Ստուգեք, բայց մի զզվեցրեք

Ստուգեք, բայց  մի զզվեցրեք
Անկախության առաջին տարիներին, շատ լավ հիշում եմ, ինչպես էին մարդիկ պայքարում, որ «Ստուգումների մասին» օրենք ընդունվի, եւ ստուգող բազում մարմինների աշխատանքը կանոնակարգվի: Սովետ երկրից եկող իրավիճակը, երբ տնտեսվարող սուբյեկտներին խեղդում էին եւ դա հիմնականում անում էին հարկայինի, ԿՌՈՒ-ի, «օբեխեսեսի», ռայկոմ-քաղկոմների ու մյուս մարմինների միջոցով, պետք է վերացվեր: Հակառակ դեպքում ոչ տնտեսությունը ոտքի կկանգներ, ոչ բիզնեսը կծաղկեր, ոչ էլ կոռուպցիան կվերանար:



 



«Ստուգումների մասին» օրենքը պետք է նվազեցներ ստուգող մարմինների քանակը, կանոնակարգեր նրանց աշխատանքը եւ, ամենակարեւորը՝ կանխատեսելի դարձներ ստուգում կոչվածը: Որ տվյալ մարմինն առնվազն մեկ ամիս առաջ հայտներ, որ պատրաստվում է ստուգել տվյալ ընկերությանը: Քանզի խնդիրը ոչ թե անսպասելիորեն մարդկանց մոտ ինֆարկտ առաջացնելն է, այլ տնտեսվարման քաղաքակիրթ սկզբունքներ մտցնելը եւ օրենքի կիրառումն ապահովելը: Անցան տարիներ: Օրենքներում բազում փոփոխություններ արեցին: Ստուգող մարմինների քանակը դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեց աճել: Իսկ ստուգման կանոններն այնքան լղոզեցին ու խառնշտեցին, որ ով երբ ուզենա, ում ուզենա՝ կարող է ստուգել: Հիմա որ կողմ նայում ես, ստուգողներ են՝ էլ հարկային տեսուչներ, էլ քննիչ-դատախազներ, էլ տարբեր տեսչություններ, էլ Վերահսկիչ պալատ, էլ վարչապետին ու նախագահին կից վերահսկողության ծառայություններ:



 



Հիմա էլ խոսում են լրիվ նոր մարմին ստեղծելու մասին՝ Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Արդյունքում՝ տնտեսվարողներին այնքան են զզվեցնում, որ փակում են իրենց բիզնեսն ու հեռանում երկրից: Կամ հարմարվում են ստուգողի «ջեբը» փող դնելուն: Կամ ավելի խորը ստվերի մեջ են խրվում: