Երանի՜ գիժ լինեիր․․․

Երանի՜ գիժ լինեիր․․․

Եթե երկիրն արհավիրքի մեջ է ու երկրի ղեկավարը մանկապարտեզում  երեխեքի հետ թռվռում է, ի՞նչ կմտածեք։ Թշնամին երկրիդ տարածքներն է զավթում, իսկ ղեկավարը բասկետբոլի գնդակ է խաղում կամ կախիչի ամրությունն  ստուգում։

․․․Հազարավոր ողբերգական եթեներ կան ու պատասխանատուի կողմից հազարավոր անպատասխանատու գործողություններ։ Դրանք թվարկելն անգամ ցավ է պատճառում,  լավ է լռել, ինչպես լռում են ցավ ունեցողները։ Պետության համար վճռորոշ պահին գլխավոր պատասխանատուն իրեն պահում է այնպես, ասես այս ամենն իր կառավարած երկրում չի կատարվում, ասես ինքը պարոն ոչ ոքն  է։ Ասես Հայաստանն ամբողջովին օտար հող է,  և ինքը կոչված է մաս- մաս հանձնելու շահառուներին։ Երանի՜ գոնե ,,պարոն ոչ ոք լիներ,,՝ ոչ խոսե՜ր, ոչ խաբե՜ր․․․Բայց ինքը կա, գործում է՝ օտարի նման, օտարի սրտո՜վ․․․ Պաղ ու հաշվարկված։ Արհավիրքների ժամանակ անհաղորդ, ասես ցավ չի զգում․․․ Եվ ի՞նչ է ուզում ապացուցել իր պատճառով  հող ու սերունդ կորցրած տարաբախտ հային։ Որ իր վրա ոչինչ չի՞ ազդում․․․

Ջահել մի տղայի թաղում եմ հիշում, երբ մայրը կորցրել էր բանականությունն ու պարում էր․․․ Ես դա կյանքում չեմ մոռանա։ Այդպես էլ ուշքի չեկավ՝ դավին անտեղյակ, ցավին անտեղյակ։ Մի ողջ ոսկե գենոֆոնդ ես կորցրել։  Արցախ է հայաթափվել։ Հայաստանն է հատվածաբար հանձնվում։ Ո՜նց ես ժպտում։ Ո՜նց ես ամեն օր «քեզ քամուն տալիս»։ Մեր մեծերը գիտե՞ք ինչ էին ասում ցավին անհաղորդ մարդուն՝ գժի համար ամեն օր հարսանիք է․․․ Բայց երանի գի՜ժ լինեիր․․․ Դա մեր ազգի արժանապատվության փրկությունը կլիներ։