Սոլովյովին լսելու հազար ու մի այլընտրանքային միջոց կա

Սոլովյովին լսելու հազար ու մի այլընտրանքային միջոց կա

Россия-1 հեռուստաալիքով եւ իր՝ Solovyov Life հեռուստաալիքով հեռուստալրագրող եւ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը բազմիցս ցույց է տվել իր հայամետ դիրքորոշումը եւ հատկապես 44-օրյա պատերազմի, ադրբեջանա-հայկական հակամարտության սրման շրջանում։ Նա պարբերաբար եթեր էր հրավիրում հայազգի գործիչների, խոսում էր այն մասին, որ Հայաստանն է Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը, որ Արցախը հայկական հող է եւ այլն։ Իսկ Crocus City Hall համերգասրահի ահաբեկչությունից հետո Սոլովյովը սկսեց փնտրել «ադրբեջանական հետք»: Ինչը, ի դեպ, առաջացրել էր ադրբեջանցիների վրդովմունքը:

Բայց երեկ առավոտյան տեղեկացանք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, այսինքն` Տիգրան Հակոբյանի որոշմամբ, Հայաստանում արգելափակվել է Սոլովյովի հաղորդումները եթեր հեռարձակելը: Իսկ ո՞րն է ռուս հեռուստամեկնաբանի եթերը ՀՀ-ում արգելափակելու պատճառը, ի՞նչ խախտում է նա արել, «Կիսաբաց լուսամուտներ» ու կուսաթաղանթի մասին գռեհկաբանություններ ցուցադրող հայկական ալիքներին ՀՌՀ-ն կարծես չի անդրադառնում, փոխարենը եթերից զրկում է նրանց, ովքեր համարձակվում են քննադատել Փաշինյանին: Նախ հայկական ընդդիմադիր հեռուստաընկերություններին զրկեցին կապուղիներից, հիմա էլ իրենց լիազորություններից ակնհայտորեն դուրս են եկել եւ անցել ռուսական ԶԼՄ-ները գրաքննելուն: Ի դեպ, երեկ նաեւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչը, ըստ լուրերի, նույնպես կապված է Սոլովյովի հաղորդման հետ:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական փիար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Առհասարակ, նորագույն տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում, որտեղ հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, ինչ-որ հաղորդում արգելափակելը նշանակում է ուղղակիորեն հնարավորություն տալ այլ եղանակով գտնել տվյալ հաղորդաշարը: Առհասարակ այն, ինչ այսօր մեզանում կատարվում է մամուլի` լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից, պաշտոնյաների վերաբերմունքը չորրորդ իշխանության նկատմամբ ամենաբարդ վիճակում է: Այս պարագայում խոսել մամուլի ազատության եւ ազատ խոսքի նկատմամբ հարգանքի մասին, պարզապես զարմանալի է: Իշխանություններն անընդհատ հարվածում եւ նսեմացնում են լրատվամիջոցներին, անվերջ վարկաբեկում են ու դրա արդյունքում ինչ են ուզում ստանալ, բարդ է հասկանալը: Մի մարդ, ով լրագրությունից հայտնվել է իշխանությունում, բոլորը կարծում էին, որ գոնե մամուլի վիճակն ինչ-որ առումով պետք է բարձր լիներ, մեդիա ասվածը կլիներ առավել լավ վիճակում, բայց այն, ինչ կատարվում է մեր երկրում, մեղմ ասած, հարիր չէ բոլոր այն եվրոպական չափանիշներին, որոնք իշխանությունները ցանկանում են արձանագրել: Հայաստանում չկա դիվանագիտություն, վերջին տարիների հակառուսական քարոզչության ալիքը նաեւ գալիս է լրատվամիջոցների ուղղությամբ: Ռուսական ալիքները գուցե որոշակի էթիկա են խախտում, այլ երկրների նկատմամբ վերաբերմունք են ձեւավորում, սակայն մեզանում տեղի ունեցողն էլ հակառուսական քարոզչության արդյունք է: Նման որոշումներն ինձ համար առավել շատ դիվանագիտական բնույթի են: Հայաստանը, փոխարենը հավասարակշռված քաղաքականություն վարելու, բացառում է մեկին, ապավինում` մյուսներին»:

Հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանն էլ նշում է. «Այս վարչախումբը սիրում է լսել ու տեղ տալ միայն նրանց, ովքեր սպասարկում են իրենց շահերը: Արգելում են բոլոր այն մարդկանց, ովքեր ՀՀ-ից ու արտերկրից հակադրվում են իրենց, ասպարեզ բերելով արդարացի քննադատություն: Բոլորովին վերջերս էլ երկու հասարակական գործիչ` Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը բերման ենթարկվեցին ու կալանավորվեցին: Եթերազրկում հասկացությունը 2024 թվականին հնացած կատեգորիա է, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լսել նույն Սոլովյովին կամ նրա տելեգրամյան ալիքին են բաժանորդագրվում կամ էլ այլ միջոցներով են հետեւում նրան: Հազար ու մի այլընտրանքային միջոց կա՝ մեկնաբաններին հետեւելու համար: Հայաստանում նույն Սոլովյովին եթերազրկելով չեն հասնելու այն արդյունքին, որին ցանկանում են հասնել»:

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն էլ ասաց. «Նախ ասեմ, որ ես Սոլովյովին չեմ հետեւում: Ինչքանով գիտեմ, նա զբաղված է ռուսական պրոպագանդայով ու երբեմն խոսում է շատ կտրուկ: Ռուսական մշակույթի քարոզիչներից է, արտահայտվում է շատ կտրուկ ու անձնավորված, հարցն այն չէ՝ ճի՞շտ է խոսում, թե՞ սխալ: Իմ կարծիքով` այս պահին ճշմարտությունն ու արդարությունը Ռուսաստանի կողմն են, այլ ոչ թե Արեւմուտքի, ինչո՞ւ․ որովհետեւ Արեւմուտքը հավատարիմ չէ իր քարոզած արժեքներին: Ռուսաստանն այսօր քարոզչական դաշտում խայտառակ պարտություն է կրում: Ռուսական քարոզչության մեջ մի խնդիր կա, տարիներ շարունակ քարոզով զբաղվում են նույն դեմքերը: Մարգարիտա Սիմոնյան, Սոլովյով եւ այլն: Նրանք արդեն շատ հայտնի են ու գուցե շատերի մոտ նողկանք են առաջացնում: Արեւմուտքի պարագայում այլ է: Նրանք անընդհատ փոփոխում են իրենց քարոզիչներին: Օրինակ, Հայաստանում կա Արման Բաբաջանյան, բայց ի հայտ եկավ Չիբուխչյան անունով մի այլ քարոզիչ, ով ասում է նույն ստերը, ինչ մյուսները, պարզապես այլ դեմքով ու այլ կենսագրությամբ»: