Հանգամանքներ, որ չի գիտակցում այդ անձը

Հանգամանքներ, որ չի գիտակցում այդ անձը

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն այս օրերին, ենթադրաբար, վայելում է վերջին երեքուկես տարվա իր կյանքի լավագույն պահերը: Նման եզրակացության համար հիմք է ծառայել բետոնի սյան լուսանկարի հրապարակումը նրա կողմից: Եվ իր դասախոսություններում այդ սյուների քանակի ավելացման մասին հիշատակումները:

Կարծում եմ նաև, որ առաջիկա մի քանի շաբաթվա կամ նույնիսկ ամսվա ընթացքում սյան թեման փոխարինելու է «լեգիտիմություն» հասկացությանը: Որովհետև, որքան հասկանում եմ, սպիտակ այդ սյունը լեգիտիմության նիկոլական ընկալման խորհրդանիշն է: Իսկ լեգիտիմությունը վերջինիս համար, ինչպես գիտենք, անվտանգության ապահովման հիմնական գործոնն է: Սակայն իրականության մեջ, դժբախտաբար, առկա են երկու այլ գործոններ:

Մեկը սեփական բանակն է, իսկ մյուսը՝ ավելի ուժեղ մեկ այլ պետության կողմից ստեղծված անվտանգային համակարգը: Եթե, իհարկե, սեփական բանակը բավարար հզոր չէ, որպեսզի ամբողջությամբ ապահովի երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունը: Այն, ինչ առկա էր մերժված նախկինների օրոք:

Սակայն, չգիտես ինչու, այդ պարզ իրողությունը չի ցանկանում գիտակցել այն անձը, ով հանձն է է առել ապահովելու հայոց պետության և նրա քաղաքացիների անվտանգությունը: Ինչի արդյունքում անընդհատ ստեղծում է անվտանգային լուրջ սպառնալիքներ: Իսկ խոսքի մակարդակում, իր ասելով, հասցեագրում է այն: Չգիտեմ ում ինչ է վերջինս հասցեագրում, սակայն Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի առանձին բնակավայրերի բնակչության անտանգության խաթարմանը հիմա էլ հետևում է Տավուշի գյուղերինը: Ինչպես որ յուրաքանչյու մեծ գործ սկսվում է առաջին փոքր քայլից, այնպես էլ ողջ երկրի անվտանգությունն ապահովվում է սահմանային որևէ «իքս» գյուղի անվտանգությամբ: Չի կարող սահմանային այս կամ այն գյուղի անվտանգության խաթարումն ապահովել ողջ պետության անվտանգությունը: Սա էլ երկրորդ հանգամանքն է, որ չի գիտակցում վարչապետի աթոռից կառչած անձը: Կամ համառությամբ փորձում է վանել այն իրենից, քանի որ այն չի համապատասխանում իր ուղեղում ստեղծված՝ անվտանգային ինչ-որ վիրտուալ համակարգին:

Երրորդ հանգամանքը, որ բացարձակ չի ընկալվում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից, հասարակության պառակտման անթույլատրելիությունն է: Հատկապես այնպիսի երկրի առումով, որի անվտանգային համակարգը գտնվում է արտաքին լուրջ սպառնալիքների ներքո: Նրան թվում է, թե Հայաստանը 2024 թվականի գտնվում է նույն այն կարգավիճակում, ինչ առկա էր 2018 թվականին: Երբ բռնի ուժով իշխանություն գրավելու նպատակով իր ղեկավարած շարժումը պառակտեց հասարակությունը՝ բաժանելով այն սևերի ու սպիտակների: Մոռանում է, որ 2018-ի վերջին Հայաստանը չուներ այն անվտանգային սպառնալիքները, որ առկա են այժմ իր վարչապետության հետևանքով: Դրան գումարած այն հանգամանքը, որ բնակչության շրջանում այսօր նա չունի այն վստահությունը, որ առկա էր 2018-ին: Չգիտես ինչու նրան թվում է, թե սեփական հեղինակության կորուստը կարելի է անընդհատ կոմպենսացնել ոստիկանական բռնարարքներով: Ասենք՝ տավուշցիների կողքին կանգնած գնդապետ Միհրան Մախսուդյանին պատժելու նպատակով խուլիգանության մեղադրանքով նրա որդուն կալանավորել տալով: Այն էլ այն դեպքում, երբ երիտասարդ Մախսուդյանն ընդամենը հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Իսկ մեքենայում գտնվողներին, բնականաբար, ոչինչ չի ասվել:

Եվ տվյալ հոդվածի առումով վերջին հանգամանքը. ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը չի գիտակցում, որ հնարավոր չէ նույնիսկ կարճաժամկետ խաղաղություն հաստատել այն թշնամու հետ, որը ցանկանում է իր երկրի վերացումը: Որպես օրինակ բերեմ Իրանի, որի շահերը բնականոն համադրվում են մեր երկրի շահերի հետ, հարաբերություններն Իսրայել պետության հետ: Իրանը չի ընդունում Իսրայելի գոյությունն ընդհանրապես, և ստանում է վերջինիս համապատասխան վերաբերմունքը: Նույն երևույթն առկա է Հայաստան- Ադրբեջան փոխհարաբերություններում: Ներկայացնեմ ընդամենը մեկ փաստ: Թշնամի երկրում IX և X դասարանների աշակերտների շրջանում անցկացվում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադան: Դրա սկզբնական փուլին մասնակցել է մոտ 10000 աշակերտ։ Կարծում եմ, որ նույնիսկ Նիկոլին պետք է պարզ լինի, որ այդ երեխաները մեծանալու են «Արևմտյան Ադրբեջանը» վերադարձնելու գաղափարով թունավորված: Իսկ նման պայմաններում, վերը նշված անձի կողմից «ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքար» համարվող բետոնե սյուներն ի վիճակի չեն լինելու կանգնեցնել թշնամուն: Եվ ոչ էլ դա կանի ՌԴ-ն, որին թնամացանք, և կամ Արևմուտքը, որի համար Բաքուն մնալու է հուսալի գործընկեր։