Պատկերացրեք, թե ինչ մեղադրանք կներկայացվի Փաշինյանին իշխանազրկումից հետո

Պատկերացրեք, թե ինչ մեղադրանք կներկայացվի Փաշինյանին իշխանազրկումից հետո

Երկու տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին, ձերբակալվեց, իսկ մեկ օր անց կալանավորվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Վանաձոր համայնքի ընտրություններում Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը հաղթել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, եւ դեկտեմբերի 17-ին նշանակված էին քաղաքապետի ընտրություններ, որի ժամանակ Ասլանյանը պետք է ընտրվեր համայնքապետի պաշտոնում: Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ էր ընտրվել չորս տարի ժամկետով, բայց այդ ժամկետի ուղիղ կեսը նա անցկացնում է անազատության մեջ, իսկ վանաձորցիները զրկված են իրենց ընտրությամբ քաղաքապետ ունենալու իրավունքից: Հայաստանի բազմաթիվ կուսակցական եւ հասարակական գործիչներ համարում են, որ Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, նրան զրկել են ազատությունից միայն այն պատճառով, որ նա համարձակվել է հաղթել գործող իշխանությանը: Սա իսկապես այդպես է, բայց ամենազավեշտալին գործող վարչախմբի կողմից Ասլանյանին ներկայացված մեղադրանքներն են:

Մամիկոն Ասլանյանին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրում է համայնքի տարածքում գտնվող հողատարածքները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օտարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ այդ տարածքների օտարումը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով եղել է արգելված, մինչդեռ քաղաքապետը «2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով եւ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ սեփականության իրավունքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օտարել է» մի քանի հողատարածք: Մամիկոն Ասլանյանի մեղքը, եթե ընդունենք, որ համայնքապետի կողմից հողատարածքներ սեփականաշնորհելը մահացու մեղք է, մինչեւ հիմա ապացուցված չէ, բայց նա շարունակում է մնալ անազատության մեջ, եւ սա փաշինյանական ժողովրդավարության ամենացայտուն դրսեւորումն է: Գաղտնիք չէ, որ եթե Ասլանյանը ՔՊ-ին հաղթած մյուս համայնքապետերի նման, ինչպես, օրինակ, Բերդ համայնքի դեպքում, գործարքի գնար վարչախմբի հետ եւ հայտարարեր, որ պատրաստ է իր ազատության փոխարեն հրաժարվել քաղաքապետի պաշտոնից, նա վաղուց ազատության մեջ կլիներ, բայց Ասլանյանը դիմադրում է՝ դրանով նյարդայնացնելով վարչախմբի պարագլխին եւ արժանանալով անժամկետ կալանքի: Բայց այս գործում կա մեկ այլ կարեւոր հանգամանք:

Մի պահ պատկերացնենք, որ Մամիկոն Ասլանյանին ներկայացված մեղադրանքներն իսկապես իրական են, եւ նա մեղավոր է ինչ-որ հողատարածքներ վանաձորցիներին օտարելու համար: Բայց ո՞վ է դատավորը, ո՞վ է Մամիկոն Ասլանյանին մեղադրող իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանության առնվազն հանցավոր անգործության կամ գործունեության արդյունքում Հայաստանը կորցրել է վերահսկողությունն Արցախի 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ: Այդ տարածքը պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը` այդտեղ տեղակայված էին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, ՀՀ-ն համարվում էր այդ տարածքի անվտանգության երաշխավորը, Հայաստանը եւ Արցախը միեւնույն տնտեսական տարածքում էին, չկար պետական սահման եւ մաքսատուն: Բացի այդ, Փաշինյանի հանցավոր հրամանով Ադրբեջանին է հանձնվել Գորիս- Կապան ռազմավարական նշանակության ճանապարհը, փաշինյանական իշխանության անգործության կամ գործունեության արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել ՀՀ ինքնիշխան եւ միջազգայնորեն ճանաչված տարածքից 200 քառակուսի կիլոմետր:

Գիտե՞ք, թե որքան տարածք է զբաղեցնում Վանաձոր համայնքը`ընդամենը 25 քառակուսի կիլոմետր: Եթե անգամ հաշվի չառնենք Արցախի ամբողջական կորուստը, որի տարածքը մոտ 480 անգամ մեծ է Վանաձորի տարածքից, միայն վերջին երկու տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանին է հանձնել 8 անգամ ավելի մեծ տարածք, քան ամբողջ Վանաձոր քաղաքն է: Այսինքն, եթե անգամ Մամիկոն Ասլանյանն օտարեր ոչ թե մի քանի փոքր հողակտոր, այլ Վանաձորի ամբողջ տարածքը, միեւնույն է՝ նրա կատարած «հանցագործությունը» 8 անգամ ավելի փոքր կլիներ փաշինյանական իշխանության գործունեության արդյունքից: Ընդ որում, Ասլանյանն այդ տարածքները չի օտարել թշնամուն, դրանց նկատմամբ ՀՀ սուվերենությունը կորսված չէ, դրանց վրա հայ մարդիկ տուն կամ ինչ-որ օբյեկտ են կառուցել: Փաշինյանական իշխանությունը, որը թշնամուն է հանձնել հարյուրապատիկներով ավելի մեծ տարածքներ, քան ամբողջ Վանաձորի տարածքն է, այդ քաղաքի օրինականորեն ընտրված քաղաքապետին մեղադրում է սեփական համայնքի բնակիչներին մի քանի քառակուսի մետր տարածք վաճառելու համար: Էլ չենք խոսում հազարավոր մարդկային կյանքերի եւ հարյուր միլիարդավոր դոլարների կորուստների մասին: Իսկ Մամիկոն Ասլանյանին մեղսագրվող հանցանքն ապացուցված չէ, այդ վնասը ցանկացած պահի կարելի է վերականգնել: Չնայած վերը նշվածին, Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, իսկ Մամիկոն Ասլանյանը գտնվում է կալանավայրում:

Ինչպե՞ս կվերաբերվի որեւէ բանական մարդ, երբ տեսնի, որ հայտնի մարդասպանը բանտում գտնվելու փոխարեն հագել է դատավորի հագուստ եւ դատում է գրպանահատության մեջ մեղադրվող մեկին: Կենցաղային կյանքում սա կարող է ընդամենը զավեշտալի թվալ, որովհետեւ մարդիկ կասեն, թե չի կարող հանցագործն արդարադատություն հաստատել: Բայց մեր դեպքն անհամեմատ ավելի աղետալի է. Փաշինյանը բռնազավթել է ոչ թե մեկ դատավորի, այլ ամբողջ երկրի վարչապետի պաշտոնը եւ իրեն իրավունք է վերապահում կալանավորել, դատել ու դատապարտել մարդկանց, որոնց մեղքն ընդամենը նրա իշխանության դեմ հանդես գալն է: Նա իրեն անպատիժ է զգում, քանի որ իր թիկունքում ունի բռնության մի հսկայական մեքենա` ոստիկանությունից սկսած, ԱԱԾ-ով, դատախազությունով, տարբեր քննչական եւ հակակոռուպցիոն դատարաններով վերջացրած, որոնք հնազանդորեն ենթարկվում են իր հրամանին: Սրանց միջոցով Փաշինյանը երկրի տարածքում վախի ու սարսափի մթնոլորտ է տարածում, որ յուրաքանչյուր մարդ, տեսնելով Մամիկոն Ասլանյանի, Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Միքայել Արզումանյանի եւ մյուս քաղբանտարկյալների օրինակը, պատկերացնի, թե ինչ կսպառնա իրեն, եթե հանկարծ մի օր որոշի հակադրվել ռեժիմին կամ, առավել եւս՝ մարտահրավեր նետի նրան ու հաղթի: Հուսադրողն այն է, որ չնայած ռեժիմի բոլոր փորձերին, նրան չի հաջողվում կոտրել իր դեմ դուրս եկած բոլոր մարդկանց պայքարի կամքը, եւ գոնե առանձին մարդիկ ցույց են տալիս դիմադրելու եւ չհանձնվելու իսկապես հերոսական օրինակներ:

Ավետիս Բաբաջանյան