«Հրապարակ». ՀԿ-ներն արցախցիներին աջակցելու համար սկսել են դրսից գումարներ ստանալ

«Հրապարակ». ՀԿ-ներն արցախցիներին աջակցելու համար սկսել են դրսից գումարներ ստանալ

Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից, արցախցիների բռնի տեղահանությունից հետո արեւմտյան որոշ կառույցներ սկսել են ֆինանսավորել արցախցիների հետ կապված ծրագրեր, եւ դրամաշնորհներ ստանալու հարցում հմուտ ՀԿ-ներն արդեն դուրս են եկել այս «երակի» վրա: Ըստ այդմ, Արեւմուտքից ֆինանսավորվող որոշ կազմակերպություններ, նախկին քաղհասարակության մաս կազմող ՀԿ-ներ, նաեւ որոշ լրատվամիջոցներ, նոր ֆինանսական աղբյուրներ են գտել` արցախահայերի խնդիրների հետ կապված դրամաշնորհային եւ այլ ծրագրեր են գրում ու Արեւմուտքից գումարներ ստանում: Թվում է` ոչ մի վատ բան չկա սրանում. Եթե կա առաջարկ, կա նաեւ պահանջարկ: Եվ եթե այդ գումարների գոնե կեսն ինչ-որ եղանակով հասնի արցախցիներին, օգնի նրանց խնդիրների լուծմանը, նրանց հոգեվիճակը, սոցիալական վիճակը թեթեւացնելուն, արդեն լավ է: Բայց ամեն ինչ այդքան էլ պայծառ չէ:

Օրինակ, այն լրատվամիջոցները, որոնք երբեւիցե Արցախի հարցի մասին մեկ բառ անգամ չեն գրել եւ իրենց ողջ գործունեությամբ փորձել են հիմնավորել, որ Արցախը բեռ է, եւ պետք է նրանից ազատվել, իսկ արցախահայերի իրավունքներին բնավ չեն անդրադարձել` մանավանդ երբ Արցախը ծանր վիճակում էր, ու մարդիկ սովամահության եզրին էին, վերջին շրջանում սկսել են ակտիվորեն լուսաբանել այդ թեմաները: 

Իրավապաշտպան ՀԿ-ները եւս, որոնք մեծ մասամբ արեւմտամետ են, իսկ արեւմտամետների միակ երազանքը ռուսներին այս տարածաշրջանից հեռացնելն էր, իսկ Արցախում ռուսական ներկայությունը խանգարում էր այդ գործընթացին, եւ նրանք թաքուն կամ բացահայտ պաշտպանում էին փաշինյանական իշխանության «Արցախն Ադրբեջան է» թեզը, այժմ հանկարծ դարձել են արցախասերներ եւ իրենց ռեսուրսները կենտրոնացրել են արցախահայերին օգնելու գործին: Նրանք սկսել են զբաղվել արցախցի կանանց եւ երեխաների իրավունքներով, սկսել են երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերել, անգամ սննդամթերք եւ տարատեսակ պարագաներ են նրանց տալիս: Մոնիթորինգներ են անում, հոգեբանական ծառայություններ են մատուցում եւ այլն: Այն կազմակերպությունները, որոնք արդեն հասցրել են մտնել այս «գծի» մեջ, շատ են, բայց մենք փորձեցինք դաշտի հնաբնակներից մեկից մեկնաբանություններ ստանալ այս երեւույթի շուրջ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ ոչ մի զարմանալի բան չկա, որ իրենք օգնություն են ցուցաբերում աղետալի վիճակում հայտնված արցախահայերին: Նա նշում է, որ որոշ ֆինանսական միջոցներ ստացել են տարբեր կազմակերպություններից` արցախահայերին օգնելու համար, սակայն արցախահայերի՝ Արցախ վերադառնալու հարցով զբաղվել չեն կարող, քանի դեռ քաղաքական առումով չկա որեւէ հստակ որոշում: «Բնական է, որ նման վերաբերմունք պետք է լիներ, որովհետեւ այն մարդիկ, ովքեր խոցելի են, այս պահին ունեն բավականին լուրջ վերաբնակեցման խնդիրներ, ինչպես նաեւ տարբեր սոցիալական խնդիրներ, պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, ի՞նչ կա այդտեղ զարմանալու»,- նշում է Հովհաննիսյանը: Իսկ դրա համար ՀԿ-ները հավելյալ ֆինանսական միջոցներ ստանո՞ւմ են դրսից՝ հետաքրքրվեցինք մենք։ «Իհարկե, օրինակ՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը տրամադրում է որոշակի ֆինանսական աջակցություն, որպեսզի այն ընտանիքները, որոնք տարբեր մարզերում են ապրում, կարողանան գտնել ապահով տարածք եւ խոսել իրենց խնդիրների մասին: Իրականացվում են տարբեր միջոցառումներ, ոչ միայն սնունդ եւ նյութական աջակցություն, այլեւ նման հարցեր: Առաջին փուլում մենք նյութական օգնություն ցուցաբերեցինք ոչ միայն միջազգային կառույցների կողմից, այլեւ՝ նվիրատուների: Երկրորդ փուլի համար էլ պետք է տարբեր ծրագրեր իրականացնենք` ինտեգրման հետ կապված: Մարդիկ չեն կարող միայն սննդով ապրել, պետք է իրենց ապահով զգան, ի վերջո»,- ասում է նա: Ե՞րբ եք ստացել ֆինանսական միջոցները։ «Սեպտեմբերից հետո, ճգնաժամ է, այն ներկայացվում է նաեւ միջազգային տարբեր դերակատարներին, որպեսզի մարդիկ չմատնվեն անուշադրության: Դրանք հումանիտար ծրագրեր են: Ի դեպ` օգնություն ցուցաբերել ենք նաեւ մեր իսկ խնայողություններով»,- նշեց իրավապաշտպանը: Իսկ չե՞ք անդրադառնում նաեւ արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցին, չե՞ք զեկուցում միջազգային կառույցներին, որ արցախցիների համար առաջնային խնդիրը հենց դա է։

Զարուհի Հովհաննիսյանը նշեց. «Դուք հիմա ինձ քաղաքական հարց եք տալիս: Ես գտնում եմ, որ մարդու իրավունքն է՝ ապրել իր հողի վրա, բայց ես՝ ինքս, չեմ կարող ապահովել նրանց անվտանգությունը: Դա առաջնային խնդիր է, բայց քանի դեռ քաղաքական որոշումներն անհասկանալի են, պետք է այնպես անենք, որ այստեղ գոնե մարդիկ իրենց ապահով եւ լավ զգան, մինչեւ քաղաքական հարցերը պարզ դառնան»: