«Հրապարակ». Աբսուրդային, քաոտիկ, իրար հակասող, իրավիճակից դուրս գալու հայտարարություններ են

«Հրապարակ». Աբսուրդային, քաոտիկ, իրար հակասող, իրավիճակից դուրս գալու հայտարարություններ են

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վերլուծելն ու դրանցում ճշմարտության հատիկ գտնելը մասնագետների համար վաղուց անհնարին է դարձել։ Նախօրեին ԱԺ-ում կառավարության 2023թ․ կատարողականի ներկայացման ժամանակ նա «աննախադեպիզմի» ու ադրբեջանական նարատիվների՝ արդեն սովորական դարձած շքերթ էր կազմակերպել։ «Ակնհայտ է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ: Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետեւյալն է՝ հօդս են ցնդում Արեւմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը»,-հայտարարեց Փաշինյանն ԱԺ ամբիոնից։

Մի կողմ թողնենք այն, որ Հայաստանը տարբեր՝ մարդասիրական օգնության, զարգացման եւ տեխնիկական աջակցության ծրագրերի ներքո տասնամյակներ շարունակ՝ դեռ 90-ականներից սկսած, ֆինանսական աջակցություն է ստացել թե՛ Միացյալ Նահանգներից, թե՛ ԵՄ-ից, եւ Փաշինյանին խոստացված 270 միլիոն եվրոն ու 65 միլիոն դոլարն ամենեւին աննախադեպ չեն՝ ո՛չ իրենց ծավալով, ո՛չ էլ, ըստ էության, որպես այդպիսին։ Այս փաստի արձանագրումն արդեն իսկ բավարար է՝ հասկանալու համար, թե որքան անհեթեթ ու անհիմն է նրա այն պնդումը, թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չէին աջակցի Հայաստանին, «եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ»: Հայաստանը երբեւէ նախկինում միջազգային հանրության կողմից չի ընկալվել կամ ներկայացվել որպես ագրեսոր, ինչպես փորձում է մանիպուլացնել Փաշինյանը՝ հավանաբար, հիմա էլ այսկերպ փորձելով արդարացնել Արցախի հանձնումն ու ապագայում սպասվելիք զիջումներն արդեն ՀՀ տարածքներից, որովհետեւ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը նվիրելով թշնամուն, նույնը Տավուշի 4 բնակավայրերի հետ անել պատրաստվող Փաշինյանը հենց ինքն է Ադրբեջանին հիմքեր տալիս՝ աշխարհի առաջ Հայաստանն ագրեսոր ներկայացնելու։ 

Միջազգայնագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանին խնդրեցինք մեկնաբանել Փաշինյանի այդ հայտարարությունը։ «Բացարձակ աբսուրդը դժվար է մեկնաբանել։ Ճիշտ կլինի, եթե Փաշինյանը պարզաբանի, թե այդ երբ ենք մենք աշխարհի կողմից՝ բացի Ադրբեջանից, համարվել ագրեսոր, որ հիմա էլ ագրեսոր չենք»,- «Հրապարակ»-ին ասաց մասնագետը, որի կարծիքով, առհասարակ, բրյուսելյան հանդիպումը որպես ձեռքբերում կամ դարակազմիկ մի բան ներկայացնելն արդեն իսկ մեղք է, որովհետեւ դրա համար չկա որեւէ հիմք՝ սկսած ֆինանսական աջակցությունից, մինչեւ մի շատ կարեւոր հանգամանք՝ հանդիպումից առաջ Բլինքենի ու Ֆոն դեր Լայենի զանգն Ալիեւին։

«Ե՛վ Բլինքենը, ե՛ւ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը զրուցել էին Ալիեւի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ իրենք էին զանգել Ալիեւին։ Այս պարագայում խոսել, որ դարակազմիկ իրադարձություն եղավ, ուղղակի անհիմն է, որովհետեւ ի սկզբանե ակնհայտ էր, որ այդ հանդիպումը միակողմանի բնույթ է կրում, ու հանդիպմանը գերտերությունների ներկայացուցիչներն արդեն ներկայացել են Ադրբեջանի նկատմամբ նախնական կանխակալ դիրքորոշում ունենալով»,- մեկնաբանում է մասնագետը։

Ինչ վերաբերում է, առհասարակ, արցախյան բանակցային գործընթացը գլխիվայր շուռ տվող ու խեղաթյուրող հայտարարություններին, որոնք Հայաստանի վարչապետը երեկ շաղ տվեց ԱԺ ամբիոնից, միջազգայնագետը շեշտում է՝ 2018 թվականից ի վեր անընդհատ ինչ-որ փաստաթղթեր են օրակարգ բերվում, որոնք երբեք չեն եղել ՀՀ դիվանագիտական սեղանին։ Փաշինյանի հայտարարությունները նվազագույնը զարմանք ու հիմնավոր կասկած են առաջացնում մասնագետների շրջանում առ այն, որ այդ թեզերը Հայաստանից դուրս գրված ծրագրի բաղկացուցիչ մասն են, որովհետեւ դրանք, ինչպես մեր զրուցակիցն է նկատում, նույնությամբ կրկնում են շուրջ 30 տարի Ադրբեջանի կողմից ներկայացված փաստարկները՝ յուրովի մեկնաբանությամբ եւ համեմված մեր ժամանակների շնչով։
«Եթե 1996 թվականին Լիսաբոնում պարզվեց, որ այլեւս Արցախի հարց գոյություն չուներ, ինչպես ասում է Հայաստանի վարչապետը, այդ դեպքում 1999 թվականին ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահների ինստիտուտն ինչո՞ւ ստեղծվեց։ Սա ուղիղ մեջբերում է նրա երեկվա ելույթից։ Աբսուրդային, իրար հակասող, քաոտիկ բնույթ կրող եւ իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու նպատակով արված հայտարարությունների հետ գործ ունենք, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Եթե այս հայտարարություններն արվում են, չի նշանակում, որ Հայաստանում այլեւս չկան մարդիկ, որոնք կարող են դրան հակազդել՝ հիմնավորված իրական փաստերով եւ փաստաթղթերով»,- եզրափակում է Բալասանյանը։

Մարիաննա Ղահրամանյան