«Հրապարակ». «Ցե-Կվադրատ» հիմնադրամն էժան փիառի ձեւը գտել է

«Հրապարակ». «Ցե-Կվադրատ» հիմնադրամն էժան փիառի ձեւը գտել է

Դեռեւս տարիներ առաջ Հայաստան մտած «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» (C-QUADRAT Ampega Asset Management Armenia) հիմնադրամը, որը կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, օրերս որոշել է թաքնված ու շատ էժան գովազդ ապահովել կուտակային կենսաթոշակի համակարգի համար։ Նա մրցանակներ է խոստանում այն լրագրողներին, որոնք լավ-լավ բաներ կգրեն կուտակային կենսաթոշակի համակարգի մասին` ներդրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Դրամական պարգեւները կլինեն 300 հազար, 500 հազար դրամ։ Եվ սա ոչ թե PR են անվանել, ոչ թե գովազդ, ինչն ավելի ազնիվ կլիներ, այլ լրագրողական մրցույթ։ 

Կազմակերպիչները մանրամասն նկարագրում են, թե ինչ պետք է գրեն սույն լրագրողները․ «Նյութի նպատակն է՝ համակարգի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Նյութը կարող է ներառել համեմատական վերլուծություն հարեւան երկրների կենսաթոշակային համակարգերի հետ, ներկայացնել տարիների ընթացքում գրանցված արդյունքները, քննարկել ապագայի հնարավոր սցենարներ, այդ թվում՝ որքան կենսաթոշակ կստանան համակարգի մասնակիցները՝ համեմատած իրենց ներկա աշխատավարձի հետ եւ այլն»։

Այլ կերպ ասած՝ ոչ մի օբյեկտիվ ինֆորմացիա, միմիայն՝ գովազդ, որը տվյալ դեպքում կոչվում է հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Այս եղանակով գովազդը բավականին էժան կնստի տվյալ ընկերության վրա` երեք անվանակարգում բաժանվելու է 500 հազար ՀՀ դրամ+ 300 հազար + էլի մի 300 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, 1 մլն 100 հազար դրամ ծախսելով, «Ցե-Կվադրատ» ֆոնդն ամբողջ լրատվական դաշտը ողողելու է կասկածելի ու Հայաստանի համար ոչ շահավետ կուտակային կենսաթոշակի համակարգի փառաբանմամբ։ 

Լրագրողական սկզբունքներն արգելում են նման «գռդոնը», իսկ սա այլ կերպ հնարավոր չէ անվանել, քանի որ պատվիրատուն միայն եւ միայն դրական նյութեր է ակնկալում, այլ ոչ թե իր գործունեության օբյեկտիվ վերլուծություն, որտեղ կարող են լինել նաեւ քննադատություն, կենսաթոշակառուների դժգոհություն, հիմնադրամի այս տարիների գործունեության բացասական ասպեկտների վերհանում: Այսինքն՝ «կլիենտն» է որոշելու հրապարակումների ուղղվածությունը, բայց վստահ ենք` կլինեն «գռդոնի» սիրահարներ, որոնք, թեւերը քշտած, աղը կառնեն ու կվազեն սույն խիարի հետեւից։ Բայց ամենահետաքրքիրն այս մրցույթի թեման է, որը խիստ ՔՊ-ական ծագում ունի՝ «Ապագան հիմա է․ 10 տարի հետահայաց եւ հեռանկարում»։ 

Մինչդեռ կուտակայինը ոչ թե «հիմա»-ի» մասին է, այսինքն` այդ «ապագան» ոչ թե հիմա է, այլ՝ հետո: Իսկ ամենաօբյեկտիվ տեսակետն այս հիմնադրամի եւ համակարգի մասին հնչեցրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը, ով բազմիցս նկարագրել է ե՛ւ կուտակային համակարգի հետահայացը, ե՛ւ հեռանկարը։ Նա զգուշացրել է, որ Հայաստանի զարգացման ներկայիս մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, ՀՀ բյուջեի մի 5-6%-ը 45 տարով երկրից դուրս հանելը եւ ինչ-որ կասկածելի արտասահմանյան ֆոնդերի ի պահ տալն անտրամաբանական ու հանդուգն կուտակում է։ 

«Մենք թաղված ենք միջնաժամկետ եւ միջին երկարաժամկետ (համենայնդեպս՝ 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6% հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է՝ այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է»,- ասում էր Բագրատյանը։ Եթե «Ցե-Կվադրատին» հետաքրքրեց, կարող է այդ 1 միլիոն 100 հազար դրամը տալ եւ Հրանտ Բագրատյանին նոր վերլուծություն պատվիրել, բայց դա չի լինի կեղծ գովազդ, այլ կլինի իրական վերլուծություն` բոլոր ռիսկերի եւ հեռանկարների արձանագրմամբ: