Էռնեկյանը խաբեց վարչապետին

Էռնեկյանը խաբեց վարչապետին

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը չի փոխանցել կառավարության թիվ 2 մասնաշենքի համար ողջ գումարը։ Նա այս շենքի գնորդն է, ինչպես նաեւ՝ սույն շենքի նկուղում գտնվող «Արարատ» ռեստորանի։ Շենքի դիմաց հերթական վճարումը՝ 3 մլն դոլարը, Էռնեկյանը պետք է վճարեր մարտ ամսին, սակայն ուշացրել է։ Անցյալ շաբաթ, երբ կառավարությունում քննարկվում էր ժամկետի հետաձգման հարցը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը զարմացավ, ասելով․ «Բայց Էռնեկյանի հետ պայմանավորվել էինք, որ պետք է այս շաբաթ վճարեր»։ Ինչին Պետ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով զեկուցում էր այս հարցի շուրջ, պատասխանեց, որ գուցեեւ գումարը փոխանցվել է։ Այնուամենայնիվ, կառավարությունը հետաձգեց վճարումը մինչեւ հուլիսի 1-ը։ Երեկ վարչությունից տեղեկացանք, որ կառավարության որոշման՝ ուժի մեջ մտնելուն պես գումարը պետք է փոխանցվի սահմանված ժամկետում, այսինքն՝ մինչեւ հուլիսի 1-ը։ Ստացվում է, որ Էռնեկյանը վարչապետին մոլորության մեջ է գցել, ասելով, որ մինչեւ անցյալ շաբաթվա վերջ գումարը կտա։ Հիշեցնենք, 2014թ․-ին կառավարությունն օտարել էր կառավարության թիվ 2 մասնաշենքի նկուղային եւ առաջին հարկերը «Տանգո» ընկերությանը: «Արարատ» ռեստորանի համար նա պարտավորվել էր 10 բանկային օրվա ընթացքում 1 միլիոն դոլարի կանխավճար տալ։ Մինչ օրս Էռնեկյանը թիվ 2 կառավարական շենքի համար վճարել է 4 մլն դոլար։