Ռուսաստանը երրորդ փորձն է անում

Ռուսաստանը երրորդ փորձն է անում

Մոսկվան զգուշացնում, թե ուղղակի տեղեկացնում է, որ կարող է ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ Մոսկվայից արված հայտարարությունը՝ Հայաստանի փրկության եւ զարգացման շարժում սկսելու մասին, այլ կերպ, քան Հայաստանում հեղաշրջում իրականացնելու անոնս, չի կարելի ընկալել: Արշակ Կարապետյանը Հայաստանում հետախուզման մեջ չէ, որքան հայտնի է՝ նրա նկատմամբ քրեական գործեր հարուցված չեն, բայց նա Մոսկվայից է հայտարարում Հայաստանում ընդդիմադիր շարժում սկսելու մասին: Սա նոր բան է Հայաստանի ներքաղաքական կյանքում, երբ ընդդիմադիր շարժման կենտրոնը եւ առաջնորդը (նրան հենց այդպես էր դիմում շարժման հայաստանյան համակարգող Գեւորգ Գեւորգյանը) գտնվում է ոչ թե Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս:

Կարելի է պատահականություն համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կողմից նույն օրը մամուլի ասուլիս կազմակերպելը: Եթե դա պատահականություն է, ապա այդ պատահականությունների շարքում կարելի է դիտարկել նույն օրը Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի՝ Մոսկվայից տված հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ շուտով վերադառնալու է Հայաստան, եւ սպառնալից ավելացնում. «Շուտով լիքը բաներ կլսեք»: Արշակ Կարապետյանը եւս խոստանում է շուտով վերադառնալ Երեւան՝ տեղում Հայաստանի փրկության գործը կազմակերպելու համար:
Վլադիմիր Պուտինին մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպված հարց են տալիս Հայաստանի եւ Մոլդովայի կողմից ԱՊՀ եւ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին: Նա խոսում է Մոլդովայի մասին եւ պատմում, որ արդյունքում Մոլդովան ռուսական էժան էներգակիրները փոխարինել է ավելի թանկ եվրոպականով, բերում է Գերմանիայի օրինակը, որը ռուսական գազից հրաժարվելով՝ գնում է ամերիկյանը, որը 30 տոկոսով ավելի թանկ է, ավելացնում է, թե Մոլդովայի գյուղմթերք արտադրողների համար որքան կարեւոր է Ռուսաստանի շուկան: Ուկրաինայի եւ Ռումինիայի միջեւ գտնվող Մոլդովան արդեն գրեթե երկու տարի է՝ կորցրել է ռուսական շուկան, քանի որ Ռուսաստան արտահանումները նախկինում իրականացնում էր Ուկրաինայի տարածքով, իսկ պատերազմն անհնարին է դարձրել դրանց իրականացումը: Մոլդովայի օրինակը բերելով՝ ՌԴ ղեկավարն ուզում էր հասկացնել, որ նույնը սպառնում է նաեւ Հայաստանին, եւ եթե Հայաստանը եւս որոշի գնալ Մոլդովայի ճանապարհով, ուրեմն Հայաստանի համար եւս ռուսական էներգակիրները կթանկանան, իսկ գյուղմթերքի շուկան կփակվի: Ռուսաստանի իշխանությունները Պուտինի բերանով Հայաստանին սպառնում են, որ եթե նրանք գնան հակառուսական ճանապարհով, ապա կարող են կորցնել ռուսական շուկան, զրկվել ռուսական էժան էներգակիրներից, իսկ Արշակ Կարապետյանի բերանով հասկացնում են, որ կարող են զբաղվել Հայաստանի փրկությամբ եւ ահա գտել են փրկչին: 

Այս զգուշացումներն արվում են դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ եւ ԵԱՏՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից ընդամենը 10 օր առաջ, որի մասնակցության մասին Փաշինյանը դեռեւս որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել: Այդ հանդիպմանը չգնալը կլինի այն ճակատագրական կետը, որից հետո Ռուսաստանի իշխանությունները կարող են համարել, որ Հայաստանը գնում է կործանման ճանապարհով, եւ պետք է հիմնավորապես զբաղվել Հայաստանի «փրկության» գործով:

Ռուսաստանը վերջին 200 տարվա ընթացքում արդեն երկու անգամ զբաղվել է Հայաստանի փրկությամբ: Առաջինը, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել 1804-1813 թթ․ եւ 1826-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմների արդյունքում: Առաջին պատերազմում Ռուսաստանը գրավեց ներկայիս Հայաստանի կեսը, այդ թվում՝ ներկայիս Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերի տարածքները, իսկ 1826-28 թթ․ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Ռուսաստանը գրավեց նաեւ Արեւելյան Հայաստանի մնացած մասը, որի մի մասի վրա 1828 թվականին ստեղծվեց Հայկական մարզը: Երկրորդ անգամ Ռուսաստանը Հայաստանը փրկեց առաջինից գրեթե 100 տարի անց, այս անգամ Հայաստանը փրկելով Թուրքիայից`1920 թվականի նոյեմբերին Կարմիր բանակն Ադրբեջանի տարածքից մտավ Հայաստան եւ Թուրքիայի Հանրապետության հետ կիսեց Հայաստանի Հանրապետության տարածքը: 
Հիմա իրավիճակը մի փոքր այլ է. Ռուսաստանը խնդիր չունի Հայաստան ռուսական զորք մտցնելու, այն արդեն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց Ռուսաստանի իշխանությունների կարծիքով՝ Հայաստանի իշխանությունն է գտնվում Արեւմուտքի ազդեցության տակ, եւ Հայաստանն ու բարեկամ հայ ժողովրդին պետք է փրկել Արեւմուտքից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր երկրում ազգային-ազատագրական պայքար սկսելու մասին՝ իրեն հռչակելով այդ շարժման առաջնորդ, իսկ շարժման նպատակը Ռուսաստանն Արեւմուտքի ազդեցությունից ազատագրելն է: Չպետք է բացառել, որ ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է հայտարարել, որ ինքն աջակցում է այն ուժերին, ովքեր փորձ կանեն իրենց երկրները եւս ազատագրել Արեւմուտքի ազդեցությունից, ինչպես, օրինակ, Հայաստանը: 100 տարի առաջ կոմունիստական Ռուսաստանը պաշտոնապես ոչ թե գրավեց Հայաստանը, այլ օգնեց հայ բոլշեւիկներին, որ նրանք ազատագրեն Հայաստանն իմպերիալիստական երկրների`Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի լծից, հայ պրոլետարիատին պարգեւեն ազատություն իրենց շահագործողներից: 

Թե ինչ է հասկանում Արշակ Կարապետյանը «Հայաստանի փրկություն» ասելով, թերեւս ինքն էլ չգիտի կամ չի պատկերացնում, համենայնդեպս, նա արդեն երկրորդ անգամ է հրապարակային ելույթ ունենում, բայց այդպես էլ որեւէ բանական բացատրություն չի տվել, թե որն է իր շարժման նպատակը, եւ ինչ են պատրաստվում իրենք անել, ումից եւ ինչպես են փրկելու Հայաստանը: Նա նույնիսկ չի կարողանում քիչ թե շատ բանական բացատրություն տալ այն հարցին, թե ինչպես է եղել Նիկոլ Փաշինյանի խորհրդական, իսկ հետո՝ նրա կառավարության անդամ, եթե նրան համարում է հրեշ, պարզ ասած՝ չի կարողանում պատասխանել մի պարզ հարցի` մի՞թե փրկիչը կարող է ծառայել հրեշին: Բայց դա արդեն Հայաստանի փրկության ռուս մոդերատորների ընտրության գործն է, մենք կարող ենք ընդամենը արձանագրել, որ Ռուսաստանը մտադիր չէ հանգիստ հանձնել Հայաստանն Արեւմուտքի տնօրինմանը եւ որոշել է փրկելու երրորդ փորձը ձեռնարկել:

Ավետիս Բաբաջանյան