ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է․ Բայդեն-Նեթանյահու զրույցի մանրամասները

ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է․ Բայդեն-Նեթանյահու զրույցի մանրամասները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Նախագահը վերահաստատեց իր ամուր նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը՝ այս ամսվա սկզբին իրանական աննախադեպ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումից Իսրայելին հաջողությամբ պաշտպանելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Բայդենը և Նեթանյահուն քննարկել են նաև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող բանակցությունները՝ պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի շուրջ։

«Նախագահն անդրադարձել է 17 այլ համաշխարհային առաջնորդների հետ համատեղ հայտարարությանը, որտեղ նա ՀԱՄԱՍ-ից պահանջել է անհապաղ ազատ արձակել պատանդներին՝ ապահովելու հրադադարը և օգնությունը Գազայի բնակիչներին», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները խոսել են Գազայի հատվածին մարդասիրական օգնության ծավալների ավելացման, ինչպես նաև հարավային անկլավի Ռաֆահում Իսրայելի կողմից նախապատրաստվող գործողության մասին։