Պետական պոռնոգրաֆիա կամ՝ տեսախցիկները հանելու ժամանակը

Պետական պոռնոգրաֆիա կամ՝ տեսախցիկները հանելու ժամանակը

Ճանապարհային ոստիկանությունն իսկական նախճիր է կազմակերպել հայության շրջանում: Իրենց տեղադրած սարքուսուրքով նրանք յաթաղանի պես կախվել են բոլոր ավտովարորդների գլխին, ու վայն էկավ սրանց տարավ, եթե խաչմերուկը մի քիչ այնպես չանցան, եթե կողանց ու վազանց այնպես չկատարեցին, եթե հեռախոսով սիրածի հետ խոսող եւ անցումի վրա ճեմող կնոջը չզիջեցին, եթե մեջտեղի շարքից, օրինակ, աջ կամ ձախ դարձան եւ այլն, եւ այլն: Մեր թվարկածները, անշուշտ, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ են, որոնք պետք է վերացվեն: Բայց արդյոք մի՞շտ են տուգանելի եւ արդյոք մի՞շտ են դրանք տեղի ունենում վարորդի մեղքով, ինչպես կարծում են ճանապարհային ոստիկանները:



Մեր նախորդ հրապարակումներում քանիցս խոսել ենք այս մասին, բերել մասնավոր օրինակներ, երբ ինքներս ենք տուգանվել հանիրավի: Նորից հիշեցնեմ: Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցների հատման վայրում՝ «Հայփոստի» բաժանմունքի եւ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» սուպերմարկետի դռան մոտ մի քանի րոպե կանգնելու համար տուգանվել ենք 5-հազարական դրամ, այն դեպքում, երբ որեւէ կանոնով դա արգելված չէ, երբ որեւէ արգելող նշան կամ նշագծում չկա, երբ «Հայփոստն» ու «Մոսկվիչկան» նրա համար են, որ մարդիկ օգտվեն՝ մի դեպքում ծանրոցներ ուղարկեն եւ ստանան, իսկ մյուս դեպքում՝ գնումներ կատարեն: Ասացեք, խնդրեմ, ազնի՞վ վարվեց Ճանապարհային ոստիկանությունն ինձ հետ, թե՞ նրա արածն այս դեպքում «կռիսություն» է: Երեւանը հանգիստ խղճով կարելի է դասել տրանսպորտային հոսքերից խեղդվող քաղաքների թվին: Մեր մայրաքաղաքը Մոսկվա կամ Թեհրան չէ, իհարկե, բայց մեզ մոտ էլ վիճակն առանձնապես բարվոքներից չէ: Ճանապարհների թույլ թողունակություն, աջ շարքի մշտական զբաղվածություն, աջ դարձող անընդհատ հոսքերի սակավություն, առանձին խաչմերուկներում (Կոմիտաս-Գյուլբենկյան, Կոմիտաս-Վաղարշյան եւ այլն) ձախ դարձումների եւ շրջադարձի խնդիրներ, հասարակական տրանսպորտի համար խաչմերուկներից առաջ եւ անմիջապես հետո տեղակայված կանգառներ, բազմաթիվ սխալ նշագծումներ, ոչ տեսանելի ճանապարհային նշաններ… Այս ամենն ասես քիչ է, դեռ հետիոտներն էլ իրենց հերթին են դժվարացնում երթեւեկությունը՝ ճանապարհները ոչ նշագծված տեղերում հատելով կամ հասարակական տրանսպորտին երթեւեկության առաջին, երբեմն էլ երկրորդ շարքում սպասելով: Ոստիկանությանն այս պատկերն անշուշտ ծանոթ է, բայց նրանց հավատարիմ զինակից տեսախցիկների նյարդային համակարգը ոչ մի կերպ չի արձագանքում դրան: Տեսախցիկները, որքան էլ գերժամանակակից լինեն, իրավիճակից ելնելով չէ, որ գործում են: Դրանց խնդիրը «Կանգ» կամ հոծ գծերը տրորող ավտոմեքենան լուսանկարելն է, այդ ավտոմեքենայի համարանիշը ֆիքսելը: Իսկ թե ինչու այդ ավտոմեքենայի անիվն անցավ հոծ գծի վրայով, կամ թե ինչու տվյալ ավտոմեքենան կանգնած մնաց «Կանգ» գծի վրա, ինչու այնպես ստացվեց, որ «կարմիրի» տակ անցավ խաչմերուկը, տեսախցիկի հոգը չէ: Դա արդեն տեսագրությունը վերլուծողների խնդիրն է, ավելի ճիշտ` այդ տեսագրությունը վերլուծող ոստիկանի մարդկային նկարագրի հարցը:



Երբ հայտնվեցին առաջին արագաչափերը, այսպիսի բողոք չկար: Այսօր էլ ոչ ոք արագաչափերից չի բողոքում: Պատճառը հասկանալի է՝ կա հստակ ֆիքսված արագության սահման՝ 60 կմ/ժ, եւ կա արագաչափ, որը հսկում է այդ արագությունը: Բարի եղիր երթեւեկել թույլատրված արագության սահմաններում եւ վերջ: Բայց ինչպե՞ս վարվի վարորդը խաչմերուկում, որտեղ ոչ թե երթեւեկություն է, այլ իսկական պոռնոգրաֆիա, որի մեջ նա ներքաշվում է ակամա: Պատկերացրեք՝ աջ շարքով մոտեցել եք խաչմերուկին եւ սպասում եք կանաչ լույսի: Ձեզնից առաջ կան երկու «գազել» եւ մեկ ավտոբուս, որոնք խաչմերուկն անցնելուց անմիջապես հետո պետք է կանգառ կատարեն: Վառվում է կանաչ լույսը: «Գազելների» եւ ավտոբուսների վարորդները, միմյանց առաջկտրուկ անելով, շտապում են մտնել կանգառ: Դու արդեն խաչմերուկում ես, բայց շարժվելու տեղ չունես, որովհետեւ քեզնից ձախ շարքով սուրում են ավտոմեքենաները, իսկ քո շարքն զբաղեցրել են կանգառին մոտենալ ցանկացող տրանսպորտային միջոցները, որոնցից յուրաքանչյուրը 2-3 րոպե մնում է կանգնած: Ստիպված` փորձում ես շրջանցել, խցկվում ես ձախ շարքով երթեւեկող տրանսպորտի եւ աջում կանգնած «գազելների» խմբի արանքը, իսկ այնտեղ մոտ 15-20 մետր հոծ գիծ է քաշված: Տրորեցի՞ր: Հոպ՝ տուգանված ես: Կարմիր լույսով մնացիր խաչմերուկո՞ւմ, հոպ՝ տուգանված ես, մնացիր անցումի նշանների վրա՝ հոպ, տուգանված ես: Լույսը փոխվեց, անիվդ մնաց «Կանգ» գծի վրա՝ հոպ, տուգանված ես: Այսինքն՝ պոռնոգրաֆիա եւ կռիսություն միաժամանակ:



Եկեք Բաղրամյան պողոտայով գնանք վեր՝ դեպի մետրո «Բարեկամություն»: Հասնում եք Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, որտեղ Պռոշյան փողոցը միանում է Բարեկամությանը: Խաչմերուկը հագեցած է տեսագրող սարքերով, որոնք նաեւ հետեւում են, որպեսզի Բարեկամության պողոտայի աջ շարքով վերեւ բարձրացող տրանսպորտային միջոցները չհատեն հենց խաչմերուկի պռնկին տեղակայված կանգառի նշագծումները: Հասնում ես խաչմերուկին եւ ի՞նչ… քո շարքում կանգառի դեղին նշագծումն է, որի միջով չես կարող անցնել, իսկ ձախից հոծ գիծն է սկսվել արդեն, որը հատել նույնպես չես կարող: Լուսացույցն «ասում» է՝ կանաչ է, անցիր, հետեւիդ մեքենան ազդանշան է տալիս՝ քշի, արա, իսկ գլխավերեւումդ կազմ ու պատրաստ տեսախցիկն է՝ հոպ, ախպեր, տուգանվեցիր: Պոռնոգրաֆիա՞ է: Պոռնոգրաֆիա է: Կռիսությո՞ւն է: Կռիսություն է:



Մենք, իհարկե, տեսախցիկ տեղադրողներից ավելի լավ ենք հասկանում այս ամենի նպատակը: Դա ոչ մի կապ չունի երթեւեկության անվտանգության հետ: Տեսախցիկները ոչնչով չեն օգնում, որպեսզի տվյալ խաչմերուկում տաքսին գլխիվայր չդառնա, կամ ոստիկանության ջիպը չկողաշրջվի: Թող սրտից թույլ Վլադիմիր Գասպարյանը չնեղանա, բայց սա ընդամենը թալանչիություն է, որի մեջ նրա ղեկավարած հիմնարկը բավականին լուրջ դերակատարություն ունի: Հաշվի առնելով տեսախցիկների բարձրությունը, կարելի է ասել՝ սա ռեկետ է օդից, որին ենթարկվում են ավտոմեքենա ունեցողները: Լավ «կռիշ» ունենաս՝ կխուսափես այդ ռեկետից, չունենաս՝ վերջացավ: Տաքսիստ ես՝ աշխատածդ երկու կոպեկն էլ կտաս իրենց, աշխատավոր ես` աշխատավարձդ կտաս, դե իսկ, եթե գյուղից եկած տղա ես ու կաղամբ ես բերել Երեւանում վաճառելու, կարող ես կաղամբդ ուղիղ ոստիկանություն քշել ու անվճար հանձնել թիկունքի գծով Վովայի տեղակալին:



Պարոնայք ռեկետյորներ… Ուզում էինք ասել՝ պարոնայք կառավարիչներ, մեծարգո վարչապետ, հարգարժան ՀՀԿ, հասկացեք, ամոթն էլ լավ բան է: Ինչքա՞ն կարելի է թալանել, գռփել, հափռել, խփշտել, կեղեքել, լլկել, զրկել, կողոպտել, գրպանահատել քաղաքացուն: Մեկ անգամ փորձեք շրջագայել բանկերով: Մարդիկ, հերթ կանգնած, փող է, որ մուծում են: Մտեք նախարարություններ: Ամեն մի քրջոտ թղթի համար պետք է վճարեն 5-30 հազար: Մտեք թաղապետարաններ՝ գույքահարկ վճարողների հերթի ծայրը չի երեւում: Մտեք մաքսային ծառայության գրասենյակներ՝ ապրանք մաքսազերծողներին վերջ չկա: Բոլորը վճարում են, վճարում են, վճարում են: Հասցրել եք մի տեղ, որ ամուսինը սեփական կնոջն էլ վճարի ու ՀԴՄ պահանջի: Ե՞րբ պիտի հագենաք: Եվ պիտի հագենա՞ք արդյոք:



Ոմանք հարցնում են՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այսքան պինդ պահում Տիգրան Սարգսյանին: Դուք լինեիք Սերժի տեղը՝ ի՞նչ կանեիք: Դեռ Տիգրանի կենդանության օրոք նրան հուշարձան կկանգնեցնեիք: Մարդն սկսեց ամրագոտիներից եւ տեսեք ուր հասավ: Բանկիրների շուլլերությունների մասին առասպելներ են պատմում: Մեր նախկին բանկիրն ու ներկա վարչապետն այդ առասպելների առասպելն է: Թայը չկա, ինչպես կասեր ժողովուրդը: Ավաղ, պարծենալու բան չէ: Մենք ենք տուժում նրա մեքենայություններից: Մնում է հուսալ, որ մի օր եկել են, մի օր էլ կքաշվեն-կգնան: Մի հարցրեք՝ երբ: Դա արդեն նրանցից կախված չէ: Քանի դեռ կմուծենք, քանի դեռ գլխահակ կտուգանվենք, քանի դեռ մեր երեխայի բերանից կկտրենք, իրենց կտանք, քանի դեռ հինգ հազարով վազ կտանք ու կընտրենք իրենց՝ իրենք կմնան: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ կա՞ արդյոք ավելի վատը, ասենք. հեչ չմտածեք՝ Տիգրան Սարգսյանի երեւակայությունը սահմաններ չունի:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ