Կենսաթոշակի առցանց դիմումների հարթակը շտկումների կարիք ունի

Կենսաթոշակի առցանց դիմումների հարթակը շտկումների կարիք ունի

Արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ընդունում է Արցախից տեղահանված անձանց կենսաթոշակի դիմումները, այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական։ Դիմումները ներկայացվում են ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կա՛մ փաստացի, կա՛մ մշտական հիմունքներով), առցանց մուտքագրում են դիմումը online.ssa.am հարթակում, նախապես գրանցվելով այդ կայքում։ Հերթագրվել ու հաշվառվել կարելի է ոչ էլեկտրոնային, այլ «կենդանի» եղանակով, տեղամասային սոցապբաժիններում։ Մանավանդ, որ առցանց դիմումների համակարգը գործում է բազմաթիվ սխալներով։ Հաճախ դիմումները մերժվում են տարատեսակ անհեթեթ պատճառաբանություններով։

Օրինակ, որ քաղաքացին չունի փախստականի կարգավիճակ, կամ որպես մերժման պատճառ էլեկտրոնային հարթակը նշում է այն, որ անձը չի հանդիսանում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում կրկին  փորձել, այսինքն, մի երկու օրից նորից դիմում լրացնել։ «Արդեն 3 տարբեր էլփոստերով գրանցվել եմ, բայց մուտք գործելիս բոլորն էլ գրում են, որ գաղտնաբառը սխալ է: Բայց հաստատ 3-ն էլ ճիշտ են»,- ասում է փախստականներից մեկը։ Նրանք խարխափում են էլեկտրոնային սարդոստայնում, բողոքում են, որ չեն կարողանում գրանցվել էլեկտրոնային հարթակում, որ համակարգը շատ բարդ է եւ ոչ բոլոր էլեկտրոնային հասցեներն է ընդունում, որ հարթակը շտկումների կարիք ունի։ Խեղճ Արցախի փախստականներ։