Մացոն երբ գնա էն աշխարհ, կանգնի Աստծո առաջ, ի՞նչ պատասխան է տալու

Մացոն երբ գնա էն աշխարհ, կանգնի Աստծո առաջ, ի՞նչ պատասխան է տալու

Երեկ դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց դատարանի դահլիճում` ուղիղ եթերում մահացած Արմեն Գրիգորյանի նկատմամբ։ Արմեն Գրիգորյանը հետմահու ճանաչվեց մեղավոր` այն մի քանի նախադասության համար, որ ասել էր գյումրեցիների հասցեին` անորոշ, առանց հասցեատիրոջ: 

Հիշեցնենք, որ Գրիգորյանը կալանավորվել էր ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով, պրոդյուսերը նշել էր, որ Շիրակի եւ Արարատի մարզում նիկոլականները համեմատության մեջ ավելի շատ են, եւ նրանք, ըստ էության, թրքացած են: «Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով երեկ դատարանի կայացրած վճռին, ասաց, որ սա մեծագույն ամոթ եւ խայտառակություն է դատական համակարգի համար: Զոհրաբյանը նկատում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ծառայել է բոլոր իշխանություններին, տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանին է Մարտի 1-ի գործով մեղավոր ճանաչել եւ դատապարտել, հիմա Փաշինյանի հակառակորդներին է դատում:
«Արմեն Գրիգորյանի գործով դատավարությունն ուղղակի ցուցադրական մի բան էր, որովհետեւ նույնիսկ եթե մարդուն հետմահու ճանաչել են մեղավոր, դա չի նշանակում, որ նա մեղավոր է եղել: Եթե ընդունեն, որ Արմեն Գրիգորյանին ուղղված մեղադրանքը շինծու է, ապա այս իշխանությունները կընդունեն իրենց պարտությունը: Արմենն իբրեւ մեղադրվում է թշնամանք տարածելու համար: Հավանաբար, բոլորն են հիշում, որ անգամ որոշ գյումրեցիների կարգադրել էին, որպեսզի բողոք ներկայացնեն Արմենի դեմ: Վերջինիս մահից հետո մի գյումրեցի դատարանում հայտարարել է, որ իրեն ինչ թուղթ տվել են, ինքն ուղղակի ստորագրել է: Այստեղից ակնհայտ է դառնում, որ եթե արդար դատավարություն լիներ, այս գործն ուղղակի փլվելու էր, եւ բոլոր նրանք, ովքեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու սանկցիա էին տվել, պետք է հենց իրենք կանգնեին մեղադրյալի աթոռին, իսկ դա այս իշխանությունների շահերից չի բխում: Այսօր տեղի ունեցավ ամենաճղճիմ, ամենաամոթալի դատավարությունը: Ես չգիտեմ՝ դատավոր Մացոն` Մնացական Մարտիրոսյանը, որը Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչեց, երբ գնա էն աշխարհ, կանգնի Աստծո առաջ, ի՞նչ պատասխան է տալու.... ես չեմ ուզում անգամ պատկերացնել, թե դատավոր Մացոն դժոխքի աստիճաններից ինչ լեւլներով է քայլելու: Չի կարելի այդ աստիճան քաղաքական պատվեր կատարող լինել, չի կարելի բոլոր իշխանությունների քաղաքական պատվերներն իրագործել, չի կարելի սեփական աշխատանքը պահելու համար կորցնել մարդկային եւ բարոյական դեմքը: Ես հավատում եմ արդարության գաղափարին: Բումերանգի օրենքից դեռ որեւէ մեկին չի հաջողվել փախչել: Բոլոր այն մարդիկ, ովքեր նման որոշումներ են կայացնում, մի օր պատասխան են տալու, խոսքը ոչ միայն Մացոյի մասին է, այլեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, ով այսօր բանտում է: Արմենի կալանքի սանկցիան հենց ինքն էր տվել.... բոլորը մի օր պատասխան են տալու իրենց արածների համար: Բումերանգը բոլորի մռթին շատ դաժան հարված է հասցնելու: Անկախ նրանից՝ ով ինչքան պոպուլիստ է, ով ինչքան տիգրովկաների տիրակալ կամ տիրուհի, միեւնույն է, բումերանգից չեն կարողանալու փախչել: Ամեն դեպքում Արմեն Գրիգորյանի գործով դատարանի որոշումն ինձ համար սպասելի էր, որովհետեւ այդ հոդվածն իշխանությունների գրպանում պահված էր` այլախոհներին լռեցնելու համար: Հայաստանում տարբեր քաղբանտարկյալներ կան` Նարեկ Մալյանն այսօր ինչի՞ համար է կալանավորված: Սա մեր իրավական համակարգի մեծագույն ամոթն է: Այս երկիրը ո՞նց է բռնապետական կնիքների տակից դուրս գալու»,- ասում է Զոհրաբյանը:

Մենք զրուցեցինք նաեւ գրող, հրապարակախոս, թատերագիր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահրամ Սահակյանի հետ, ով մտերիմ էր Արմեն Գրիգորյանի հետ։ «Ես Արմենի մասին այնքան բան ունեմ ասելու, որ մի բան չեմ կարող ասել։ Այստեղ խղճի հարց է, սպանության դեպք էր, կորուստ էր, դժբախտություն էր, որը պատահեց Արմենի հետ։ Ես իմ սոցիալական հարթակներում շատ հաճախ եմ գրում այն կենդանիների մասին, որոնք այդ ժամանակ՝ մահվանից հետո, ուրախացել էին, եւ միշտ եմ գրում, կարող են տեսնել նաեւ իմ տելեգրամյան ալիքներով։ Դատարանների մասով․ ես այսօրվա դատարաններից բան չեմ հասկանում, անկեղծ ասած, թե ինչ են ուզում ցույց տան: Բայց աբսուրդի ժանրից է, երբ մարդը չկա, ու նման բաներ են անում»։ Գուցե նման դատավճիռներով փորձ է արվում լռեցնել այն մարդկանց, ովքեր մեր հասարակությունում ունեն խոսքի ազատություն եւ ընդդիմադիր հայտարարություննե՞ր են անում, քննադատո՞ւմ՝ հարցրինք Վահրամ Սահակյանին։ «Էդպես որ ասում եք, ես կարծում եմ, որ իրենք այդքան խելոք չեն, ինչքան դուք եք: Մարդիկ են էդպես վերագրում, իրենք խելոք չեն ընդհանրապես՝ իրենք վախկոտ են, իրենք Արմենից վախենում էին, ես սա կարող եմ ասել»։