Զգույշ վարվենք բառերի հետ

Զգույշ վարվենք բառերի հետ










Հիրավի, միշտ այնտեղ, որտեղ պակասում  են խելացի  փաստարկները, դրանց փոխարինում է գոռգոռոցը:                                                                                                                              



(Լեոնարդո դա Վինչի)     



 



Վերջերս թերթերից մեկում կարդացի մի հոդված, որն ինձ մտահոգեց որպես լրագրողի: Հաճախ եմ անդրադարձել չկայացած դատական համակարգի եւ նախաքննության մարմինների աճպարարություններին:



Եղել են դեպքեր, երբ քաղաքացին դիմել է ինձ եւ դժգոհել, որ այսինչ դատավորն անօրինական դատական ակտ է կայացրել, որ կաշառակեր է, եւ այլն, եւ այլն: Բայց ես իրավունք չեմ վերապահել ինձ գրել այդ մասին, քանի որ փաստեր չեմ ունեցել: Հոդվածի հեղինակը, լսելով միայն մի կողմին, ոչինչ չի խնայել Աիդա Հովհաննիսյան դատավորին սեւացնելու համար: Գրել է, թե «քցել» է Նունե Մկրտչյանին եւ տնից դուրս չի գալիս… Գուցե ճշտեր, թե ինչու դատավորը դուրս չի գալիս տնից, գուցե լսեր նրան, նոր գրեր:



Հոկտեմբերի 10-ին Աիդա Հովհաննիսյանին տեսել եմ վերաքննիչ դատարանում` ձեռքը գիպսի մեջ: Իմ հարցին, թե ինչ է պատահել, պատասխանեց, որ ուժեղ գլխապտույտ է ունեցել, որի պատճառով ընկել, ձեռքը կոտրել է եւ հիվանդանոցում պառկած է եղել: Հոդվածագիրն ինչո՞ւ է այդքան շտապել՝ առանց մյուս կողմին լսելու, չսպասելով իր վկայակոչած դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուն, «հեղինակավոր» կարծիք է հայտնել`  Ա. Հովհաննիսյանի 30 տարվա աշխատանքը որակելով «քցող» արտահայտությամբ: Ո՞վ է տվել իրավունք մարդուն վիրավորելու, զրպարտելու, որի պատճառով Ա. Հովհաննիսյանը հայտնվել է հիվանդանոցում: Հիշեցնեմ հոդվածագրին, որ վիճելի բնակարանից (Օրբելու 6) Ա. Հովհաննիսյանի դուրս գալու ժամկետը մինչեւ հոկտեմբերի 20-ն է, եւ վնասված ձեռքն է պատճառը, որ տունն ամբողջությամբ չի դատարկել: Ի դեպ, հիշյալ բնակարանը վաճառել է ոչ թե Ա. Հովհաննիսյանը, այլ նրա հանգուցյալ ամուսինը:



Պե՞տք էր արդյոք առանց փաստերի գրել…



 



Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 



փաստաբան-լրագրող