«Թող ծնողներն իմանան՝ նոր ․․․»

«Թող ծնողներն իմանան՝  նոր ․․․»

Շատ ցավոտ, եթե չասեմ գռեհիկ է, երբ զոհվածի անուն ազգանունը հայտնվում է կայքերում, մինչև ծնողների, հարազատների իմանալը։ Ասեմ՝ ինչու։ Բոլորդ էլ երևի լավ եք հիշում, երբ զոհված զինվորի ծնողները պատմում էին, որ կայքերից են իմացել իրենց որդու զոհվելու մասին։ Պատկերացրեք այդ մարդկանց հոգեբանական վիճակը։



Մյուս կողմից՝ այնպես է ստացվում, ասես որդի են տվել Բանակին ու արժանի էլ չի համարվում, որպեսզի պատշաճ ձևով ծանուցվի։ Պատահական աղբյուրից են իմանում, որ իրենց որդին էլ չկա։ Սա Բանակի հեղինակության վրա ուղիղ կերպով ազդում է։ Ծնողի դառը զգացման մասին էլ չխոսեմ։

Չեմ հասկանում՝ ծնողներին պատշաճ ծանուցու՞մն է ուշանում, թե «Քարաճիկ չունեցող մեկի ափալ- թափալ հաղորդումը» շտապում։



Թող զոհ չունենանք, բայց, ինչ արած, պատերազմական վիճակ է,  երբ լինում է, այդ մասին ծնողներին, հարազատներին պատշաճ կարգով պիտի տեղեկացվի։ 



Կարդում եմ armtimes.com-ի լրագրողին Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի՝ այդ հարցի վերաբերյալ արձագանքը։ ՊԲ մամուլի քարտուղարը վրդովվում, զայրանում է, երբ անմիջապես ուզում են իմանալ ու հրապարակել զոհվածի անունը, վայրը։ Ասում է՝ թող հարազատներն իմանան՝ նոր։



Այսինքն՝ թող համապատասխան կառույցի կողմից պատշաճ տեղեկացում տրվի ծնողներին, հարազատներին, նոր «այազ- բայազ արվի»։ Դա գնահատանքի, հարգանքի, եթե չասեմ մխիթարանքի յուրօրինակ տարր է պարունակում իր մեջ, չնայած նման ցավին դժվար է գտնել որևէ մխիթարանաք, սփոփանք։



Առաջ անգամ փոստատարը, երբ սև թուղթ էր բերում, հազար ձևով նախապատրաստում էր ծնողներին։



Դաժան է այդ մասին խոսելը, ներող եղեք, բայց մեկը պիտի ասի՞․․․



Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, 17:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերի ուղղությամբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել: Զինվորի անունը հրապարակվել է կայքերից մեկում, նախքան հարազատներին տեղեկացնելն ու պաշտոնական աղբյուրի հրապարակումը։



 



Հասմիկ Բաբաջանյան