Ստանիսլավ Զասը «սխալների ուղղում» է կատարել

Ստանիսլավ Զասը «սխալների ուղղում» է կատարել

Արդեն գրվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականը կատարելու նպատակով, մոնիթորինգային այցով եկել էր Հայաստան, որպեսզի ծանոթանար տեղում հայ-ադրբեջանական սահմանային՝ սեպտեմբերի 13-14-ի լարվածության հետ կապված մանրամասներին եւ մշակեր առաջարկներ, որոնք այնուհետ պետք է ներկայացվեին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Նրանից առաջ Հայաստան էր ժամանել, այսպես ասած, առաջապահ պատվիրակությունը՝ ՀԱՊԿ ԳՇ պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, իսկ հետո, կարծես թե մի փոքր ուշացումով էլ նա էր եկել։ Որոշակի հանդիպումներ եղել էին, թերեւս հիմնականում երկրորդ էշելոնի պաշտոնյաների հետ։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չէր եղել։ Փաշինյանը մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, որտեղ էլ հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ 

Ամենայն հավանականությամբ՝ դա տեսնելով, Զասը նախատեսվածից շուտ էր հեռացել Հայաստանից։ Եվ ահա, երբ այս մասին «Հրապարակը» գրեց, եւ այդ լուրը սկսեց քննարկվել ոչ միայն հայկական լրատվադաշտում ու սոցկայքերում, այլեւ ռուսական մամուլն անդրադարձավ դրան, ՀԱՊԿ-ն հանդես եկավ բացատրությամբ, որտեղ, ըստ էության, հաստատեց այն, որ Փաշինյան-Զաս հանդիպում չի կայացել, եւ դա բացատրեց նրանով, որ Փաշինյանը Նյու Յորք է մեկնած եղել, թեեւ մինչեւ մեկնումը կարող էին հանդիպել։ Իսկ իրականում, նույնիսկ «եփած հավերին» է հասկանալի, որ դեմոնստրատիվ չընդունելն ու Զասի՝ ՀՀ երկրորդ էշելոնի պաշտոնյաների հետ հանդիպումները, ինչպես նաեւ Ղազախստանում ՀԱՊԿ զորախաղերին մասնակցությունից հրաժարվելը մի մեսիջ ունեն իրենց մեջ՝ Երեւանը դժգոհ է ՀԱՊԿ-ի, կարելի է ասել՝ անտարբերությունից ու անգործությունից, ինչը դրսեւորվում է Հայաստանի սահմաններում մերթընդմերթ ծագող լարվածության պոռթկումների, ադրբեջանական սադրանքների ժամանակ։ Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ Զասը կրկին եկել է Հայաստան, ըստ երեւույթին՝ «սխալների ուղղում» անելու, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու։ Հանդիպումը կայացավ։ Այդ մասին հայկական կողմը չափազանց սառը, օտարոտի տոնայնությամբ երկու տողանոց հաղորդագրություն հրապարակեց, ու կարելի է ասել, որ այդ հանդիպմամբ ոչինչ չփոխվեց։ 

Դժգոհությունները, իհարկե, մնացին, խնդիրները՝ նույնպես։ Ընդ որում, հայկական կողմի դեմոնստրատիվ գործողություններն այս պահին լիովին արդարացված են։ ՀԱՊԿ-ն (Ռուսաստանն էլ` ձեռքի հետ) բավականին բան ունի մտածելու։ Կա՛մ Մոսկվան պետք է հրաժարվի «հարսի դոշով փեսային լավություն անելու» քաղաքականությունից, կա՛մ պետք է պատրաստվի, որ թեկուզ եթե Հայաստանից մնան Երեւանը, Գյումրին ու Վանաձորը, միեւնույն է, կստանա նոր Վրաստան եւ վերջնականապես ու անդառնալիորեն կկորցնի է Հայաստանը՝ չմոռանալով հանդերձ, որ Ադրբեջանի դեպքում «հացը ծնկներին» է, եւ «լավությունը հիշվում է մինչեւ սենյակի դուռը»։