Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագրին մասնակցում է 12 երկրի 75 ներկայացուցիչ

Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագրին մասնակցում է 12 երկրի 75 ներկայացուցիչ
Կրթության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2012 թվականի ծրագիրը, որն ամեն տարի կազմակերպում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը



Նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական գաղթօջախներում կրթական գործընթացի կազմակերպման աշխատանքը պահանջում է գործընկերության լայն դաշտ մեր հայրենակիցների հետ: Մասնավորապես, Մերձավոր Արեւելքի մեծաքանակ հայկական համայնքն այսօր, առավել քան երբեւէ, ունի հայապահպանության խնդիրներ, որոնք կարիք ունեն նոր մոտեցումների, պետական առավել մեծ ուշադրության: Նախարարությունը պատրաստակամ է բավարարել սփյուռքի կրթական կարիքները ոչ միայն վերապատրաստումների, այլ նաեւ ուսումնակրթական նոր նյութերի եւ  տեխնոլոգիաների կիրառմամբ հայալեզու կրթական բովանդակությունը տեղ հասցնելու միջոցով:



Սփյուռքահայ ուսուցիչների ծրագիրը գործում է 2000 թվականից. 2002 թվականից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից: Այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության եւ ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները  կամ համապատասխան ուսումնական հաստատությունները:

Այս տարի ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից` Ռուսաստան`  16, Եգիպտոս` 1, Իրա ԱՄՆ`  5, Ավստրալիա`3 , Աբխազիա ` 8,  Լիբանան` 5, Մեծ Բրիտանիա` 5,  Սիրիա` 17, Վրաստան`  5, Ուկրաինա` 2, Ֆրանսիա` 1: Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, դպրոցների կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման:

Բոլոր խմբերի ուսուցիչների համար վարպետաց բաց դասեր կկազմակերպվեն «Տաթեւ» գիտակրթական համալիրում: