Երբ վերևները հասկացել են, իսկ ներքևներն անտարբեր են

Երբ վերևները հասկացել են, իսկ ներքևներն անտարբեր են

Եթե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթաց է սկսել իր եւ ՀՀԿ-ի իշխանությունը հավերժացնելու նպատակով, ինչպես պնդում են բարեփոխումների հակառակորդները, ապա նա, առնվազն, Հայաստանի թշնամին է եւ երկիրը միտումնավոր տանում է կործանման:



Մենք մի փոքր այլ կարծիքի ենք այս հարցում: Մեզ թվում է՝ Սերժ Սարգսյանը փորձում է, ընդհակառակը, հնարավորինս թուլացնել իշխանության գերկենտրոնացվածությունը՝ երկրի կառավարման ու քաղաքական որոշումների կայացման հնարավորություն տալով շատ ավելի մեծ թվով քաղաքական ուժերի:
Այս օրերին պարբերաբար տեսակետներ են հնչում, որ սահմանադրական բարեփոխումներն անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ ղեկավարի դերում եւ, որպես մեծամասնություն ունեցող ուժի առաջնորդ, կշարունակի միանձնյա ղեկավարել երկիրը: Սրա մեջ տրամաբանություն կա, իհարկե, բայց սա ընդամենը տարբերակներից մեկն է, կասեինք՝ ամենավատ տարբերակը, որ կարող է ընտրել Սերժ Սարգսյանը՝ երկրի ապագայի իմաստով: Կրկնում եմ՝ չեմ կարծում, որ նա Հայաստանի թշնամին է եւ որոշել է երկիրը կործանել:



Եթե սահմանադրական բարեփոխումների հակառակորդները (իրականում նրանք հակառակորդներ էլ չեն, այլ ալարկոտ նվնվաններ) մտածում են, որ հեռացող նախագահը փորձում է մնալ իշխանության գագաթին եւ միանձնյա ղեկավարել երկիրը, ապա պարտավոր են խոստովանել, որ վերանկախության շրջանում Հայաստանի նախագահները միանձնյա իշխանություն չեն ունեցել, եւ մեզանում վերից վար եւ ձախից աջ քաղաքական հանդուրժողականություն է եղել անխտիր բոլոր ուժերի եւ իշխանությունների հարաբերություններում: Նման բան, իհարկե, ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ Հայաստանում ողջ իշխանությունը միշտ եղել է նախագահի եւ նրան սատարող քաղաքական ուժի ձեռքում: Ժամանակի ընթացքում ՀՀԿ-ի քմահաճույքով ձեւավորված կոալիցիաներն ընդամենը շղարշ են եղել, որով փորձել են քողարկել երկրում հաստատված մենիշխանությունը:



ՀՀԿ ԳՄ նիստի օրը ՀՀ ողջ մասմեդիան թափվում է Մելիք-Ադամյան փողոց, որպեսզի իմանա, թե ինչ է խոսվել ու քննարկվել այդ նիստում: Սա, մի կողմից, բացատրելի է, իհարկե, սակայն անհասկանալի է այն ուժերի պահվածքը, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին, բայց շատ հանգիստ են նայում այս երեւույթին, ասես այդպես էլ պետք է լիներ, ու պետք է մեկնաբանվեին բացառապես ՀՀԿ նիստերը: Սա նշան չէ՞, արդյոք, այն բանի, որ բոլորի համար էլ պարզ է, թե որտեղ են կայացվում երկրի համար կարեւոր որոշումները: Կանոնավոր նիստեր գումարում են շատ կուսակցությունների ղեկավար մարմիններ, բայց ԶԼՄ-ների համար դրանք հետաքրքիր չեն, որովհետեւ այդ կուսակցություններն ինքնին զրոյական դերակատարում ունեն քաղաքական դաշտում: Սրանից ավելի իր ձեռքում իշխանության գերկենտրոնացման ի՞նչ մակարդակ է փորձում ապահովել Սերժ Սարգսյանը, որից այդպես զգուշանում են բարեփոխումների հակառակորդները:



Այն, որ սահմանադրական բարեփոխումները ենթադրում են շատ ավելի մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցություն իշխանության ձեւավորմանը եւ նպաստում ՀՀԿ-ի թանձր մենիշխանության նոսրացմանը, միանշանակ է: Խոսքն իրական եւ կայուն կոալիցիայի ստեղծման մասին է եւ այն հնարավորության, որ ընդդիմությունը, վերջին հաշվով, կարող է միավորվել եւ, իր ձայների քանակը մեկտեղելով, հաղթել 50+1 տոկոս ձայն չունեցող ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում եւ ՀՀԿ-ին: Ունա՞կ է մեր ընդդիմությունը ՀՀԿ-ին խանգարել, 50+1 տոկոս ձայն ապահովել: Եթե այո, ապա, խնդրեմ, ընդդիմությանը տրվել է տասնամյակների ընթացքում արմատակալած մազոխիզմից հրաժարվելու եւ իշխանափոխություն կատարելու ռեալ շանսը:



Հարց կարող է առաջանալ՝ իսկ ինչո՞ւ է այդպիսի շանս տրվում մյուս քաղաքական ուժերին: Շատ պարզ մի պատճառով: Կարծում ենք՝ Հայաստանում արդեն շատերն են հասկացել, որ այսպես շարունակել այլեւս չի կարելի: ՀՀԿ-ի մենիշխանությունն ու կառավարման այս համակարգն սպառել են իրենց: Շատ ավելի հայտնի խոսքով՝ վերեւները հասկացել են, որ այլեւս չեն կարող իշխել հին ձեւով, երկիրն ու ժողովուրդն այլեւս ռեսուրսներ չունեն եւս 10 տարի գոյատեւել արտաքնապես ամուր, բայց ներսից փտած այս համակարգի պայմաններում:



Մնում է, որ նույնը հասկանան նաեւ ընդդիմադիր ուժերը, որոնց խնդիրն է ներքեւներին կազմակերպելը եւ այդ ճանապարհով նոր, առավել կենսունակ իշխանական համակարգ ձեւավորելը:
Հակառակը, երբ վերեւները հասկացել են, որ չեն կարողանում հին ձեւով իշխել, իսկ ներքեւները ոչինչ չեն ուզում փոխել, պարզապես ծիծաղելի է: Հասարակությունն ուղղակի իրավունք չունի անտարբեր լինել իր իսկ ճակատագրի հանդեպ, մինչդեռ հենց դրան են դրդում նրան սահմանադրական բարեփոխումների հակառակորդները: