Լավրովը խոսում է ՀՀ իշխանության վարած քաղաքականության եւ Ռուսաստանի շահերի հակադրության մասին

Լավրովը խոսում է ՀՀ իշխանության վարած քաղաքականության եւ Ռուսաստանի շահերի հակադրության մասին

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Արեւմուտքը գործում է, իսկ Ռուսաստանը՝ ընդամենը խոսում, Արեւմուտքը մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանում, իսկ Ռուսաստանը՝ կորցնում, նեղացածի կեցվածքով արձանագրում է տեղի ունեցողը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում բողոքում է, որ Փաշինյանն իշխանության գալուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հավաստիացրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի, Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ, սակայն 2021 թվականին Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ խաղաղարար առաքելությունից, փոխարենը երկու ամսով ԵՄ դիտորդներ հրավիրեց երկիր, որոնց ժամկետը ոչ միայն երկարացվեց, այլեւ դրանք փաստացի վերածվում են ՆԱՏՕ-ի առաքելության. «Եվ այժմ Նորվեգիայից, Կանադայից եւ Միացյալ Նահանգներից զինվորականներ դեռ ուղարկվում են այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»:

Սերգեյ Լավրովին ի պատասխան կարելի է ասել, որ մենք ինքնիշխան երկիր ենք, մենք ենք որոշում` ում մեր երկիր հրավիրենք, ում մեր երկրից դուրս անենք, ուզում ենք` ԵՄ առաքելություն ենք հրավիրում, ուզում ենք` ՆԱՏՕ-ի առաքելություն, վաղն էլ կորոշենք, որ ռուս սահմանապահները կամ ռուս զինվորականները պետք է հեռանան մեր երկրից, նման որոշում կկայացնենք, ու դուք պարտավոր կլինեք կատարել մեր որոշումը: Մի խոսքով, համակերպվեք ձեր ներկա մերժված վիճակի հետ եւ պատրաստվեք ավելի վատին, վատթարին: Դե, ո՞վ կարող է հակադրվել Նիկոլ Փաշինյանի վարած հզոր եւ ինքնուրույն արտաքին քաղաքականությանը, նույնիսկ Ռուսաստանը ստիպված է լինելու հաշվի նստել նրա որոշումների հետ, ամենաշատը՝ նյարդայնացած՝ մատները կրծել կամ, ինչպես կասեր ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, «լավրովները թող գնան, իրենց լավրովի լիստերը չորացնեն»:

Լավրովի հարցազրույցի մեջ ամենաէական ձեւակերպումներից մեկը «ՆԱՏՕ-ի առաքելությունն» է, Լավրովն ասում է, որ Հայաստանում առկա ԵՄ առաքելությունն իրենք դիտարկում են որպես ՆԱՏՕ-ի առաքելություն, քանի որ դրան մաս են կազմում ԵՄ անդամ չհանդիսացող ԱՄՆ-ի, Կանադայի եւ Նորվեգիայի ներկայացուցիչներ, ինչը նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն: Նորից հիշենք, թե ինչից սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, եւ ինչ հիմնավորմամբ Ռուսաստանը զինված հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ: Մինչեւ պատերազմը Ուկրաինան հայտարարում էր, որ իր նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, այդ մասին գրված է Ուկրաինայի սահմանադրության մեջ՝ որպես երկրի առաջնահերթություն: Ռուսաստանը ՆԱՏՕ-ին եւ ամենից առաջ՝ ՆԱՏՕ-ի առաջնորդ ԱՄՆ-ին առաջարկում էր հրաժարվել Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու գաղափարից եւ իրեն գրավոր երաշխիքներ տալ, որ Ուկրաինան կմնա չեզոք երկիր: Ռուսաստանն Արեւմուտքին ներկայացրել էր գրավոր առաջարկությունների փաթեթ, որոնց ընդունումը թույլ կտար կանխել ռուս-ուկրաինական պատերազմը, սակայն Արեւմուտքը մերժեց ընդունել դրանք՝ համարելով, որ ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան պետք է որոշեն իրենց փոխհարաբերությունների մակարդակը, ոչ թե Ռուսաստանը: Երբ Ռուսաստանը տեսավ, որ բանակցելն այլեւս իմաստ չունի, անցավ ուժի գործադրման, ինչպես կասեր պատերազմի գերմանացի տեսաբան Կառլ ֆոն Կլաուզեւիչը՝ «Պատերազմը ոչ այլ ինչ է, քան քաղաքականության շարունակություն՝ այլ միջոցների գործադրմամբ»: 

Դժվար է ասել, թե ինչ շահեց Արեւմուտքը՝ Ուկրաինային մղելով Ռուսաստանի դեմ բաց հակամարտության, քանի որ եթե Արեւմուտքի նպատակը Ռուսաստանին պարտության մատնելն ու նրա հարստությանը տիրանալն էր, ապա այդ խնդիրը չի լուծվել: Իհարկե, Ռուսաստանը թուլացել է, եւ այդ իմաստով ինչ-որ հաջողություն կա, քանի որ Ռուսաստանն ունի նյութական եւ մարդկային հսկայական կորուստներ, բայց դրանք անհամեմատելի են Ուկրաինայի կորուստների հետ, որն այնքան է թուլացել, որ կարող է նույնիսկ վերանալ կամ առնվազն գոյություն չունենալ այն տեսքով, ինչպիսին կար մինչեւ 2022 թ. փետրվարի 24-ը: Գուցե Ուկրաինան կարող է ասել, որ դա այն գինն է, որն ինքը վճարում է ինքնիշխանության համար, բայց գուցե նման որոշումը ոչ թե ինքնիշխանության, այլ ընդհակառակը` դրա բացակայության արդյունք է, երբ պարտադրված ես հանուն օտար շահերի, կատարել օտարի հրահանգը՝ զոհելով պետությունդ, դրա տարածքն ու մարդկանց:

ՌԴ արտգործնախարարն ակնարկում է, որ Հայաստանը եւս գնում է նույն ճանապարհով՝ իր տարածքը դարձնելով ՆԱՏՕ-ի առաքելության տեղակայման վայր: Ռուսաստանն այս պահին բաց պատերազմի մեջ է ՆԱՏՕ-ի հետ, եւ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով Հայաստանը եւս վերածում են ՆԱՏՕ-Ռուսաստան բախման գոտու, նոր ռազմական պոլիգոնի: Եթե նման բան տեղի ունենա, իսկ դրա հավանականությունը գնալով մեծանում է, ապա կասկած չկա, որ դրա արդյունքը լինելու է Հայաստանի ոչնչացումը: Լավրովն ասում է, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը չի բխում Ռուսաստանի շահերից. «Համոզված եմ, որ սա չի համապատասխանում հայ ժողովրդի եւ մեր շահերին», ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կարող է այլ միջոցների դիմել իր, նաեւ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Հայաստանն Ուկրաինա չէ, որ հնարավոր լինի կիսել, մի մասը՝ Ռուսաստանին, մյուսը` Արեւմուտքին: 

Հասկանո՞ւմ է Փաշինյանը, որ իր գործունեության արդյունքը կարող է լինել Հայաստանը ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ դարձնելը, որը կարող է ողբերգական ավարտ ունենալ Հայաստանի համար: Իհարկե, հասկանում է, որովհետեւ չհասկանալ ուղղակի անհնար է, դա այնքան տեսանելի է, որ նույնիսկ գիտակցություն պետք չէ, այլ պարզ տեսողություն: Փաշինյանի համար Հայաստանի ոչնչացումն իր միակ փրկությունն է, որովհետեւ Հայաստանի գոյության պայմաններում ինքը չի կարող փրկություն ունենալ: Մինչդեռ եթե Հայաստան չլինի, ինքը քաղաքական վտարանդու կարգավիճակով կարող է հայտնվել որեւէ արեւմտյան երկրում: Միայն այդ դեպքում եւ այդ պայմանով: Հայաստանի քաղաքական եւ հասարակական գործիչների` Փաշինյանին ուղղված այն հորդորները, թե գնա, մենք խոստանում ենք ապահովել քո անվտանգությունը եւ անձեռնմխելիությունը, միայն թե դու գնա, ոչ թե ծիծաղելի, այլ զավեշտալի են, քանի որ նրանցից ոչ ոք չի կարող Փաշինյանին նման երաշխիք տալ, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ Փաշինյանը որեւէ արեւմտյան երկրում ապաստան կստանա, քանի դեռ չի կատարել Արեւմուտքի կողմից իրեն իջեցված առաջադրանքը:

Ավետիս Բաբաջանյան