Արեւմուտքը չի՞ ցանկանում, թե՞ չի կարողանում հաղթել Ռուսաստանին

Արեւմուտքը չի՞ ցանկանում, թե՞ չի կարողանում հաղթել Ռուսաստանին

Դեկտեմբերի 18-ը ռուս-ուկրաինական պատերազմի 663-րդ օրն էր։ Պատերազմող երկու կողմն էլ տեղեկատվական դաշտում ակտիվ քարոզչություն են տանում։ Ուկրաինական կողմը հավատացնում է, որ ջախջախել է աշխարհում երկրորդ հզոր բանակի տիտղոսը կրող ռուսական զորքերին, իսկ ռուսական կողմը պնդում է, որ շարունակում է «հատուկ օպերացիան», եւ հաղթանակին բան չի մնացել։ Երկու կողմն իրենց ճշմարտությունն ունեն. ուկրաինական կողմը, չնայած մեծապես Արեւմուտքի հսկայական աջակցության շնորհիվ, այնուամենայնիվ, արդեն երկար ժամանակ է՝ կարողանում է շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ, իսկ որոշ հատվածներում անգամ հաղթանակներ է գրանցել` ռուսական բանակին պարտության մատնելով։ Ռուսական կողմն էլ, չնայած իր դեմ աշխարհի մի շարք հզոր գերտերություններ են կռվում, շարունակում է պատերազմը. պահում է գրաված տարածքներն ու կարծես չի էլ պատրաստվում կանգ առնել։

«Հրապարակի» հետ զրույցներում ուկրաինացի զինվորականները՝ հատկապես վերջին շրջանում, խոսում էին այն մասին, որ պետությունը պատրաստվում է երկարատեւ պատերազմի, ու բնակչությանն էլ պատրաստում են դրան` թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես։ Նույնիսկ աշխատանքներ են տանում դպրոցներում աշակերտների հատուկ պատրաստվածության ուղղությամբ, որ անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան առաջին օգնություն ցույց տալ ու իմանալ, թե որտեղ ու ինչպես պատսպարվեն։

Ուկրաինական կողմը հայտարարում է, որ հանգստյան օրերին կարողացել է ոչնչացնել ռուսական 20 անօդաչու եւ հրթիռ, որոնցից 9-ը՝ Օդեսայի մարզում։ Իսկ շաբաթ օրը, ուկրաինական կողմի հայտարարությունների համաձայն, ոչնչացրել են շուրջ 30 անօդաչու՝ երկրի 11 տարբեր մարզերում։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ մոտ 30 անօդաչու է ոչնչացրել Լիպեցկի, Ռոստովի եւ Վոլգոգրադի շրջաններում։ Ռազմական գործողությունները շարունակում են թեժ մնալ հատկապես Ավդեեւկա կոչվող բնակավայրի համար։ Ուկրաինական կողմը, ուկրաինացի զինվորականների փոխանցմամբ, կարողանում է դեռեւս արդյունավետ պաշտպանություն կազմակերպել, իսկ ռուսական կողմը շարունակում է ինտենսիվ հարձակումները։ 

Ու մինչ ռուսական զինված ուժերը Բելգորոդի մարզում ուկրաինական «Տոչկա-Ու»-ի հրթիռ են խոցում, Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարում է այն մասին, որ Ուկրաինային տրվող օգնությունը կարող է նվազեցվել։ Այն, որ Արեւմուտքը չի հասցնում կամ չի ցանկանում այլեւս Ուկրաինային մեծածավալ օգնություն տրամադրել, արդեն երկար ժամանակ է՝ քննարկումների առարկա է դարձել։ Դա են վկայում տարատեսակ սոցհարցումները եւ ԱՄՆ Կոնգրեսի որոշումը։ Չնայած Բայդենը խոստացել էր ամեն ինչ անել Ուկրաինային հերթական օգնությունն ուղարկելու համար, սակայն Կոնգրեսն այդպես էլ համաձայնություն չտվեց։

Ավելին, ամերիկացի կոնգրեսմեններն Ուկրաինայից, իսկ ավելի ճիշտ` Զելենսկուց հստակ ռազմավարություն են ակնկալում՝ օգնություն տրամադրելու համար։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ իրենց անհրաժեշտ է ռազմավարության հստակ ձեւակերպում, որի Ուկրաինային հաղթելու հնարավորություն կընձեռնի, սակայն մինչ այժմ եղած պատասխաններն իրենց չեն բավարարել։ 
Անկախ այն հանգամանքից, թե Բայդենն ինչ է խոստացել քաղաքական հայտարարության մակարդակով, փաստ է, որ օգնությունն այդպես էլ չհասավ։ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը միջոցներ ունի «մի քանի շաբաթվա» եւ Ուկրաինային ռազմական օգնության երկու փաթեթի համար։ Սա էլ կարծես «սեւ սրտի մխիթարանք» լինի, եթե հաշվի առնենք այն փաստը, որ պատերազմը դեռ երկար է ձգվելու, անկախ այն հանգամանքից՝ Արեւմուտքն ուզո՞ւմ է կողմերի միջեւ հաշտություն, թե՞ ոչ։ Ի դեպ, այդ մասին հայտարարել է նաեւ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Զալուժնին՝ The Economist-ին տված հարցազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ հակագրոհն ուշանում է, իսկ դա մեծ վտանգ ունի իր մեջ՝ պատերազմը կարող է վերածվել երկարատեւ խրամատային դիմադրության։ Ընդ որում, Արեւմուտքի խոսույթը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն երկարաժամկետ կտրվածքով պատրաստ չէին այս պատերազմին։ Եվրոպական երկրները, նաեւ ԱՄՆ-ն, որոնք ռազմական աջակցություն էին ցուցաբերում Ուկրաինային, արդեն սպառել են իրենց ռազմապաշարը, իսկ զենքի արտադրությունը չի կարողանում ժամանակին սպասարկել անհրաժեշտ զինտեխնիկան։ Օրինակ՝ ուկրաինացի զինվորականներն ահազանգում են, որ հեռահար հրթիռներն ու նրանց խոստացած ռազմական օդուժն այդպես էլ Ուկրաինա չեն հասել, իսկ դրա հետեւանքով Ուկրաինան շարունակում է արյունալի կորուստներ ունենալ։ Միակ շոշափելի փոփոխությունն այն էր, որ ԵՄ ղեկավարները հայտարարեցին Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին։

Դե իսկ Ռուսաստանի Դաշնությունում կարծես թե Ուկրաինայի շուրջ սուր ճգնաժամը որոշակիորեն մեղմացել է, որովհետեւ ռուսական կողմը կարողանում է թե՛ ռազմական արտադրության միջոցով ապահովել իր բանակի կարիքները, թե՛ ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ զինտեխնիկա վստահելի գործընկերներից, որոնք կարողանում են մրցակցել արեւմտյան առաջադեմ ռազմական արտադրական նմուշների հետ։

Ու որքան էլ մեր տեղական արեւմտամետները պնդեն, որ ռուսական «կայսրությունը» փլուզվում է, որ Ռուսաստանը շուտով կդադարի գոյություն ունենալ, եւ վերջապես Հայաստանն ու Ուկրաինան «կազատվեն», ու որպես անբեկանելի ապացույց կբերեն AQ 400 Scythe թռչող սարքերի առաջին խմբաքանակը, փաստը մնում է փաստ, որ ամենաշատ կորուստներ կրող կողմն Ուկրաինան է, իսկ Ռուսաստանը դեռ կանգուն է։ Անժխտելի է, որ հակասությունները ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ խորանում են թե՛ Եվրամիության ներսում եւ թե՛ նույնիսկ ԱՄՆ-ում։ Եվ դժվար է պատկերացնել, թե ինչպես կավարտվի երկու եղբայր ժողովուրդների միջեւ այս արյունալի դիմադրությունը, եթե Ուկրաինային Արեւմուտքն այնուամենայնիվ որոշի մենակ թողնել Ռուսաստանի հետ՝ առանց բավականաչափ օգնության։ Պուտինի հայտարարություններն ամեն դեպքում ոչ մի լավ բանի մասին չեն խոսում, իսկ այն, որ Ուկրաինայի հարեւան եվրոպական պետությունները եւս դեմ չեն լինի որոշ տարածքային վեճերի մասին վերհիշել ու դրանք թարմացնել՝ ընդամենը ժամանակի հարց է։

Ամենավտանգավորն այն է, որ հակասությունները խորանում են նաեւ Ուկրաինայում, որտեղ պատերազմի հետեւանքով բավականին ազդեցիկ դիրք են ձեռք բերել զինվորականները։ Այսօր արդեն իսկ ակտիվորեն քննարկվում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնիի եւ Զելենսկու միջեւ եղած խորացող հակասությունների մասին լուրերը։ Իսկ այն, որ Զալուժնին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է, Զալուժնիի շրջապատում ոչ ոք չի կասկածում։ Եվս մեկ անգամ փաստացի ականատես եղանք ողբերգական մի իրավիճակի, երբ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը, ոգեւորվելով երրորդ երկրների կոչերով ու սկզբնական շրջանում լավ ռազմական աջակցությամբ, մտավ մի պատերազմի մեջ, որտեղ կորցրեց պատերազմելու ունակ իր տղամարդկանց մի հսկա զանգված, կորցրեց երկրի ենթակառուցվածքների մեծ մասը, տնտեսությունը ոչնչացվեց, ու դեռ գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։ Այնինչ նույն Արեւմուտքը, երբ Ուկրաինայից պահանջում էր ոչ մի դեպքում Ռուսաստանի հետ չգնալ բանակցությունների, այսօր արդեն խոսում է Ուկրաինային օգնությունից զրկելու մասին։ Եվ այստեղ խոսքն ամենեւին այն մասին չէ, որ Արեւմուտքը վատն է, իսկ, օրինակ, Ռուսաստանը՝ լավը։ Ոչ, այստեղ խոսքն այն մասին է, որ ուրիշի ձեռքերով փորձում են շագանակները կրակից հանել, ու այդ հանողը եղավ Ուկրաինան։ 

Արեւմուտքը չկարողացա՞վ, թե՞ չցանկացավ հաղթել Ռուսաստանին՝ սա է հարցը, որի պատասխանը գուցե ստանանք շատ փորձագետների կողմից վճռորոշ համարվող 2024 թվականի աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքում։