Սա՛ է այսօրվա ամենազնիվ լուրը

Սա՛ է այսօրվա ամենազնիվ լուրը


Բանաստեղծ Վրեժ Սարուխանյանի գրառումը մտորելու տեղիք է տալիս․



Վրեժ Սարուխանյան



Ուզու՞մ եք ասեմ այսօրվա ամենաարժանապատիվ լուրը FB-ում որն է:



Բանաստեղծուհի Մարինե Հակոբյանը գրել է՝



«Այսօր որդիս զորակոչվեց հայոց բանակ: Հակասական զգացումները հեղեղել են ինձ: Ավագ որդիս բանակում ծառայելուց հետո որոշեց պայմանագրային զինծառայող դառնալ, այսօր էլ կրտսեր որդիս գնաց իր պարտքը տալու հայրենիքին: Շատ դժվար և պատասխանատու է հայ մայր, զինվորի մայր լինելը....
Փորձում եմ թաքցնել արցունքներս,բայց չի հաջողվում: Արցունքներս գլորվում են՝ չնայած չեմ լացում, դրանք սիրո և օրհնանքի կաթիլներ են, որ ողողում են որդուս դեմքը»:



Հազար անգամ ԱՅՈ, սա է պատերազմող Հայաստանի այսօրվա ամենակարևոր ու ամենաազնիվ լուրը: Ինչքան գեղեցիկ ու նուրբ է մայրական սերը՝ «Արցունքներս գլորվում են՝ չնայած չեմ լացում...»: Այս խոսքը այսօր հզոր ենթատեքստ ունի՝ Նա չի լալիս, բայց մեռոնի պես մաքուր ու սուրբ արցունքի կաթիլները մաքրում են հոգին, նաև ուրիշներինը... Բայց զարմանալիորեն կան նաև «անարցունք» մարդիկ, որ հոգով ուժեղի կեղծ պատրանք են ստեղծում, որ իրենք կյանքում մի կաթ արցունք թափած չկան, որ իրենք ամենածանր վիշտն էլ միշտ անարցունք են տանում... Վախեցեք «անարցունք» այս դերասաններից, ովքեր միայն արցունք են պատճառում ուրիշներին... Իհարկե կան մարդիկ, որ վշտից կարծրացել են և անարցունք են լալիս, արցունքը աչքերին չի էլ հասնում, միայն սիրտն է գնում, իսկ սիրտն էլ մի օր «ըմբոստանում է»... Սա առավել ծանր է, բայց դա ուրիշ թեմա է... Մյուս կողմից՝ միայն արցունք թափելն ու մղկտալը լալկանության կբերի, հոգին կթուլացնի...



Դուք մի որոշեք արցունքն ժամն ու ձևը, նա կգտնի... Աստված արցունքը տվել է մարդուն նաև Աստծու հետ խոսելու, հոգին թեթևացնելու և ուժեղանալու համար...



Ճշմարիտ արցունքից չեն ամաչում... Հատկապես զինվորի մայրերը, ում առջև հավերժական չմարվող պարտքեր ունենք... Առանց ամաչելու եզրափակեմ՝ այս տողերը գրելիս իմ աչքերից ցավի արցունքներ գլորվեցին...