Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները եւ ՀՀ շահը

Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները եւ ՀՀ շահը

Համաձայն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարության, Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը շարունակում է անշեղորեն աճել։ Ավելի ճշգրիտ՝ այդ աճը վերջին մեկ տարում կազմել է 1,5 անգամ ավելի։ Այսինքն՝ Հայաստանը 1,5 անգամ ավելացրել է առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ Միաժամանակ նախարար Քերոբյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները նաեւ քայլեր են ձեռնարկում, որպեսզի արտաքին առեւտրային ոլորտը դիվերսիֆիկացնեն եւ նոր ուղղություններով էլ փորձեն զարգացնել առեւտրաշրջանառությունը։ Այսինքն՝ նոր շուկաներ յուրացնեն ՀՀ արտադրողների համար, որ նրանք այդքան մեծ կախում չունենան Ռուսաստանի եւ ԵԱՏՄ տարածքի հետ, մասնավորապես՝ Լարսի անցակետի թողունակությունը չանդրադառնա մեր երկրի տնտեսության վրա։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերի կեսերին հայտարարել էր, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առեւտուրն ավելացել է 47,5 տոկոսով, հասնելով 5 միլիարդ դոլարի։ Սա բավականին լավ թիվ է, եւ կարելի է ասել, որ հետխորհրդային տարածքի տնտեսական ինտեգրացիոն միավորումը՝ ի դեմս ԵԱՏՄ-ի, բավականին բարերար ազդեցություն է գործում Հայաստանի տնտեսության վրա, եւ նույնիսկ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ին անդամագրումը Հայաստանին իր օգտակարությունն այս ընթացքում ապացուցել է։ Հաշվի առնելով Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի բավականին լարված հարաբերությունները, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերություններում ներկայում առկա խնդիրները, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների այս արդյունքը կարելի է համարել արդյունավետ ու հետաքրքիր։

Միաժամանակ նաեւ կարելի է առնվազն հասկանալ, որ եթե, օրինակ, ՀԱՊԿ-ի հետ Երեւանի հարաբերություններն այժմ, կարելի է ասել, հասցված են նվազագույնի, ինչը մեծ հաշվով Հայաստանի իշխանությունների ցանկությունն է, եւ ՀԱՊԿ-ի՝ Երեւանի հանդեպ ունեցած ոչ այնքան ընկալելի եւ ոչ այնքան միանշանակ վերաբերմունքի հետեւանքը, ապա Հայաստանի իշխանությունների համար Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները կարեւոր են եւ արժեքավոր։ Այսինքն, Հայաստանը տարբերակված քաղաքականություն է վարում ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի առումով եւ ամեն ինչ անում է ու անելու է ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու համար։ Գոնե թերեւս մինչեւ այն պահը, երբ գտնվի ԵԱՏՄ-ին բոլոր առումներով լիարժեքորեն փոխարինող հարթակ։ Ուստի, եզրակացությունը մեկն է՝ Երեւանը, անկախ աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական ընտրության հնարավոր փոփոխություններից, գոնե առաջիկա մի քանի տարիներին կամ նույնիսկ տասնամյակում, չի գնա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատացման։

Ի վերջո, հայկական տնտեսությունը կախված է այն արտոնություններից եւ նպաստավոր միջավայրից, որը նրան տալիս է ԵԱՏՄ-ն։ Եվ, ի վերջո, շահողը թե՛ աշխատուժն է, թե՛ ապրանքների ու ծառայությունների ազատ ու անխոչընդոտ տեղաշարժը, թե՛ բիզնեսի մրցունակության մակարդակի որակական բարձրացումը, թե՛ բարձր եկամուտները, որոնք ստանում է Հայաստանի բյուջեն՝ հարկերի տեսքով։ Այս համատեքստում, ըստ ռուսական մեդիափորձագիտական տիրույթում շրջանառվող տեսակետի, եթե ՀԱՊԿ-ից Երեւանը մեծ հաշվով չստանա ակնկալածը, թեկուզ վերաբերմունքի տեսքով, ապա ԵԱՏՄ-ի պարագայում վիճակը տրամագծորեն հակառակն է։

Բայց արդյոք Ռուսաստանը եւ ԵԱՏՄ անդամ երկրները կհանդուրժե՞ն, որ Հայաստանը դեմարշներ անի՝ ուղղված ՀԱՊԿ-ին եւ ռազմաքաղաքական համագործակցությանը, իսկ ԵԱՏՄ-ին շարունակի անդամակցել եւ տնտեսական օգուտներ ստանալ։ Ահա գլխավոր խնդիրը։ Մեր իշխանություններն իրենց գավառական շուստրիությամբ ուզում են խաբել ԵԱՏՄ անդամ երկրների փորձառու «գայլերին»։ Բայց կստացվի՞ արդյոք։