Հնարավոր է Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ գնալու համար հող է նախապատրաստում

Հնարավոր է Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ գնալու համար հող է նախապատրաստում

Հայաստանում թափ առնող հակառուսական իշխանական քարոզչության ֆոնին շատ հետաքրքիր էր, որ Հայաստանի իշխանությունները «Ռոսատոմ սերվիս» ընկերության հետ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի կյանքը երկարացնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին: Չէ՞ որ Հայաստանի հակառուս իշխանությունները պատրաստվում էին էներգետիկ անկախություն ստանալ Ռուսաստանից եւ այդ հարցում ունեին ԱՄՆ աջակցությունը: «ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում եւ Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Չինաստանից»,- այս տարվա մայիսի 24-ին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։ Դրանից կես տարի անց՝ դեկտեմբերի 15-ին, «Ռոսատոմ սերվիս» ԲԸ-ն եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքում։ Ստացվում է, որ առնվազն մինչեւ 2036 թվականը Հայաստանն էներգետիկ կախվածություն է ունենալու Ռուսաստանից: 

Հայաստանին նոր ատոմակայան է պետք, քանի որ գործողը հավակնում է աշխարհում ամենաերկար շահագործվող ատոմակայանի կոչմանը` այն շահագործվում է 1980 թվականից, երբ 1995 թվականին կայանը վերաշահագործվեց, ենթադրվում էր, որ այն կաշխատի առավելագույնը 20 տարի, բայց 2014 թվականին որոշում կայացվեց՝ ռուսական կողմի աջակցությամբ կայանի շահագործման տեւողությունը երկարացնել մինչեւ 2026 թվականը, հիմա այն երկարացվելու է եւս 10 տարով: Յուրաքանչյուր անգամ, երբ որոշում է կայացվում՝ երկարացնել կայանի շահագործումը, հայտարարվում է, որ դա արվում է մինչեւ նոր ատոմակայանի շինարարությունը: Բայց քանի որ նոր ատոմակայան չի կառուցվում, հինն էլ շահագործումից չի հանվում, դժվար է ենթադրել, որ մինչեւ 2036 թվականը Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի, դրա համար արդեն հիմա պետք էր ինչ-որ աշխատանք իրականացվեր, որը չի արվում, տեսանելի չէ:

Այնուամենայնիվ հետաքրքիր է, որ Հայաստանը որոշեց Ռուսաստանի հետ ատոմակայանի կյանքը երկարացնելու պայմանագիր ստորագրել: Հետաքրքիր է այնքանով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունների նախկինում քողարկված հակառուսականությունից անցել էին հակառուսականության բացահայտ քարոզի: Իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ պետք է գտնել ռուսական կախվածությունից ազատվելու միջոցներ. Ռուսաստանը գազ չի տա՝ մենք Իրանից ու Ադրբեջանից գազ կգնենք, Ռուսաստանը զենք չի տա՝ Ֆրանսիայից ու Հնդկաստանից զենք կգնենք, Ռուսաստանն իր շուկան կփակի հայ արտադրողների առաջ՝ թող հայ արտադրողները Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում շուկա գտնեն: Նույնը կարող էին ասել նաեւ ատոմակայանի հետ կապված. եթե ատոմակայանի շահագործումը դադարեցվի, մենք Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ ատոմակայան կկառուցենք, դրանով նաեւ մեր էներգետիկ անվտանգությունը կապահովենք, մանավանդ ամերիկացիներն էլ խոստանում են օգնել: Բայց մի բան է խոստանալը, մի բան է խոստումը կատարելը:
ԱՄՆ-ն մինչեւ Հայաստանին Ռուսաստանի ատոմային էներգետիկայից անկախանալու հարցում օգնելը, պետք է նախ ինքն անկախանա Ռուսաստանից:

ԱՄՆ-ում շահագործվող միջուկային կայանների վառելիքի կեսը Միացյալ Նահանգները ներմուծում է Ռուսաստանից, Միացյալ Նահանգները Եվրոպային պարտադրում է Ռուսաստանի էներգետիկ համակարգի դեմ պատժամիջոցներ կիրառել, Ռուսաստանից նավթ ու գազ չգնել, իսկ ինքը շարունակում է ատոմային վառելիք գնել, որովհետեւ իր տնտեսությունը չպետք է տուժի հակառուսական պատժամիջոցներից: Ընդհակառակը՝ այդ պատժամիջոցների նպատակն ամերիկյան տնտեսության ամրապնդումն է, ամերիկյան արտադրողներին մրցակիցներից ավելի նպաստավոր պայմաններ ապահովելը: Գերմանիան, Լեհաստանը, ԵՄ անդամ մյուս երկրներն ԱՄՆ պարտադրանքով ռուսական էժան գազից հրաժարվել են, դրա փոխարեն գնում են ամերիկյան թանկ հեղուկ գազը: Միացյալ Նահանգներն ապահովել է Լեհաստանի, Գերմանիայի կամ Լիտվայի էներգետիկ անկախությունը Ռուսաստանից՝ նրանց էներգետիկ կախվածության մեջ գցելով իրենից. տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ից էներգետիկ կախվածությունը 30-50 տոկոսով ավելի թանկ է Ռուսաստանից կախվածությունից: 

Միացյալ Նահանգները Հայաստանին էլ էներգետիկ անկախություն կապահովեր Ռուսաստանից՝ստիպելով, որ մենք գնենք ամերիկյան թանկ գազը, բայց չի անում, որովհետեւ մենք ծով չունենք, ամերիկյան տանկերները որտեղ բեռնաթափեն այդ գազը, բացի այդ՝ մեր շուկան այնքան չնչին է, որ չի կարող հետաքրքրել ԱՄՆ-ին: Կարող էին Հայաստանին օգնել ատոմակայան կառուցել եւ այդպես աահովել իր էներգետիկ անկախությունը, բայց ցույց տվեք աշխարհում մի երկրի, որտեղ ԱՄՆ-ն ատոմակայան է կառուցում: Նույնիսկ ԱՄՆ դաշնակից երկրներում է Ռուսաստանն ատոմակայան կառուցում: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներում`Թուրքիայում եւ Հունգարիայում, Ռուսաստանն այս պահին ատոմակայան է կառուցում: Հունգարիան նաեւ ԵՄ անդամ երկիր է, եւ ամեն անգամ, երբ ԵՄ-ն հերթական պատժամիջոցների փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ, Հունգարիայի իշխանությունները պահանջում են, որ դրանցում չներառվի իրենց երկրում կառուցվող ատոմակայանը, եւ ԵՄ-ն զիջում է:

«Առիթ ունեցել եմ ասելու՝ մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետության պետական շահ ասվածը շատ դեպքերում եւ մեծամասամբ համընկնում է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ընդհանրապես՝ զարգացման օրակարգի հետ: Սա, կարծում եմ, այն նրբերանգային փոփոխությունն է, որ ընթացիկ տարում կամ գուցե դրանից էլ առաջ ավելի շատ է ընդգծվում մեր արտաքին քաղաքական որոշումները կայացնելիս եւ արտաքին քաղաքականության ռազմավարությունները մշակելիս»,- նախորդ օրը ԱԳՆ-ում կազմակերպված տարեվերջյան միջոցառման ժամանակ Փաշինյանի այս խոսքերն այդքան զավեշտալի չէին հնչի, եթե փոքր-ինչ կապ ունենային իրականության հետ: Փաշինյանը թող սրա մասին հայտարարի ոչ թե դիվանագետների, այլ ձկնաբույծների եւ ֆերմերների հետ հանդիպման ժամանակ, որոնց արտադրանքը թույլ չեն տալիս մտնի Ռուսաստան, ի պատասխան Փաշինյանի եւ նրա թիմակիցների հակառուսական հայտարարությունների եւ Ռուսաստանի կողմից կազմակերպվող միջոցառումների բոյկոտի: 
Իսկ գուցե իր այս հայտարարությամբ Փաշինյանը հող է նախապատրաստում դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ եւ ԵԱՏՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար: Հակառուսականությամբ տառապող նրա թիմակիցները կարող են, չէ՞, նրան մեղադրել սկզբունքային ուղուց շեղվելու մեջ, կարող են մեղադրել Պուտինի դուռը գնալու համար, բայց դե ինքը հո դա հաճույքով չի՞ անում կամ չի՞ դադարել հակառուս լինելուց, ուղղակի դա անում է Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը սպասարկելու պարտադրանքից ելնելով, հանուն իրենց ընդհանուր իշխանության եւ բարեկեցության պահպանման:

Ավետիս Բաբաջանյան