրաձայնելու հետ մեկտեղ ինքը սարսափելիորեն վախենում է նման հեռանկարից: Եվ դրա վկայությունը 2021 թ.-ի փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում Նիկոլաե և Ելենա Չաուշեսկու ամուսինների՝ 1989 թվականին իրականացված գնդակահարության ֆուտուրիստական բեմադրության նկատմամբ նրա ժխտողական վերաբերմունքն է: Ինչը բազմիցս արտահայտվել է նրա կողմից: Բայց ես ևս կողմնակից չեմ նրան գնդակահարելուն՝ նրա համար լավագույն տարբերակը կլիներ վերադառնալ այնտեղ, որտեղ մի ժամանակ անցկացրել է տարիուկես:

Տեղեկանք Վիքիպեդիայից. ֆուտուրիզմը (լատ. «futurum»՝ ապագա) նախորդ դարի 10-20-ականների ավանգարդ արվեստի ուղղություն էր՝ առաջին հերթին իտալական ու ռուսական պոեզիայում և նկարչության մեջ։ 1909 թ.-ին հրապարակված իտալացի բանաստեղծ Ֆիլիպո Մարինետիի «Ֆուտուրիզմի մանիֆեստ»-ում ընդգծվել է բանաստեղծների և նկարիչների՝ իրենց ստեղծագործություններում կյանքի տեմպի արագացումը և շրջակա միջավայրի ինդուստրիալացումը՝ որպես նոր դարաշրջանի նշաններ, արտացոլելու ցանկությունը։ Ֆուտուրիզմի հետևորդները արհամարհանքով մերժել են անցյալը, ավանդական մշակույթն իր բոլոր դրսևորումներով, և գովերգել են ապագան՝ ինդուստրիալիզմի, տեխնիկայի, կյանքի բարձր արագությունների և տեմպերի գալիք դարաշրջանը: Խորհրդային Հայաստանում ֆուտուրիզմն իր արտահայտությունը գտավ 1922 թ.-ին հրապարակված «Երեքի դեկլարացիա»-ում՝ Եղիշե Չարենցի, Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու համահեղինակությամբ:

Ինչևէ, անցնենք առաջ: Փաշինյան Նիկոլը շարունակաբար կրկնում է գնդակահարվելու ցանկության վերաբերյալ իր խոստումը, սակայն ոչինչ չի անում այն կյանքի կոչելու ուղղությամբ: Այսինքն, չի ստեղծում այնպիսի մեխանիզմ, որի դեպքում ինքը ստիպված կլիներ կատարել իր խոստումը և կամ հրաժարական ներկայացնել իր պաշտոնից: Ճիշտ այնպես, ինչպես խոստումը դրժելու հետևանքով 2018-ի գարնանը հրաժարական ներկայացրեց ՀՀ երրորդ նախագահ, այնուհետև ՀՀ 15-րդ վարչապետ Սերժ Սարգսյանը: Իսկ այդ մեխանիզմը հայտնաբերելու կարիք չկա: Այն վաղուց գործում է արևմտյան ժողովրդավարություններում և հատկապես՝ Նիկոլին հոգեհարազատ Ուկրաինայում: Ուկրաինայի նախագահի կայքէջում, օրինակ, առկա է «Էլեկտրոնային հանրագիր» անվանումը կրող բաժինը, որում երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներառել իր խնդրագիրը: Եվ եթե այն հավաքում է 25 հազար ստորագրություն, ապա երկրի ղեկավարն, ըստ Սահմանադրության, պարտավոր է արձագանքել խնդրագրին՝ մերժել կամ կյանքի կոչել այն: Սահմանադրական անհրաժեշտ փոփոխությունը մեզանում կարելի է անել, ինչպես ցույց տվեց փորձը, ընդամենը մեկ օրվա ընթացքում: Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է: 

Որպես ՀՀ քաղաքացի, ինչպես նաև նախկինների դեմ երկու տասնամյա պայքարի մասնակից, առաջարկում եմ ուկրաինական երևույթը տեղայնացնել Հայաստանում: Դա՝ մեկ, և երկրորդ՝ առաջարկում եմ նաև, որպես առաջին հանրագիր, վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացվի հենց իր սեփական ցանկությունը: Կամ, ինչպես ասվեց, դրա այլընտրանքը: Ասեմ, որ հանրագրի փոխարեն ժողովրդավարական այս կամ այն երկրում հաճախակի անցկացվում են հանրաքվեներ: Սակայն տվյալ հարցով հանրաքվե անցկացնելու տարբերակը, նախ, բավական ծախսատար միջոցառում կլինի: Եվ երկրորդ՝ ի՞նչ կմտածեն «ժողովրդավարությունների էլիտար ակումբի» այլ մասնակից երկրների հասարակությունները, եթե նման ոչ մարդասիրական «պրոջեքթը» դրվի հանրաքվեի: Հատկապես հաշվի առնելով մահվան դատապարտման նկատմամբ եվրոպական երկրների ժխողական վերաբերմունքը: Այնպես որ, ճիշտը հենց ուկրաինական փորձն է, այսինքն՝ էլեկտրոնային հանրագիրը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարի և պետական «արդյունավետ» կառավարման այլ հարցերում ևս մեր երկրում անընդհատ տեղայնացվում էր հենց ուկրաինական փորձը: 

Կարծում եմ, որ ուկրաինական փորձի տեղայնացումը կնպաստի, որպեսզի վերջապես փակվի այդ հարցը: Կա՛մ ժողովրդի որոշմամբ Փաշինյան Նիկոլը հնազանդ կկանգնի գնդակահարության պատի տակ, ինչին կհետևի ոչ թե գնդակահարությունը, այլ իր հրաժարականը: Եվ ինքը, վերջապես, կազատվի այդ տեսիլքից, որ հետևելու է իրեն ողջ կյանքի ընթացքում: Կա՛մ էլ չի հավաքվի անհրաժեշտ 25 հազար ստորագրությունը, և ինքը, կրկին, կազատվի այդ տեսիլքից: Ես նույնիսկ հաշվի չեմ առնում այն հանգամանքը, որ Ուկրաինայի բնակչության թվաքանակն ավելի քան 10 անգամ գերազանում է մեր երկրի բնակչությանը: Եվ այդ համամասնությունը պահպանելու դեպքում Հայաստանում բավարար կլիներ ընդամենը 2500 ստորագրություն: Այնպես որ, սպասում եմ հետհեղափոխական իշխանությունների՝ խոսքից գործի անցնելու քաղաքական կամքի դրսևորմանը: Դա այն երևույթն է, որի առկայության հանգամանքն անընդհատ թմբկահարվում է մեր երկրի իշխանության վերին օղակներում: