Մեր ընդդիմության հերթական աբսուրդը

Մեր ընդդիմության հերթական աբսուրդը

Երբ մի քիչ ուշադիր ես հետեւում այս երկրի քաղաքական եւ փորձագիտական հարթակներում շրջանառվող մոտեցումներին, առաջին բանը, որ գալիս է մտքիդ, այն է, որ այստեղ բոլորը զբաղված են նկարագրությամբ: Ամեն ինչ, ինչը որ արվում է այս հարթակներում, ոչ այլ ինչ է, քան իրավիճակի նկարագրություն:

Տեսեք, երբ թշնամին շրջափակում էր Արցախը, մեր երկրում բոլորը զբաղված էին Արցախում ստեղծված անմարդկային իրավիճակի նկարագրությամբ: Իսկ երբ թշնամին էթնիկ զտում էր իրականացնում Արցախում, երկրի ընդդիմությունն ու իշխանությունն արդեն մրցում էին իրավիճակի ողբերգականությունն ավելի ընդգծված նկարագրելու իրենց կարողություններով:

Շատ բան չի փոխվում, երբ հարցը վերաբերում է երկրի ներքաղաքական կյանքին: Այստեղ եւս ընթացող քննարկումներն այդպես էլ դուրս չեն գալիս Արեւմուտք, թե Ռուսաստան կամ էլ Արցախի կորստի մասին լալահառաչ տեքստեր ասելու շրջանակներից: Լավ է, որ գոնե վերջերս արտահերթ ընտրությունների թեման էլ է ավելացել: Հակառակ դեպքում իրոք որ ամեն ինչ ավելի տաղտկալի կլիներ:

Բայց արի ու տես, որ այստեղ եւս մեր քաղաքական ու փորձագիտական միտքը գերազանցեց ինքն իրեն: Գերազանցեցին այնքան, որ այդ գերազանցության մեջ հասավ այնտեղ, որ ընդդիմությունը դեմ եղավ արտահերթ ընտրություններին: 

Դեմ եղավ եւ այն էլ այն փաստարկով, թե իբր Նիկոլն արտահերթ ընտրություններում կօգտագործի պետական ռեսուրսներն ու իրենց կհաղթի: Կարծես թե հերթական ընտրություններում Նիկոլն իրենց խնայելու է եւ այդ ռեսուրսները չի օգտագործելու:

Ահա թե որն է իսկական աբսուրդը՝ մեր ընդդիմության աբսուրդը: Ընդդիմություն, որն այդպես էլ չի հասկանում, որ Նիկոլն իրեն հաղթում է ամեն օր ու հաղթում է արդեն հինգ տարի շարունակ: Այո, մեր ընդդիմությունն այսօր, ցավոք, այսպիսի ընդդիմություն է: Այնպիսի ընդդիմություն է, որը չի հասկանում, որ ե՛ւ արտահերթ ընտրությունների, ե՛ւ հերթականի ժամանակ, միեւնույն է` Նիկոլն օգտագործելու է այդ ռեսուրսը: Չի հասկանում նաեւ, որ Նիկոլն այդ ռեսուրսն օգտագործելու որքան հնարավորություն որ ունենա արտահերթի ժամանակ, նույնքան էլ կունենա հերթական ընտրությունների ժամանակ:

Այս իմաստով, իրենց գործն այսօր ոչ թե Նիկոլի կողմից այդ ռեսուրսի օգտագործման դեմ պայքարելն է, այլ ժողովրդին ոտքի հանելը: Իսկ քանի որ արտահերթ ընտրությունները ժողովրդին ոտքի հանելու հնարավորության առումով հսկայական ներուժ են պարունակում, ուրեմն պետք է պայքարել ոչ թե արտահերթ ընտրությունների դեմ, այլ դրա անցկացման համար: Իհարկե, մարդկանց ոտքի հանելը չի լինի միայն այդ այդ ներուժով, բայց այն չի լինի նաեւ առանց դրա:

Մարդկանց ոտքի հանելու հնարավորությունը կիրացվի միան այն ժամանակ, երբ այդ ներուժին ավելանա Արցախը հետ բերող Հայաստանի տեսլականն ու այն կառուցելու մարդկանց վճռականությունը: Այն կիրացվի, երբ այս կամ մեկ այլ ընդդիմություն սկսի խոսել այս երկիրն ու այս պետությունը փոխելու, այն ավելի լավը դարձնելու մասին: Երբ նա՝ ընդդիմությունը, այս հասարակությանն ու այս երկրին նոր հերոսի՝ մեր ժամանակների հերոսի կերպարը տա, նրան այդ կերպարով կդաստիարակի:

Այդ հերոսը, անշուշտ, չի կարող միայն Արցախի կորստով ապրող եւ «Նիկոլ դավաճան» ասելով բավարարվող հերոս լինել: Այդ հերոսը, իհարկե, չի կարող թշնամուց խաղաղություն մուրացող կամ «Խաղաղության խաչմերուկի» մասին անընդհատ ճամարտակող հերոս լինել: Նա նաեւ ադրբեջանական «Արեւմտյան Ադրբեջան» նարատիվն անընդհատ կրկնող եւ դրանով հայ ժողովրդին վախեցնող հերոս չի լինի:

Այդ հերոսը գործարան կառուցող ու պարապուրդի մատնված գործարանը վերագործարկող գործարարը պետք է լինի: Այդ հերոսը երկրի տնտեսության արդյունաբերականացման եւ արդիականացման համար աշխատող գիտնականը պետք է լինի: Այդ հերոսը երկրի ռազմարդյունաբերությունը կայացնող ու հզորացնող գյուտարարը կարող է լինել: Նա երկրի զինվորականության ու սպայակազմի համազգեստը կրող, դրա պատիվը հասկացող հերոս պետք է լինի: Այդ հերոսը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսությունում աշխատող հայ մշակի, երկրի հանքահումքային արդյունաբերությունը լեռնամետալուրգիա դարձնող տնօրենի ու բանվորի տեսքով պետք է գա: Նա երկրի վերականգնվող եւ չվերականգնվող էներգակարողությունների մեծացման ջատագովի նվիրվածությամբ պետք է ապրի: Այդ հերոսը հայ երեխային Հայաստանի ապագայի տեսլականով կրթող ուսուցչի ու դասախոսի տեսքը պետք է ունենա: Նա Հայաստանի ապագան տեսնող, նրան հավատացող պետական պաշտոնյան պետք է լինի:
Ահա թե ում եւ ինչի մասին է, որ պետք է մտածի ընդդիմությունը: Պետք է մտածի, քանի որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր այս ժողովուրդը կգնա միայն այն ընդդիմության հետեւից, որն ամենալավը կանի ոչ թե ուրիշ, այլ հենց այս գործը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ