Ղազախստանի ԱԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Ղազախստանի ԱԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Ղազախստանի իշխանությունները որպես միջնորդ հանդես չեն գալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների`Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

Ավելի վաղ գրել էինք, որ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են Ալմաթիում, տեղեկությունը հաստատել էր ՀՀ ԱԳՆ-ն՝ միաժամանակ չնշելով բանակցությունների անցկացման ստույգ ժամկետը։

«Մենք հիմա կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի  մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա, մենք միայն բարի կամքի ծառայություններ ենք մատուցում` այսպես կոչված Good offices»,-ասել է Սմադիյարովը։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը վերջերս Երևան ու Բաքու կատարած այցերի ընթացքում կարևորել է այդ երկրների միջև տևական խաղաղության հաստատումը: Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց նաև, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։