Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են Հայաստանի անվերապահ կապիտուլյացիա

Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են Հայաստանի անվերապահ կապիտուլյացիա

Հայաստանի իշխանություններն այդպես էլ չարձագանքեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների՝ հինգ օր առաջ արված հայտարարություններին, որոնց իմաստն այն էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր եւ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը չհամաձայնի բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, այսինքն՝ համաձայնի ստորագրել անվերապահ կապիտուլյացիայի ակտի տակ, որը կկոչվի խաղաղության պայմանագիր: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը թեեւ կապիտուլյացիա էր, սակայն այն վերաբերում էր միայն Արցախի հանձնմանը, հիմա Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են, որ Հայաստանն ինքը եւս հանձնվի թուրքական կողմի բարեհաճությանը: 

Դեկտեմբերի 14-ին Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործ- նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով զորքերը հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշելու Հայաստանի առաջարկին, ասել էր. «Բաքվի համար անընդունելի է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու Երեւանի առաջարկը: Ադրբեջանցի զինվորականները գտնվում են իրենց տարածքում եւ պաշտպանում են Ադրբեջանի սահմանները»: 

Հայաստանի իշխանության ղեկին գտնվողներն արդեն երկու տարուց ավելի է՝ փորձում են հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարի, որ Հայաստանը ճանաչում են միջազգայնորեն ճանաչված 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ուզում են ադրբեջանական կողմի հետ համաձայնության գալ, որ երկու երկրների միջեւ սահմանը որոշվի 1974-75 թվականների ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներով, սակայն Ադրբեջանի պատասխանն առավել քան հստակ էր. ոչ մի 29,8 հազար քառակուսի կիլոմետր իրենք չեն ճանաչելու, ոչ մի քարտեզ իրենց համար հիմք չի կարող լինել սահմանների որոշման համար, Ալմա Աթայի հռչակագիրը կամ այլ միջազգային համաձայնագրերն իրենց համար հիմք չեն, 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի ընթացքում Հայաստանից գրաված տարածքները համարում է իրենցը, եւ այդ տարածքներից Ադրբեջանը դուրս չի գալու, Ադրբեջանն է որոշելու, թե որտեղով է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը:

Ադրբեջանը ոչ միայն դուրս չի գալու իր գրաված Հայաստանի տարածքներից, այլեւ պահանջելու է, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի, այսպես կոչված, անկլավները: Անվերապահ կապիտուլյացիան հենց այդպես է լինում. սահմանը որոշվում է ոչ թե համատեղ բանակցությունների, փոխզիջումների հիման վրա` դու սա ես տալիս, սա ես ստանում, այլ հաղթող կողմն է որոշում պարտվող կողմի սահմանները, որոշում է՝ ինչ վերցնի եւ ինչ թողնի պարտվողին, ինչ լրացուցիչ պահանջներ պարտադրի։ Օրինակ, ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի տարածք եւ Հայաստանի տարածքով անարգել, այսինքն՝ առանց մաքսային կամ այլ հսկողության երթեւեկելու հնարավորություն: Մի խոսքով, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի՝ որպես պետության ոչնչացում, իսկ Թուրքիան այս հարցում ամբողջովին աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը:

Նույն ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ Հայաստանի իշխանություններին բաց տեքստով ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացում չի լինի, քանի դեռ Հայաստանը չի կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, մի խոսքով՝ քանի դեռ Հայաստանը չի թուրքացվել, սահմանը չի բացվի: «Հայ-թուրքական սահմանի բացման հարցը մենք համակարգում ենք Ադրբեջանի հետ»,- Բաքվում ասել էր Հաքան Ֆիդանը՝ ավելացնելով, որ իրենք այդ հարցում որոշում կկայացնեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքներից ելնելով: Այս հայտարարությունը շատ կարեւոր է հատկապես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի եւ նրա մոտ արտգործնախարար աշխատող Արարատ Միրզոյանի համար. մեկը կառավարության նիստում էր ավետում, թե շուտով հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն կլինի, մյուսն էլ փորձում էր կանխատեսել, թե ինչ նկատի ուներ Հաքան Ֆիդանը, երբ իրեն ասել էր՝ սահմանը կբացվի «առաջիկա շաբաթների» ընթացքում: Թուրքիայի ԱԳ նախարարի ասածն այն է, որ եթե Փաշինյանն ու Միրզոյանն այդքան շատ են ուզում սահմանի արագ բացում, թող արագ կատարեն Ադրբեջանի պահանջները, եւ այդ դեպքում իրենք գուցեեւ բացեն սահմանը: 

Թուրքիան եւ Ադրբեջանը հօդս են ցնդեցնում Փաշինյանի խաղաղության օրակարգը եւ «Խաղաղության խաչմերուկը», նրանք ասում են, որ օրակարգ թելադրողն իրենք են, իսկ իրենց օրակարգում Հայաստան պետություն գոյություն չունի. իրենց պատկերացրածով՝ Հայաստանը պետք է լինի մի տարածք, որտեղ պետականություն չպետք է գոյություն ունենա, պետք է լինի սահմանափակ իրավասություններ ունեցող վարչակազմ, որի լիազորությունները կորոշեն իրենք, իսկ տեղական բնակչության ազգային կազմն էականորեն պետք է փոխվի՝ կազմված լինելով թուրքերից, իսկ հայկական բնակչությունը պետք է միայն սպասարկման գործառույթներ իրականացնելու համար: Ահա եւ թուրքական կողմի հավաքական առաջարկը Փաշինյանին եւ ամբողջ հայ հասարակությանը:

Ինչո՞ւ Փաշինյանը եւ նրա մոտ արտգործնախարար աշխատող Միրզոյանը չեն պատասխանում թուրքական այս առաջարկներին կամ պայմաններին: Թերեւս մտածում են, իսկ գուցե՝ բանակցում են, հասկանալու համար, թե կոնկրետ իրենց ինչ դերակատարում են վերապահում թուրքերն իրենց այս նախագծում:

Ավետիս Բաբաջանյան