Ինչպես է ծնվում ռուսաֆոբիան

Ինչպես է ծնվում ռուսաֆոբիան

Կարծում եմ՝ վեճ չկա այն հարցում, որ Հայաստանում խորքային և ծավալուն ռուսաֆոբիա գոյություն չունի: Ինչով ասես՝ կարելի է բացատրել դա՝ դարավոր բարեկամությամբ, ԽՍՀՄ 70-ամյա պատմությամբ կամ կրոնական ոչ մեծ տարբերություններով: Այդ ամենին կարելի է ավելացնել նաև Ռուսաստանի հայկական սփյուռքը, որ աշխարհում ամենամեծն է, Հայոց բանակի զենքը, հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը, Ռուսաստանի՝ մեզ համար միակ արտաքին շուկա լինելու հանգամանքը, և պարզ կդառնա, թե ինչու Հայաստանում և Արցախում առանձնահատուկ վերաբերմունք կա Ռուսաստանի հանդեպ: Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքին պատուհասած ողբերգությունը անգամ ռուսատյացության ֆոն չձևավորեց Հայաստանում: Սա, անշուշտ, ինչ-որ բանի մասին է խոսում:



Հայաստանում և նրա սահմաններից դուրս, սակայն, կան առանձին խմբեր ու անհատներ, որոնք գիտակցաբար, երբեմն նաև առանց գիտակցելու, նպաստում են Հայաստանում ռուսաֆոբիայի առաջացմանը: Մի հետաքրքիր զուգադիպությամբ, սակայն, Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանը նպաստում են ոչ թե արևմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները, այլ ռուսամետության ավելորդ դոզա ունեցողները որոնց մենք պայմանականորեն ռուսալեզ սրիկաներ ենք անվանում:
Ռուսալեզների տարբերությունը ռուսամետներից այն է, որ ռուսալեզները հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն պատկերացնում հավասարը-հավասարի և Հայաստանի շահը միշտ պայմանավորում են Ռուսաստանի շահերով՝ դիտարկելով այն Ռուսաստանի շահերի շրջագծում: Կրեմլին ցուցաբերած սրանց ծառայություններից էլ լայնորեն օգտվում են Կիսելյովներն ու նրա նմանները, ովքեր իրենց վարքով ավելի են բորբոքում հակառուսականությունը Հայաստանում: Կեղտոտ ձեռքերով դիպչում են մեր լեզվին, անկախությանը, մշակութային արժեքներին, ազգային արժանապատվությանը, ինչը հակակրանքից բացի ոչ մի ուրիշ զգացում չի առաջացնում ստրատեգիական բարեկամի հանդեպ: Իսկ ամենազզվելին այն է, որ նրանց այդ վարքի պատճառը հայ ռուսալեզ հորթերն են, որ հաճույքով են մասնակցում կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող զանազան հայ-ռուսական կլուբների աշխատանքներին՝ ցուցադրելով իրենց ստրկական հոգեբանությունն ու ռուսապաշտությունը: Արժե՞ թվարկել նրանց: Նրանք նախագահի ձեռքից մեդալ են ստանում, նախագահը նրանց գրքերի շնորհանդեսին է գնում, Նրանք, ԱԺ ամբիոնը գրակած, օրնիբուն ռուսալեզություն են քարոզում:



Նրանցից մեկը՝ ԱԺ-ի, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի մեդալների կավալեր, Ռուսաստանի ինչ-որ ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ով նաև «Պուտին» ակումբների (Պուտինկաների) հիմնադիրն էր Հայաստանում, օրերս հանդես է եկել «ուշագրավ» հայտարարություն-առաջարկով: Նրա խոսքով՝ սարերի հետևում չէ ապագան, երբ Ռուսաստանի Դաշնությունը կվերածվի կայսրության, իսկ Հայաստանը պետք է այդ կայսրության մաս կազմի: Ինչպես տեսնում եք, Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրենը բառիս բուն իմաստով տգետի մեկն է և կույր նույնիսկ աչոք, որովհետև չի նկատել իր աչքի առաջ տեղի ունեցած և տեղի ունեցող կայսրությունների փլուզումը՝ ԽՍՀՄ, Հարավսլավիա, Ադրբեջան, Վրաստան, այսօր արդեն՝ Թուրքիա: Բնականաբար, Ռուսաստանում էլ են նկատել, որ սա ուրիշ տեղով է մտածում, երբ առաջարկում է կայսրությունների փլուզման դարաշրջանում Ռուսական կայսրություն վերականգնել, բայց, անշուշտ, նրանց հաճելի է լսել հայ ռուսալեզ սրիկայի բարբաջանքը:



«Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է, և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, և որևէ անհատ չէ, որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը. դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չէ, և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի՚: Եվ այս խոսքերը ասվում են մի ժողովրդի հասցեին, որ չնայած ավերիչ երկրաշարժի պատճառած սոսկումներին, Ղարաբաղում ծայր առած ազգային ազատագրական շարժման դժվարություններին, դատարկ խանութներին, ուրվագծվող խավարին ու ցրտին, 90 տոկոսով «Այո» ասաց իր անկախությանը, թեև շատ ավելի հեշտ կլիներ հենց այն ժամանակ մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Մարդ որքա՞ն պետք է ապուշ կամ ռուսալեզ լինի, որ այսքան բան իմանալով՝ հայտարարի, թե ինքը վստահ է, որ Հայաստանը ձյների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ: Հայաստանում և Արցախում անկախության սերունդն արդեն 25 տարեկան է. ո՞ւմ վրա է դրել հույսը այս ողորմելին:



Օ՜, բայց ինչո՞ւ ողորմելի…



Հայաստանում ընդունված է նմանների կուրծքը մեդալներով զարդարել: Ասացեք, խնդրեմ, սակայն, Անդրանիկ Նիկողոսյանին մեդալ տվող ՀՀ ԱԺ նախագահը ինչո՞վ է տարբերվում առաջին հայ տիեզերագնացին գրկող ու համբուրող ՀՀ սփյուռքի նախարարից: Ժամանակը չէ՞, արդյոք, որ իր անկախության 25-ամյակը ոտք դնող երկիրը սրբագրի թյուրիմացությունները և արժևորի այն ամենը, որ ձեռք է բերվել այդ 25 տարիների ընթացքում՝ իր ժողովրդի զրկանքների ու մաքառումի, պայքարի ու թափած արյան շնորհիվ:



Այն էլ ասենք, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շատ մեղմ առաջարկ է արել՝ պահանջելով Անդրանիկ Նիկողոսյանից հետ վերցնել ԱԺ Պատվո մեդալը: Նորմալ երկրներում սրա նման ոչխարներին «բառան նոն գրատա» են հայտարարում: