Ճահիճ

Ճահիճ
Ինչպե՞ս ազատվել փոքր երկրին, մի ընտանիքաչափ հասարակությանը բնորոշ արատներից, երբ քաղաքականությունը վերածվում է մանր-մունր ինտրիգների, հասարակական գործընթացները կառավարվում են մի երկու կենտրոնից, լայն մասշտաբի ու գլոբալ մտածողության անհատների դեֆիցիտը դառնում է համազգային աղետ:



 



Ներքաղաքական ճղճիմ հարաբերությունների ու անշարժության ճահիճում խորասուզված ապրելու պատճառ: Մի ժամանակ մեր բոլորի հույսը դրսում ուսանող երիտասարդներն էին: Մտածում էինք՝ սրանք լավ ուսում կստանան, կշփվեն, կտեսնեն, թե ինչ է կատարվում մեծ աշխարհում, եւ ինչ-որ ժամանակ անց այդ նորն ու օգտակարն իրենց հետ կբերեն Հայաստան: Բայց պարզվեց, որ գենետիկ կոդն ու Հայաստանում ստացած դաստիարակությունն անջնջելի հետք են թողել նրանց վրա, ուստի անգամ Հարվարդում սովորելով ու վերադառնալով, սրանք ընկղմվում են այս ճահիճի մեջ ու արագորեն դառնում դրա անբաժանելի մասը: Եթե չասենք, որ նրանց մի մասն ընդհանրապես չի վերադառնում՝ գերադասելով դրսում ապրել-աշխատելը հայրենի երկրում մաքառելու-պայքարելու հեռանկարից: Իսկ ճահիճը, հայտնի է, շատ վատ հատկություն ունի՝ քաշել-տանելու, իր մեջ խորասուզելու ամեն մի լավի ու նորի սաղմ:



 



Մեկ էլ տեսնում ես՝ շուրջբոլորդ համատարած շարմազանովներ, զուրաբյաններ, զոհրաբյաններ են, որոնց լավագույն դրսեւորումը իրար ռմբակոծելն է, լաչառ կնկա նման լեզվակռվի մեջ մտնելը՝ «բա դու, բա դու...» շնչահեղձ տոնայնությամբ, վզի երակների պրկվածությամբ: Ինչի՞ վրա կարող է հույս դնել մեր հասարակությունը: Գուցե դեռ փակված չէ՞ դրսից նոր, թարմ ուժ ընդունելու հեռանկարը: Գուցե դեռ կա՞ն մարդիկ, ովքեր ստվերում են եւ սպասում են իրենց ժամին: Իսկ գուցե որոշում կայացնողնե՞րն իրենց մեջ ուժ գտնեն ու հաղթահարեն-ազատվեն շարմազանովների ֆենոմենից: