«Հրապարակ». Այդ մարդը գիշատիչ ձեւերն ու մեթոդներն օգտագործում է՝  արցախցիներին վերացնելու, Հայաստանից վտարելու համար

«Հրապարակ». Այդ մարդը գիշատիչ ձեւերն ու մեթոդներն օգտագործում է՝  արցախցիներին վերացնելու, Հայաստանից վտարելու համար

Արցախը հանձնած հայաստանյան իշխանությունները հակաարցախյան նոր ալիք են բարձրացրել։ Տպավորություն է, որ փորձում են վերջնականապես փակել Արցախի էջը, թույլ չտալ, որ անգամ Արցախի մասին խոսվի։
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե արցախցիները, «խոսելով վտարանդի կառավարության մասին», սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Արշավի առիթն Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցն էր՝ ֆրանսիական  «Ֆիգարո»-ին տված։ Նիկոլ Փաշինյանը հուզվել էր Շահրամանյանի անմեղ  հայտարարություններից, մասնավորապես՝ «Արցախն այլեւս տարածք չունի, բայց ֆորմալ առումով դեռ կա վտարանդի պետություն եւ կառավարություն»: Եվ նա ուղիղ եթերում հստակ ուղերձ հղեց իրավապահ համակարգին․ «Եթե որեւէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է։ Եվ հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Ես ուզում եմ, որ էս ուղերձը հստակ լինի բոլորի համար։ Եվ սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից։ Սա հստակ արձանագրում է, եւ այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում։ Ուզում եմ սա բոլորիս համար հասկանալի լինի»։ Փաշինյանը քանիցս կրկնեց, թե Հայաստանում մի կառավարություն կա, եւ դա իր կառավարությունն է։

Պարզեցինք, որ արցախցիները չեն վախեցել Փաշինյանի սպառնալիքներից, կանխատեսում են, որ առաջիկայում իրենց նկատմամբ քրեական շինծու գործեր կսարքվեն: Փաշինյանի ու թիմակիցների պահվածքից այլ մտահոգություն էլ ունեն՝  բացի այն, որ Արցախի էջը վերջնականապես փակելու իր պարտավորությունների մասին Փաշինյանն Ալիեւին հրապարակային հավաստիացումներ է տալիս, նաեւ նրա հետեւյալ արտահայտությունը` «եթե արտաքին ուժերը փորձեն Հայաստանի անվտանգության համար խնդիրներ ստեղծել՝ օգտագործելով որոշ շրջանակների», մատնում է, որ Հայաստանի գլխին էլ է աղետ բերում եւ հիմա մեղավորներ է փնտրում՝ ի դեմս արցախցիների, ռուսների։ Թե արտաքին որ ուժերը կոնկրետ որ շրջանակներին կարող են օգտագործել, Փաշինյանը չմանրամասնեց, բայց առանց դրա էլ ակնհայտ է, որ ռուսներին էր ակնարկում, քանի որ օրեր առաջ Շահրամանյանը հյուրընկալվել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը ՝ ֆիլմի ցուցադրության ժամանակ։

Ի վերջո, Հայաստան տեղափոխված Արցախի քաղաքական-հասարակական շրջանակներն այդ ի՞նչ են արել կամ անում, որ սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության  համար` ո՛չ պայքարի են դուրս գալիս՝ ակցիաներ, հանրահավաքներ կազմակերպում, թեպետ ունեն բոլոր հիմքերը՝ պատասխան պահանջելու իրենց հայրենիքից, տնից, ապրուստից զրկած ՀՀ իշխանություններից: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մի հանրահավաք են արել, այն էլ՝ բացառապես սոցիալական խնդիրներով, եւ վերջ։ Վտարանդի կառավարություն ասվածն էլ, կարելի է ասել, անունը կա, ամանում չկա: Արցախի Ազգային ժողովը խիստ գաղտնիության պայմաններում մի քանի նիստ ու հայտարարություն է այս ամիսներին արել եւ հասարակական հիմունքներով է գործում` ո՛չ բյուջեից հատկացումներ են արվում, ո՛չ շենք ու գույք են տրամադրել:

Արցախի հարցով հանձնախումբն էլ, որը համակարգում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, փորձում է հանդիպել տարբեր շրջանակների հետ, տաք պահել Արցախի թեման` միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներով։ Մի բան, որ պետք է պետությունը, օրվա իշխանություններն անեին՝ առաջ մղելով արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը: Եվ եթե նույնիսկ այս փուլում խնդրի լուծման չհասնեին, դա բանակցային գործընթացում ծանրակշիռ խաղաթուղթ կարող էր լինել ՀՀ իշխանության ձեռքին: Գոնե Ադրբեջանի նախագահի կողմից Տավուշի հողերը պահանջելու դիմաց կարո՞ղ էին բարձրացնել այս հարցերը եւ խոսակցության բնույթը փոխել, փոխադարձ պահանջներ առաջ քաշել։ Մինչդեռ իշխանության որդեգրած կուրսից այլեւս ակնհայտ է դառնում, որ այս մարդիկ Արցախի էջը հիմնովին փակելու պարտավորություն են ստանձնել Ալիեւի առաջ։
Անգամ պետության թիվ մեկ դիվանագետ Արարատ Միրզոյանն անցած շաբաթ խորհրդարանում այնպես ոչ դիվանագիտորեն, եթե չասենք՝ հիստերիկ արձագանքեց այդ հարցին, որ մատնեց իրենց ծրագիրը։

Նա, անդրադառնալով Վարդան Օսկանյանի այսօրվա գործունեությանը, ասաց, որ դա փարիսեցիություն է․ «Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում: Չսատարել այդ ջանքերին եւ այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ եւ զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով՝ մի քիչ ինձ վրա փարիսեցիության տպավորություն է թողնում: Բայց, ինչպես ասում են, Աստված՝ դատավոր բոլորին, եւ հանրությունը՝ դատավոր քաղաքական գործիչների քաղաքական գործունեությանը»։
Արցախի խորհրդարանի իշխանական պատգամավոր Նելլա Գրիգորյանն ապշած է Փաշինյանի վերջին հայտարարություններից։ «Ինքն այս պետության միակ սպառնալիքն է»,- ասաց պատգամավորը:

«Արցախցու համար ոչինչ չեն անում, բայց սպառնում են, որ արցախցին թողնի գնա այս երկրից, դա է իրենց երազանքը»,- կարծում է Գրիգորյանը։ «Ի՜նչ է անում արցախցին Հայաստանում։ Այդ մարդը բոլոր գիշատիչ ձեւերն ու մեթոդներն օգտագործում է՝ արցախցիներին այստեղ վերացնելու, այստեղից վտարելու համար։ Այդ ի՞նչ վտանգ է ներկայացնում Արցախի կառավարությունը, ի՞նչ ենք անում, մի հատ ասեք՝ իմանանք, ո՛չ քաղաքական հարցերով են զբաղվում, ո՛չ սոցիալական հարցերով են կարողանում զբաղվել, ընդամենը որպես վտարանդի կառավարությո՞ւն էլ գոյություն չունենա, որը ոչ մի վնաս չի տալիս, ո՛չ խառնվում է քո ներքին գործերին, ոչ մի բան»։

Գրիգորյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ իրենց վերադարձի խնդրով զբաղվի, այդ հարցը դարձնի բանակցությունների առարկա, մի բան էլ սպառնում է, որ այլեւս չխոսեն Արցախի ու արցախցիների մասին․ «Ալիեւի պլանն են իրենք իրագործում, պարզ չէ՞, Ալիեւն ինչ ասում է, դա էլ անում են, ուզում են Արցախի անունը ջնջել, արցախցուն վերացնել, պարզ չէ՞: Սոցիալական մի քիչ աջակցություն են տալիս, գիտեն, թե մեծ բան են անում, ես՝ ինքս, այդ 50 հազար դրամները կտամ իրենց, մենակ թե ես լինեմ իմ Արցախում, իմ երկրում։ Իրենք խոստումներ են տվել Ալիեւին, հիմա դա կատարում են: Երեկ ադրբեջանական ողջ լրատվականները տարածում էին Փաշինյանի ասածը՝ վտարանդի կառավարության մասին»։

Նելլա Գրիգորյանը վստահեցնում է՝ իր հայրենիքը կորցրած մարդը չի կարող ցանկանալ, որ մայր Հայաստանին վտանգ սպառնա․ «Մենք ամեն օր աղոթում ենք Աստծուն, որ պատերազմ չլինի, որ Արցախը կորցրել ենք, գոնե Հայաստանն էլ չկորցնենք»։