Մղձավանջային երազ

Մղձավանջային երազ

2018-ին ես մեծ հույսեր չէի կապում իշխանության եկող թիմի հետ, բայց երկար բանավիճում էի բոլոր նրանց հետ, ովքեր ասում էին, որ սրանք եկել են Արցախը հանձնելու, Հայաստանը ցնցումների տանելու համար, որ նրանց հատուկ են բերել` նախապես մշակված ծրագրով: Տեւական ժամանակ այս իշխանությունների թույլ տված սխալները բացատրում էի անփորձությամբ, հույս ունեի, որ կգիտակցեն իրենց վրա դրված պատասխանատվությունը, կսովորեն կառավարել երկիրը, կսկսեն ավելի քիչ սխալներ թույլ տալ եւ նախկինում կատարածներն ուղղել: Հետո վիճում էի նրանց հետ, ովքեր ասում էին՝ պայմանավորված պատերազմ ու պարտություն, Ալիեւի հետ պայմանավորվածություններ, Արցախի «վաճառք» եւ այլն: 2020-ի պատերազմից առաջ չէի հավատում, որ կարող են այդպիսի աղետալի զարգացումներ լինել` այդքան զոհ, տարածքների կորուստ: Որ կարող է Արցախի ինքնորոշման իրավունքի գործընթացի վրա այդպես արագությամբ եւ այդքան հիմնովին «դամբանաքար» դրվել, իսկ ընդամենը 3 տարի անց` Արցախի հայաթափում:

Անգամ 2022 թվականին ոչ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Արցախում ոչ մի հայ չի մնալու, եւ Ալիեւը հպարտորեն քայլելու է Ստեփանակերտում ու հիմնահատակ ավերելու է հայկական շենքերը: Հետո էլ վրա է հասնելու մի օր, որ թուրքը հայտնվելու է հայկական հողում, պահանջներ է ներկայացնելու ՀՀ-ից, եւ մեր իշխանությունը փրփրաբերան համոզելու է, որ նրա պահանջներն օրինական են` պետք է տալ, հակառակ դեպքում կհարձակվի մեզ վրա: Այս ամենը մի մղձավանջային երազ է թվում, որից ուզում ես արթնանալ, բայց չի ստացվում: Եվ ամենակարեւորը` այս բոլոր աղետների, փորձանքների, կորուստների պատասխանատուն` գործող իշխանությունը, ոչինչ չի անում երկիրը պաշտպանելու համար, բայց շարունակում է հոխորտալ, պառակտել, կալանավորել: