Զոհված ազատամարտիկների հիշատակի հուշարձան` Տոնաշենում

Զոհված ազատամարտիկների հիշատակի հուշարձան` Տոնաշենում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի,  պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի, տոնաշենցիների ու հյուրերի մասնակցությամբ Մարտակերտի Տոնաշեն գյուղում բացվել է Երկրորդ աշխարհամարտի եւ արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ հանուն Մեծ եւ Փոքր հայրենիքների փրկության իրենց կյանքը նվիրաբերած տոնաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Տոնաշենցիների հիշողության մեջ ամրագրված է նվիրյալներից յուրաքանչյուրի անունը եւ այն, որ նրանց անձնազոհության, հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սիրո եւ նվիրվածության շնորհիվ հնարավոր եղավ հաղթանակը: 



«Մեր տղաների թափած արյան ամեն մի կաթիլը պետք է ըստ արժանվույն գնահատենք ու հարգանքով վերաբերվենք, որպեսզի հայրենիքը կարողանանք ժառանգել մեր սերունդներին, որպեսզի նրանք էլ կարողանան դասեր քաղել»,- իր խոսքում նշեց բարերար Սերժիկ Հայրիյանը: ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի խոսքով էլ, այս հուշարձանի բացումը նաեւ հենք պիտի հանդիսանա հետագա խնդիրների լուծման համար: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանի եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն, Հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանը: Նրա խոսքով, այսօր համայն արցախահայության սրտին ու մտքին այնքան թանկ այս տեղանվան արմատներին համահունչ տոն է նշանավոր պատմական շենում: «Բացվող հուշարձանը մեկընդմիշտ նվիրագործում է 21 տարի առաջ անմահացած Լեոնիդ Ազգալդյանի կարգախոսը՝ «Սա Հայաստան է եւ վերջ»: Այն յուրովի ամբողջացնում է նաեւ անցյալ տարի, մեր համեստ ջանքերով տեղադրված համապատասխան հուշատախտակի խորհուրդը»,- ասաց Վլ. Պողոսյանը:



Ի դեպ, անցյալ տարի հոկտեմբերին էլ Արցախյան պատերազմի նվիրյալ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 70-ամյակի առիթով Մատաղիս-Տոնաշեն տանող ճանապարհի այն հատվածում, որտեղ զոհվել էր լեգենդար հրամանատարը, կանգնեցվել էր հուշաքար: 



 



Մարինե ՆԱԶԱՐՅԱՆ