Ամերիկացի սենատորն ուրա՞խ է «ռուսների մահվամբ»․ ՌԴ-ն քրգործ է հարուցել

Ամերիկացի սենատորն ուրա՞խ է «ռուսների մահվամբ»․ ՌԴ-ն քրգործ է հարուցել

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարը հանձնարարել է գործ հարուցել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի դեմ։ 
Պատճառը հանրապետական սենատորի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման տեսագրությունն է, որտեղ ամերիկացին խոսում է «ռուսների մահվան» մասին։ Արտահայտությունը հանվել է համատեքստից, քանի որ տեսանյութը հրապարակվել է կրճատված։

Միաժամանակ, ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Գրեմի նկատմամբ, նրա անվանական քարտը հայտնվել է գերատեսչության տվյալների բազայում։

Լինդսի Գրեմի հանդիպումը Զելենսկու հետ տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մայիսի 26-ին, Կիևում։ 

Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայության հրապարակած կադրերում նա շնորհակալություն է հայտնում ամերիկյան կողմին ռազմական աջակցության և օգնության համար։ 

Այնուհետև տեսանյութում երևում է, որ Գրեմն ասում է «Ռուսները մահանում են»: Դրանից հետո տեսախցիկի դիտանկյունը փոխվում է, և սենատորն ասում է. «Մենք երբեք այսպիսի հաջողությամբ փող չենք ծախսել»։