Պետգույքի կառավարման վարչությունը վերջնագիր է ներկայացրել «Հայէկոնոմբանկին»

Պետգույքի կառավարման վարչությունը  վերջնագիր է ներկայացրել «Հայէկոնոմբանկին»

«Հայէկոնոմբանկի» Արտաշատի մասնաճյուղի գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ ոչ մի կերպ չեն ցրվում: Մասնաճյուղը կարող է կորցնել Աթարբեկյան 135/2 հասցեում գտնվող տարածքը, որը վարձակալում է 1993 թվականից: Ըստ շրջանառվող լուրերի, այն «լավության կարգով» խոստացել են վաճառել այլ անձանց, իսկ խոստացողն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որը, սակայն, հերքում է տեղեկությունը: Համենայնդեպս փաստ է, որ գործարքի հետեւում Արտաշատում մեծ ազդեցություն վայելող անձնավորությունն է, որն այնքան հզոր է, որ կարողանում է ներազդել նաեւ պետական կառույցների՝ Պետգույքի կառավարման վարչության եւ Ազգային վիճակագրական ծառայության վրա: Վերջիններս ամեն հնարք բանեցնում են հայտնի գործարարներ Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկից» տարածքը խլելու համար: Այդպես, օրինակ, Պետգույքի կառավարման վարչությունը բանկին վերջնագիր է ներկայացրել՝ կամ վաղաժամկետ լուծման վերաբերյալ կետ մտցնել նոր պայմանագրում, կամ էլ վարձակալության պայմանագիր պարզապես չի կնքվելու: Բանկի ղեկավարությունն էլ բողոք է ներկայացրել կառավարություն, քանի որ, նման պահանջ ներկայացնելով, Պետգույքի կառավարման վարչությունը խախտում է վարձակալության վերաբերյալ օրենքով սահմանված վարձակալի իրավունքները: Պետգույքի կառավարման վարչության  պետ Արման Սահակյանի հետ երկար-բարակ բանակցություններից հետո բանկը հասել է նրան, որ պայմանագրում վաղաժամկետ լուծման եւ տարածքը երկու ամսում ազատելու մասին դրույթ ավելացնելու պահանջը հանվել է, փոխարենը նորն է դրվել՝ չմասնակցել սեփականաշնորհման հետագա գործընթացներին: Բանկի ղեկավարությունը ստեղծված իրավիճակից ելքը գտել է՝ առաջարկելով շենքն ամբողջությամբ գնել պետությունից: «Մենք գրեցինք կառավարությանը, վարչապետին, որ եթե գնորդ կա, մենք էլ ենք գնորդ, եւ քանի որ մենք 20 տարի վարձակալում ենք, այդքան ներդրումներ ենք արել, վերանորոգումներ, եւ բնակչությունն էլ այդ տեղին սովոր է, մենք պատրաստ ենք գնել ամբողջ շենքը խելամիտ գնով: Հիմա էլ մեզ պատասխանել են, որ չենք սեփականաշնորհում, քանի որ վիճծառայությունը նպատակներ ունի հետագայում ընդլայնվելու»,- պատմում է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Արմեն Նալջյանը: Հարց է ծագում. եթե տարածքը չի սեփականաշնորհվում, ինչո՞ւ է բանկից պահանջվում չմասնակցել սեփականաշնորհման գործընթացներին: Մենք այս հարցն ուղղեցինք Պետգույքի կառավարման վարչություն եւ հետաքրքիր պատասխան ստացանք: Մամուլի պատասխանատու Մարգարիտ Սարգսյանը ժխտեց, որ իրենք «Հայէկոնոմբանկից» պահանջել են չմասնակցել սեփականաշնորհման գործընթացներին: «Նման ձեւակերպում չի եղել եւ չի կարող լինել: Ուղղակի պատասխանել ենք, որ տարածքը չի մասնավորեցվում: Իսկ եթե շենքը դրվի մասնավորեցման, օտարման, ապա «Հայէկոնոմբանկը» կարող է մյուս հավակնորդների հետ մասնակցել գործընթացին: «Հայէկոնոմբանկին» պայմանագրային կետ ենք առաջարկել, որ եթե պետք լինի, տարածքն ազատեն: Այս կետը կապված է վիճծառայության պահանջների հետ: Եթե վաղը վիճծառայությունը հայտ ներկայացնի, որ իրեն պետք է ընդլայնել տարածքը, ապա մենք պետք է նրանց ապահովենք: Ուղղակի նոր պայմանագիր ենք կնքում, որն ավելի ճկուն պայմաններ է ենթադրում»: «Հայէկոնոմբանկում», սակայն, վստահեցնում են, որ հակաօրինական պահանջը՝ չմասնակցել սեփականաշնորհման գործընթացին, այնուամենայնիվ, բանկի ղեկավարությանը ներկայացվել է, եւ եթե առաջիկայում էլ Պետգույքի կառավարման վարչությունը ձգձգի վարձակալության պայմանագրի ստորագրումը, բանկն ստիպված կլինի դիմել դատարան: 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ