Պարտվողական Չեմբեռլենի գովքը
Փաշինյանների ընտանեկան պարբերականում որոշել են պատմության առաջ «մաքրագործել» ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի անունը: Եվ որոշել են նրան համեմատել Մեծ Բրիտանիայի՝ 1937-1940 թթ. վարչապետ Նեւիլ Չեմբեռլենի հետ: Բայց քանի որ վերջինս պատմության մեջ մնացել է որպես «լուզեր» (անհաջողակ), ապա փորձել են վերախմբագրել նրա գնահատականը: Ի դեպ, անգլո-սաքսոնական մտածողության տեսակետից որեւէ մեկի գործունեությունը գնահատելու բացասական ածականը հենց «անհաջողակ»-ն է: Բայց որքան հասկանում եմ, անգլիացիների կողմից իրենց վարչապետներից մեկին տրված գնահատականը դժվար թե փոփոխության ենթարկվի նույնիսկ «ժողովրդավարության բաստիոնի» նախաձեռնությամբ: Ի դեպ, դա ասում է մեկը, ով տարիներ առաջ՝ շուրջ մեկուկես տասնամյակ, շաբաթվա հինգ օրը սկսել է այդ օրաթերթի ընթերցանությամբ: Ինչեւէ, վերը նշված կայքի վերլուծության «Հրապարակ»-ի վերլուծությանը մի երկու շտրիխ ավելացնեմ իմ կողմից:
Բայց նախ կատարեմ մի փոքր պատմաուսուցողական անդրադարձ: Հյուսիսային Ամերիկայի տարածքի բրիտանական գաղութների կողմից անկախություն նվաճելուց հետո ձեւավորված Միացյալ Նահանգների եւ նրա նախկին մետրոպոլիայի՝ Մեծ Բրիտանիայի միջեւ պատերազմ է ծագել ընդամենը երկու անգամ: Առաջինն անկախության համար պատերազմն էր՝ 1775-1781 թթ.-ին, երկրորդը՝ 1812-1815 թթ.-ին՝ Եվրոպայում նապոլեոնյան պատերազմների ընթացքում: Առաջին համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ն մասնակցել է հիմնականում Բրիտանական կայսրության կողմից առաջնորդվող Անտանտի կողմից: Պատերազմի ավարտից հետո այդ երկրները երկու ամենաուժեղ համաշխարհային ուժերն էին: Նրանց համագործակցությունը 1920-1930-ական թվականներին վերածվեց երկու պետությունների սերտ դաշինքի: Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչպիսի տեսք ուներ, կարող ենք դիտարկել մոտավորապես Ռուսաստանի ու Բելառուսի այսօրվա փոխհարաբերությունները: Կամ երեւի այսօրվա Գերմանիայի ու Լեհաստանի փոխհարաբերությունները:
Նույն այդ ժամանակահատվածում Գերմանիան դեռեւս լիովին չէր վերականգնվել Առաջին համաշխարհային պատերազմի պարտությունից հետո: Եվ Հիտլերի կողմից 1938 թվականի մարտին Ավստրիայի (ավստրիական անշլուսը), իսկ հոկտեմբերին Չեխոսլովակիայի Սուդետական մարզի գրավումը մեծ կասկածանքով էր իրականացվել: Պատճառն այն էր, որ Հիտլերը դեռեւս վստահ չէր սեփական ուժերի վրա. դրա մասին առկա են ժամանակակիցների հուշեր: Եվ եթե 1938-ին Անգլիան ու Ֆրանսիան կանգնեցնեին Հիտլերին, ապա պատմությունը, վստահաբար, այլ զարգացում կունենար: Իսկ վերջիններս այդ ժամանակ հաստատ ունեին նման կարողություններ: Այնինչ դա տեղի չունեցավ, եւ արդյունքում Ֆրանսիան 40 օրում հպատակվեց Գերմանիային, իսկ Մեծ Բրիտանիան կրեց մարդկային ու նյութական ահռելի կորուստներ:
Այնպես որ, Բրիտանիայի այդ օրերի «խաղաղարար» վարչապետ Չեմբեռլենին կարելի է «իսկապես» շնորհավորել, նաեւ՝ հատկապես նրա գովքն անողներին, չմոռանալով, որ վերջինիս պարտվողական քաղաքականության շնորհիվ ծագեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչն Անգլիայից ու Ֆրանսիայից բացի, հսկայական զոհեր ու ավերածություններ «պարգեւեց» մնացած մարդկությանը: Ի դեպ, այդ տարիներին ծագեց հայոց երկրորդ ու վերջնական ցեղասպանության սպառնալիքը թուրքերի կողմից: Դա, իմիջիայլոց, թուրքերին թշնամիներ չհամարողների համար:
Այդ ամենը, իհարկե, Չեմբեռլենը չտեսավ, քանի որ 1940-ի աշնանը հեռացավ այն աշխարհ, թեեւ ականատես եղավ Ֆրանսիայի խայտառակ պարտությանը գերմանական բլիցկրիգի հետեւանքով: Սակայն, ի տարբերություն վարչապետի աթոռից կառչած անձի, Չեմբեռլենի «խաղաղարարության» պատճառով տարածքներ էր կորցնում ոչ թե իր հայրենիքը, այլ՝ օտար երկրները: Եվ կորցնում էին ոչ միայն տարածքներ, այլեւ՝ անկախությունը: Քանի որ մեր օրերում Հայաստանն արդեն կորցրել է տարածքներ (Արցախն ու մնացած առանձին կտորները), իսկ վաղը կարող է կորցնել նաեւ անկախությունը, ապա խիստ «տրամաբանական» է այսօր նիկոլականների կողմից պարտվողական Չեմբեռլենի գովքն անելը: Մնում է, որ մենք կարողանանք խոչընդոտել «հայկական» Չեմբեռլենի ծրագրերը, որպեսզի իսկապես չկորցնենք մեր հայրենիքը:
Կարծիքներ