«Շարժումն իր տրամաբանությամբ ընթանում է՝ նույնիսկ առանց որևէ կտրուկ գործողությոնների, շատերն են միանում: Երեկ, օրինակ, մի աղջիկ իր սրճարանը փակել ու միացել էր շարժմանը։ Տեսեք՝ ինչպես են մարդիկ ողջունում, առավոտից ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է»,- անդրադառնալով հարցին, թե արդյոք շարժումը մարո՞ւմ է, այսօր ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նկատելի է, որ օրվա իշխանությունները փորձում են համառորեն տարածել այն թեզը, թե շարժումը մարում է եւ հրահանգված խոսում են, գրում են այդ մասին: Ցուցարարներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ հանրահավաքների ժամանակ մարդկանց քանակի տատանումը պայմանավորված է նրանով, որ շատերը մարզերից են գալիս` գիշերելու տեղ չունենալով վերադառնում են տուն, շատերը` համակարգիչների մոտ նստած են հետեւում` սպասելով հարմար պահի, իսկ ՔՊ-ականները փորձում են ներշնչել, թե մարդիկ հիասթափվել են ու շարժում մարել է, որ իրենք եւ իրենց առաջնորդը շարունակեն իրենց սեւ գործը` սահմանազատման անվան տակ Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին հանձնելը: Իսկ եթե իշխանությունն ավելի ուշադիր լիներ, ապա կնկատեր, որ հանրությունը հիասթփված է միայն ու միայն այս իշխանությունից եւ այդ հիասթափությունն օրեցօր աճում է:
Ի վերջո ի՞նչ հանգուցալուծում կլինի, կհաջողի՞ արդյոք պայքարը, զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:
- Ձեր կարծիքով` ի՞նչ փուլում է շարժումը և ի՞նչ կարող է տեղի ունենալ:
- Շարժման որշում կայացնողներին պետք է որ հասու լինի, թե ինչ է տեղի ունենալու:
- Եթե խորհրդարանական ընդդիմությանն եք ակնարկում, ապա նրանք ասպարեզում չկան, պնդում են, որ սա ինքնաբուխ պայքար է և եկեղեցին է այն իր ուսերին վերցրել:
- Եկեղեցին չգիտեմ, բայց Բագրատ սրբազանն իսկապես վերցրել է այդ խնդիրն իր ուսերին: Շատ կարևոր է, որ նա բարոյական խնդիր է դրել և դրա շուրջ մարդիկ միավորվել, փողոց են դուրս եկել, մեր ժողովուրդը փողոց դուրս գալու իր ակտը կատարել է: Մարդիկ ասում են, որ այս շարժմանն աջակցում են: Շատ կարևոր է շարժման քաղաքական բաղադրիչը, ի դեպ կարևոր չէ, թե քանի հոգի է դուրս գալիս փողոց: Հայտնի հանրահավաքի ժամանակ մարդիկ իրենց ակտը կատարել են ու իրենց աջակցությունը տվել են: Այժմ պետք է շարժումն ասի, թե ինչ ուզում և ինչպե՞ս է տեսնում ապագա Հայաստանը: Արտաքին քաղաքական ֆունկցիան այստեղ ևս շատ կարևոր է: Եթե մարդիկ տեսնեն կոնկրետություն, կաջակցեն ավելի ակտիվ, անգամ 200 հազար մարդ փողոց դուրս կգա:
- Բայց քաղաքական ուժերը, ընդդիմադիրները հրապարակ գալիս են գաղտագողի: Նրանք կոմպլեքս ունեն, որ իրենց ներկայությամբ կարող են շարժումը տապալել ու գուցե դրա մեջ կա ճշմարտության հատիկ:
- Ես չեմ կիսում այն տեսակետը, որ քաղաքական ուժերը պետք է մի կողմ քաշվեն: Նրանք կամ պետք է իրենց մանդատները վայր դնեն, կամ վայր չդնեն: Եթե վայր դնեն, կստեղծվի կառավարման ճգնաժամ: Տեղի կունենան նոր ընտրություններ: Տպավորություն ունեմ, որ նրանք վախենում են մանդատները վայր դնելուց:
- Սրբազանն էլ ասաց, որ անվստահություն պետք է հայտնեն այս իշխանություններին, բայց հնարավո՞ր է այս իշխանության հետ ընտրությունների գնալը, այն դեպքում, երբ ՔՊ-ականներն ունեն վարչական լծակներ, հմտացել են ընտրակեղծարարությունների մեջ:
- Չեմ կարծում, թե կարող են կեղծել:
- Պետական աշխատողներին, բանակում ծառայողներին ստիպում են ընտրել իշխող ուժին, դա արդեն իսկ ռեսուրս է:
- Ռեսուրս է, բայց ոչ ամբողջական, այլ որոշակի: Եթե լինի հանրային շարժում, այդ ռեսուրսները փոքրամասնություն կկազմեն, հարցը հետևյալն է. կարո՞ղ են քաղաքական ուժերը մոբիլիզացիայի հասնել, թե՞ չեն կարող: Մաքսիմում իշխանությունները 10 ռեսուրս ունենան: Ես չգիտեմ քաղաքական ուժերի ասպարեզ դուրս գալուց հետո ինչ տեղի կունենա, ամեն դեպքում այս պահին նրանցից միայն պահանջվում է վայր դնել մանդատները, ուրիշ ոչ մի բան` դեռևս:
- Իսկ հետո՞:
- Հետո ընտրություններ կլինեն, կամ ընդդիմությունը կհաղթի, կամ իշխանությունը:
- 2021-ին Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ այսօ՞ր:
- Անուններ չեմ տա: Հանրահավաքների ժամանակ ես դեռևս քաղաքական կոնկրետություն չեմ տեսնում: