Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում

Երբ Նիկոլ Փաշինյանը  հայտարարություն է անում, մտածում ես՝ ի՞նքն է երեխա, թե՞ մեզ է երեխայի տեղ դնում։ Ասում է՝ սահմանին ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու։ Հանգիստ, ապահով զգացեք ձեզ։ Բերձորի ճանապարհին էլ կանգնած էր իրենց  «անկախ բնապահպաններ» հռչակած մի խումբ։ Ու տեսաք այդ խումբն ինչ արեց։ Իրենց կանգնեցրել էին, արդեն վստահաբար կարելի է ասել, որ հանձնեն,  հայաթափեն Արցախը։ Իրենց կանգնեցրել էին, որ սինխրոն պայմանավորվածությամբ մի ողջ ժողովրդի սովամահ անեն։ Որ Արցախի հզոր ժողովրդին  ուժասպառեն, «մի բուռ դարձնեն», ու այդ բուռը Հայաստանի իշխանության անդուլ ջանքերով Արցախից հանեն։ Նույն սինխրոն գործողությունը, ոչ մի բան չի փոխվել, իրականացվում է Հայաստանում։ Նիկոլի ադրբեջանական սահմանապահը կգա, ինչպես Բերձորի «անկախ բնապահպանները» եկան։ Տարբերությունը կլինի համազգեստի մեջ։

Շատ շուտով այդ և հարակից տարածքներում կկատարվի այն, ինչ Արցախում է կատարվել։  Թող արցախցիները ձայն հանեն, իմ շրջապատի արցախցիներից անընդհատ նույն բանն եմ լսում՝ «Հայաստանը  հունց վեր  էրկու տարի առաջվա Արցախը ինի, ամեն հինչ նույնն ա»։ Արցախը հիմա չկա։ Երբ կար, գիտակցու՞մ էինք նրա անհրաժեշտության չափը։ Հիմա Հայաստանն է նույն ճանապարհի վրա դրվել՝ նույն ձեռագրով, նույն ոճով, նույն անմաքուր ձեռքերով, մի ստորակետ անգամ չի փոխվել։ Հայրենիքը պահանջում էր մաքու՜ր ձեռքեր։ Արցախը հանձնելուց հետո Հայաստանը թողեցինք  նույն անմաքու՜ր ձեռքերում։ Հիմա Հայաստանն է նույն ձեռքերով հանձնվում, որովհետև այլևս սևանալու, կեղտոտվելու տեղ չկա․․․ Կարո՞ղ եք նշել մի ղեկավար, իշխանություն, որին ժողովուրդն այդքան ատեր․․․ Արցախը խավարեց։

Նույն խավարն այսօր Հայաստանին է պատել։ Շատերը դա չեն տեսնում, ինչպես մեր մեծերն են ասում՝ «Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»:  Քանի արևը կա, լույս է տալիս, նրանք դա չեն նկատում, որովհետև պակասը չունեն։ Նույնը Արցախն էր։ Հիմա ՝ Հայաստանը։ Ոմանք չեն նկատում, որ Հայաստանում լույսերը պակասում են, շունչը պակասում է, իրենք վայելում են եղածը, իրենք քամում են լուլսի վերջին շիթերը ու չեն նկատում, որ փոքրանում է երկիրը, դառնում ասեղի գնդիկի չափ․․․ Ու պատճառն այն է, որ Հայաստանը թողեցինք նույն անմաքու՜ր ձեռքերում․․․