Արեւելյան գործընկերությունը ժամանում է վերջնական հանգրվան

Արեւելյան գործընկերությունը ժամանում է վերջնական հանգրվան

Երեկ եւ այսօր՝ դեկտեմբեր 14-15-ին Բրյուսելում գումարվել էր ԵՄ գագաթնաժողովը, այսինքն՝ ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին միավորող Եվրոպական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում շուրջ մեկ տասնյակի չափ հարցեր են, որոնցից երեքը կենսական  նշանակություն ունեն Հայաստանի համար՝ ի՞նչ է սպասվում մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանի Դաշնությանը՝  Ուկրաինայի հետ պատերազմի համատեքստում եւ ավարտից հետո, Եվրոպական Միության՝ մինչեւ 2030թ նախանշված ընդլայնման ուղղությամբ որդեգրվող ուղեգիծը եւ քայլերը, եւ անվտանգային խնդիրների քննարկումը, որոնց մաս են կազմում European Peace Facility-ի միջոցով Հայաստանին ոչ մահաբեր սպառազինության տրամադրման եւ Հայաստանում ԵՄ առաքելության ամրապնդման հարցերը։

Ռուսաստանի ապագայի եւ ԵՄ ընդլայնման վերաբերյալ քննարկումները կայացան դեկտեմբերի 14-ին, եզրահանգումները հրապարակվել են, եւ թե´ Ռուսաստանի ջատագովները, թե´ այդ երկրի հանդեպ որեւէ դրական վերաբերմունք չունեցողները, հավասարապես արժե որ տեղյակ լինեն, թե ինչ է սպասվում ՌԴ-ին, կամ առնվազն ինչ է նախապատրաստում ՌԴ-ի համար Եվրոպան։Ռուսաստանից Կրեմլյան շրջանակներից ինչ-որ մեկը վերջերս հայտարարել էր, թե քանի որ Ռուսաստանին հաղթելն անհնար է այժմ Արեւմուտքը Ուկրաինայի հետ պատերազմը վերածում է երկրորդ աֆղանական պատերազմի։ (Կարելի է մտածել 1853-56-ի Ղրիմի պատեազմից մինչեւ 1905-ի ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ ու 1979-89-ի Աֆղանական պատերազմ անվերջ պարտվողն ու ջախջախվողը Ռուսաստանը չի եղել, Երկրորդ Համաշխարհայինում էլ, չլիներ Ադոլֆ Հիտլերի միաժամանակ ողջ Եվրոպայի դեմ պատերազմելու հիմարությունը եւ դրա արդյունքում Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի կողմից հարկադրյալ աղքատ ու հետամնաց Ռուսաստանին զինել-օժանադակելը, հետաքրքիր է թե Ռուսաստանից ինչ կմնար)։ 

Սակայն պատմություն նենգափոխելուց այն կողմ․ ավելի ուշագրավն այստեղ այն է, որ Արեւմուտքի քայլերի տրամաբանությունը ՌԴ-ում վերջապես գիտակցում են կամ խոստովանում են։ Արեւմուտքի խնդիրը, ոչ միայն Ուկրաինային օժանդակելը եւ եվրոպական մայրացամաքն ու քաղաքակրթությունը ռուսական բարբարոսությունից պաշտպանելն է, այլ վերջնահաշվում Ռուսաստանի սահմանները պահպանելով հանդերձ, այն քաղաքականապես չեզոքացնելը եւ տնտեսապես փլուզելը։ Ռուսաստանը պետք է դառնա Պակիստան բանաձեւը հենց դրա մասին է։ Ինչպես 1979-89-ի աֆղանական պատերազմի բերած քաղաքական, դիվանագիտական, առեւտրային, տնտեսական խնդիրները Խորհդային Միությունը ի զորու չեղավ հաղթահարել եւ փլուզվեց, այնպես էլ հիմա՝ տնտեսական կապերի խզման, պատժամիջոցների, համակցված ճնշումների ներքո աֆղանական պատերազմի հետեւանքները վերստին ուրվագծվում են։ 

Ընդսմին այս անգամ ավելի բարդ է լինելու, քանի որ Եվրոպական խորհրդի հրապարակված եզրահանգումները “European Council conclusions on Ukraine, enlargement and reforms, 14 December, 2023” կասկածի տեղ չեն թողնում, որ դիմակայությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվելու է մինչեւ ՌԴ իշխանության, տնտեսության եւ ռազմական կարողության վերջնական փլուզում։ Արեւմուտքը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Ուկրաինային աջակցությունը, Ռուսաստանի տնտեսության քայքայմանը ուղղված ճնշումները, եւ ՌԴ ռազմական կարողության ապամոնտաժումը շարունակվելու են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի այդ նպատակներին հասնելու համար։ 

Ռուսաստանում ինչ էլ դատարակախոսեն հեռուստաէկրաններից, ակներեւ է որ իրենք անշեղորեն սեղմվում են անկյուն։ Ուկրաինայի հետ պատերազմի երկու տարում ոչ միայն ՆԱՏՕ-ն Շվեդիայի եւ հատկապես Ֆինլանդիայի անդամակցությամբ կանգնեց Ռուսաստանի անմիջական սահմանին՝ Սանկտ-Պետերբուրգից հաշվված կիլոմետրերի հեռավորության վրա, ոչ միան Բալթիկ ծովը դարձավ ՆԱՏՕ-ի փակ ծով՝ շառաչյունով փակելով Պետրոս Մեծի բացած պատուհանը դեպի Եվրոպա, ոչ միայն Ուկրաինան հասավ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցության շեմին, այլեւ Ռուսաստանն է հետեւողականորեն ներքին խնդիրների ու տնտեսական փլուզման վիհը գլորվում։ Մի ժամանակ իրենց քաղաքական ու ռազմական գերտերություն երեւակայած Ռուսատանում հասել են այնտեղ, որ գոհանում են Ուկրաինայի հընթացս կազմավորված բանակի առաջխաղացումներին դիմակայել կարողանալուց։ ԹԵ ինչքան են կարողանալու դիմակայել՝ կտեսնենք։ 

Ամեն պարագայում կարեւորն ու պատմականն այն է, որ տաս տարվա պայքարից հետո 2023-ի դեկտեմբերի 14-ին հայտարարվեց ԵՄ-ին անդամակցության շուրջ Ուկրաինայի (նաեւ Մոլդովայի) հետ բանակցություններ սկսելու մասին։ ԵՄ-ի անդամակցության բանակցությունները, իհարկե, բարդ ընթացք են ու ճանապարհ, ոմանց հետ այդ բանակցությունները մեկնարկում են, սակայն տասնամյակներով ավարտի չեն հասնում, ինչպես դիցուք Թուրքիայի պարագայում, սակայն Ուկրաինայի, Մոլդովայի, ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստացած Վրաստանի եւ հաջորդիվ Հայաստանի համար (հուսանք արդեն հաջորդ տարի Հայաստանն էլ թեկնածու երկրի կարգավիճակի համար դիմում կներկայացնի ԵՄ) այդ ընթացքը կարճ է լինելու եւ ավարտվելու է մինչեւ 2030 թվական։ ԵՄ-ն այսօր հայտարարեց ընդլայնման առաջիկա փուլին ընդառաջ ԵՄ-ում ինստիտուցիոնալ նախապատրումներ սկսելու մասին։ Այդպիսով 2009-ին մեկնարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը կարելի է ասել ժամանում է վերջնական հանգրվան․ չորս երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ Հայաստանը, որոնց հետ բանակցվում էին Ասոցացման համաձայնագրերը մեկ տասնամյակ առաջ, հասան ԵՄ-ին անդամակցության բանակցությունների։ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ դրանք մեկնարկում են, Վրաստանը նույն ճանապարհին է, Հայաստանն էլ նույն ուղղությամբ առաջանում է, ինչը տեսանելի է  անպատկերացնելի ակտիվացած ՀՀ-ԵՄ շփումներից եւ ՀՀ ԱԳ նախարարի՝ «Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի» հայտարարությունից։ 

Մնում է, որ ԵՄ անվտանգային աջակցությունը Հայաստանին ավելանա այնքան, որ հնարավոր լինի անցնցում դուրս գալ թե´ ՀԱՊԿ-ից, թե´ Ռուսաստանի հետ ասոցացավող մնացյալ կառույցներից եւ դիմել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի համար։ Թե որքանով դա հնարավոր կլինի զգալիորեն կախված է նրանից, ինչ կորոշեն Եվրոպական խորհրդում ընթացող գագաթնաժողովում անվտանգային քաղաքականության վերաբերյալ։ Որոշումերի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, սակայն Եվրոպական խորհրդի արդեն հիշատակված “European Council conclusions on Ukraine, enlargement and reforms” փաստաթղթում ձեւակերպվել է, որ  “The European Council invites the Council to intensify work on the reform of the European Peace Facility and the further increase of its financing, building on the proposal of the High Representative”. Խոսքն այն մասին է, որ European Peace Facility մեխանիզմը պետք է փոփոխությունների ենթակվի՝ ավելացնելով դրա ֆինանսավորումը եւ գործունեության դաշտը։ Սա այն մեխանիզմն է, որով ռազմական աջակցություն է ցուցաբերվում Ուկրաինային, Մոլդովային, հուսանք այսուհետ՝ նաեւ Հայաստանին։