Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին կձերբակալե՞ն․ ՄՔԴ-ն օրդեր է տալու

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին կձերբակալե՞ն․ ՄՔԴ-ն օրդեր է տալու

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման օրդեր է պատրաստում։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հրապարակման հեղինակները, վկայակոչելով իսրայելցի և օտարերկրյա պաշտոնյաներին, գրում են, որ ՄՔԴ-ն կարող է մեղադրանքներ առաջադրել նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուի և կառավարության այլ ղեկավարների դեմ։ Հոդվածում ասվում է, որ Իսրայելի կառավարության պաշտոնյաներին ՄՔԴ-ն կարող է մեղադրել Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը խոչընդոտելու և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը չափազանց կոշտ պատասխան տալու մեջ:

Իսրայելական Keshet-12 հեռուստաալիքը հայտնել է, որ այս շաբաթ ՄՔԴ-ն կարող է ձերբակալության օրդեր տրամադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։ Հեռուստաալիքի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մոտ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունեցել՝ քննարկելու այս հարցը։

Հանդիպման մասնակիցները, այդ թվում՝ ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, արդարադատության նախարար Յարիվ Լևինը, արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը, փորձել են սեփական ուղիներով արգելափակել այս որոշման ընդունումը, սակայն նրանց ջանքերն անհաջող են եղել։

Channel 12-ը գրել է, որ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հրամաններ է ուղարկել արտերկրում իսրայելական բոլոր առաքելություններին՝ նախապատրաստվելու հակասեմականության կտրուկ աճին ամբողջ աշխարհում, երբ դատարանը իսրայելցի քաղաքական գործիչների և զինվորականների ձերբակալման օրդեր տա: Ապրիլի 27-ին իսրայելական Maariv հրատարակությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ ՄՔԴ-ն կարող է ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, ինչպես նաև պաշտպանության նախարար Գալանտի և Գլխավոր շտաբի պետ Հալևիի նկատմամբ։