Նույն արգանդից ծնված դիմադիր եւ ընդդիմադիր ուժերը տարբեր հնարքներով կատարում են իրենց «սեւ» գործը

Նույն արգանդից ծնված դիմադիր եւ ընդդիմադիր ուժերը տարբեր հնարքներով կատարում են իրենց «սեւ» գործը

Քաղաքական տարին Հայաստանում առանձնապես թեժ չստացվեց․ իշխանությունները շարունակեցին իրենց պարտվողական ու ձախողված քաղաքականությունը, որի հետեւանքով սրվեցին ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները, Արցախը հայաթափվեց, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գրչի մեկ հարվածով դադարեց դե յուրե գոյություն ունենալ։ Ընդդիմությունն էլ, ըստ էության, չկարողացավ հակադարձել փաշինյանական ռեժիմին՝ խորհրդարանում կամ հանրային հարթակներում շարունակելով պաթետիկ տոնով հնչեցնել իշխանափոխության մասին թեզը։ Զրուցել ենք «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հետ։

- Հերթական տարին մոտենում է ավարտին․ ինչո՞վ, ըստ Ձեզ, նշանավորվեց ներհայաստանյան քաղաքական տարին։ Որո՞նք էին հիմնական ձախողումները։

- Եվս մեկ ոչ հայանպաստ տարի մոտենում է ավարտին։ Թերեւս ամենամեծ ձախողումը մեզ համար Արցախի շրջափակումը, ցեղասպանությունը եւ բռնի դատարկումն էր։ Ես չեմ ասի, որ դա անգամ պետական դավաճանություն է, քանի որ հայակործան, հայրենազրկման այս ծրագիրն իրականացնողներին հայ համարել հնարավոր չէ։ Դավաճան լինում է յուրայինը, իսկ օտարն իր գործն է անում, ինչ էլ կատարեցին փուլ առ փուլ։

- Իշխանափոխության մասին տարբեր ընդդիմադիր ուժերի հայտարարությունները, ցավոք, այդպես էլ միս ու արյուն չստացան։ Ավելին, նույն ընդդիմության ներսում գոյացան տարաձայնություններ, ճաքեր։ Ինչ է` Հայաստանին ու Արցախին լրջագույն աղետներ բերած իշխանություններն առավել միաբան ու կենսունա՞կ եղան։

- Թույլ տվեք չհամաձայնել հարցադրման կարմիր գծին․ ոչ թե իշխանություններն ավելի միաբան էին, այլ նույն արգանդից ծնված, նույն աղբյուրից սնված դիմադիր եւ ընդդիմադիր ուժերը բաժանված դերերով, հմուտ մանիպուլյացիաներով, պոպուլիզմով եւ այլ հոգեբանական հնարքներով կատարում են իրենց սեւ գործը։

- Իսկ ո՞ր դաշտում է գործում ձեր ղեկավարած «Հայոց հայրենիք» կուսակցությունը։

- «Հայոց հայրենիք» կուսակցությունն իր գործունեության 18 տարիների ընթացքում առաջնորդվել է մեկ սկզբունքով՝  համայն հայության հայրենիքը դարձնել ուժեղ, կայուն, արժանապատիվ պետություն։ Մենք միշտ համագործակցել ենք հայամետ ուժերի, պետականամետ եւ հայրենասեր գործիչների հետ։ Այսօր մեր օրակարգում թիվ մեկ խնդիրն է՝ ճշմարիտ առաջնորդությամբ հայ ժողովրդին ազատել սեւ ու սպիտակ պատուհասներից եւ վերականգնել ազգային ոգին եւ ազգային արժեհամակարգը։

- Ինչ եք կարծում, Արցախի էջը փակվե՞ց՝ դատելով ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունից եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում դրսեւորած շահագրգռվածությունից։

-  Արցախի հարցը փակված համարելու դեպքում մեզ կմատուցվի խաղաղություն կոչվող մի լղոզված փաստաթուղթ, որի արդյունքում մենք կունենանք տնտեսական լրջագույն էքսպանսիա, եւ կկրկնվի Նախիջեւանի ծրագրի ժամանակակից, ավելի ագրեսիվ փուլը Հայաստանի ներսում։ Ոչ միայն Արցախի, այլեւ Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի հարցը երբեք չի կարող համարվել ավարտված, քանի չի գործել պատմական արդարության սկզբունքը։

- Հայաստան-Սփյուռք հարաբերություններն էլ, կարելի է ասել, սասանված են․ Փաշինյանի «հեղափոխական» մուտքով ոգեւորված սփյուռքահայերն այսօր նրա, թերեւս, ամենից խիստ քննադատն են։ Դուք ինչպե՞ս եք տեսնում Սփյուռքի հետ Հայաստանի փոխառնչությունների բարելավումը, չէ՞ որ ահռելի է օտար ափերում ապրող մեր հայրենակիցների ավանդը Հայ դատի պաշտպանության հարցերում։

- Հայաստանն աշխարհասփյուռ հայերի հայրական տունն է։ Ցավոք, առայսօր դրսի մեր քույրերին, եղբայրներին դիտարկել են որպես գրպան։ Եվ պարտադրել են ներդրում ունենալ ցանկացած խնդրի պարագայում, իսկ զուգահեռաբար նրանց զրկել են կարծիք ասելու կամ որեւէ գործընթացի մասնակցելու իրավունքից։ Դա եւս մեկ ծանր բեռ է վաղն իշխանության եկող ուժի համար։ Մեր կուսակցությունն ունի հստակ գործողությունների քարտեզ, որը մշակվել է մեր թիմի քաղաքական գործիչների, իրավաբանների, տնտեսագետների եւ հոգեբանների կողմից։ Այս ծրագրի իրականացումը, վստահաբար, մեր սփյուռքահայ ազգակիցներին պիտի հաշտեցնի հայրական տան հետ։

- Տարեմուտին ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին։

- Մաղթում եմ ազգիս, որ 2024 թվականը լինի ազգային ոգեղեն հոգու զարթոնքի տարի։ Ազգային արժանապատվության եւ հաղթանակների տարի։