Պղտոր ջրում ձուկ որսալու հատուկ դասընթացներ անցած գործիչների պակաս չկա Հայաստանում

Պղտոր ջրում ձուկ որսալու հատուկ դասընթացներ անցած գործիչների պակաս չկա Հայաստանում

Բացառությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտնի փաստաթղթի հրապարակվելուց հետո վարչապետի հրաժարականի նպատակահարմարության մասին Վեհափառի կողմից արված հայտարարության, ներկայումս հայաստանյան իրականությանը վերաբերող Եկեղեցու կողմից բարձրաձայնվող բոլոր խնդիրներն հայ ազգի համար ունեն գոյաբանական, իսկ որոշ դեպքերում՝ միայն բարոյական նշանակություն։

Վեհափառի հորդորն այդպես էլ ի կատար չի ածվել՝ վարչապետը մինչ օրս շարունակում է հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները։ Այրվել են Եկեղեցու՝ պետության հետ համագործակցելու բոլոր կամուրջները։ Արտակարգ իրավիճակում ենք հայտնվել։ Ինչ որ բան այնպես չի գնացել։ Ինչ որ սխալ հաշվարկներ են արվել։ Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Եկեղեցին ազգի գոյաբանական հարցերում լինելով հակակարծիք իշխանության ներկայացուցիչների հետ, հակապետական հայտարարություններ երբեք չի արել, և ըստ էության Պետության դեմ դուրս չի եկել, այլ ՔՊ կուսակցության որոշ ներկայացուցիչների մասին է միայն խոսք ասել։

Երբեք Եկեղեցին ու պետությունը հակառակ ճամբարներում չեն գտնվել, ինչպես հիմա են հայտնվել, և այս արտակարգ իրավիճակում հետ քայլ անելն երկուստեք անիմաստ է, ուստի Եկեղեցու համար մնում է շարունակել պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ ՔՊ կուսակցության համար՝ Վեհափառի հրաժարականը, որպեսզի հայ իրականության մեջ ևս մեկ «աննախադեպ» իրադարձություն տեղի ունենա։ 

Այժմ ջրերը պղտորվել են, իսկ պղտոր ջրում ձուկ որսալու հատուկ դասընթացներ անցած գործիչների պակաս չկա Հայաստանում։ Ակտիվացել են բոլոր «ձկնորսները»։ Ցավալի է, որ Էլիտար ընդդիմության կողմից անտեղի խանդ է նկատվում Եկեղեցու նկատմամբ։ Իրենց խոսույթներում հոգևորականների ակտիվության մասին կամ չեն խոսում կամ շատ կարևորություն չեն տալիս, ինչը ենթադրաբար կարող է ունենալ իր օբյեկտիվ պատճառները։ Կուզեմ, որ բոլորի համար, այդ թվում նաև իշխանությունների համար, հասկանալի լինի, որ որևէ հոգևորական վարչապետ դառնալու  նպատակ չունի։ Վարչապետի պաշտոնն ու հոգևոր կոչումն անհամատեղելի են։ 

Վստահաբար կարող եմ ասել, որ ասպարեզում երևացող որևէ հոգևորական վարչապետ դառնալու համար չի հրաժարվի իր հոգևոր կոչումից նաև այն պատճառով, որ հոգևոր կոչումը պակաս պատասխանատու ու պատվաբեր չէ, քան որևէ քաղաքական պաշտոն։ Այժմ եկեղեցին լիարժեք իր առաքելության մեջ է և առատորեն բաշխում է իր օրհնությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, իսկ ոմանք անեծքի վտանգի տակ են հայտնվել։

Պետք է հիշել միշտ, որ հաղթելու համար Փրկչական սիրով է պետք պայքարել ու չմոռանալ նաև, որ օրհնյալ է նա, ով օրհնում է և նզովյալ է նա, ով նզովում է։

Գենադի Մնացականյան